Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին» քննարկում Մեդիա կենտրոնում

 

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է:

Մեդիա կենտրոնում փետրվարի 24-ին անցկացվեց «Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին» թեմայով քննարկում։

Քննարկումն անցկացվեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. Հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:

«Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ դատապարտյալներն իրավունք ստացան անվճար հանրակրթության՝ առանց տարիքային սահմանափակման։  «Սա պատմական   իրադարձություն կարող ենք համարել՝ հաշվի առնելով, որ 2015-2019 թվականներին անգամ անչափահասների հանրակրթություն չկար քրեակատորղական հիմնարկներում։ Ուսումնական ծրագրեր մշակվեցին։ 2022-ի սեպտեմբերի մեկից վեց ՔԿՀ-ներում՝ Արմավիր, Աբովյան, Նուբարաշեն, Սևան, Արթիկ և Վանաձոր ՔԿՀ-ներում մեկնարկեց ծրագիրը․ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտալները, ում պատժին մնացել է մեկ տարի և ավելի, կարող էին իրենց կրթական իրավունքը իրացնել պետության հաշվին»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների ընտրությունը պայմանավորված էր իրենց իսկ դիմումների առկայությամբ։ Իրականացվել են նախնական կրթական հարցումներ։ «Մինչ ծրագրի մեկնարկը կար 306 դատապարտյալ, որոնք ունեին հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու կարիք: Այսինքն՝ 306 դատապարտյալ պետք է իրացներ իր կրթության իրավունքը»,- մանրամասնեց Հասմիկ Հովակիմյանը։ Նրա խոսքով, ծրագրի հիմնական նպատակը ոչ միայն կրթության իրավունքի իրացումն է, այլև անհատներին հասարակությանը ինտեգրվելու և հանրային անվտանգությանը նպաստելու նախապատրաստումը: «Անհատներին հասարակությունն ավելի անվտանգ դարձնելու հնարավորություն տալով՝ մենք նպատակ ունենք նվազեցնել կրկնահանցագործության ռիսկը»։ Այս տարի ծրագրին դիմել և մասնակցել է 120 դատապարտյալ։

«Նոր սերունդ» ՀԿ-ն օրենսդրական փոփոխությունից հետո հետազոտություն է կատարել հանրակրթական ծրագրերի արդյունավետության վերաբերյալ․ մի շարք խնդիրներ են արձանագրվել։ ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանի կարծիքով՝ որոշ խնդիրներ ազդեցություն են ունեցել դատապարտյալների ուսումը դադարեցնելու վրա. դրանցից մեկը նույն դասարանում տարբեր կրթական մակարդակներ ունեցող և տարբեր տարիքի անձանց սովորելն էր: Նրա խոսքով՝ կրթական գործընթացին մասնակցելու խոչընդոտներ եղել են նաև աշխատող դատապարտյալների դեպքում, որոնց երբեմն փորձել են ընդառաջել՝ հարմարեցնելով նրանց աշխատանքային գրաֆիկը ուսմանը:

Միաժամանակ Շուշան Խնկոյանը կարևորեց, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրել են միջազգային փորձը և վստահաբար կարող են ասել, որ Հայաստանում իրականացվող ծրագիրը շատ դրական ազդեցության ներուժ ունի։ Դա պայմանավորված է նրանով, որ ծրագիրը տարիքային սահմանափակում չի դնում, և այն ֆինանսավորվում է պետության կողմից։ Բացի այդ, նա նշեց, որ հուսադրող է, որ հետազոտության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ եղել է երկխոսություն պատկան մարմինների հետ, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։

Հասմիկ Հովակիմյանի տեղեկացմամբ՝ քննությունները սկսվել են փետրվարի 24-ին, ավարտական ​​քննությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 24 դատապարտյալ՝ համապատասխան վկայականներ ստանալու համար։ Քննություններն անցկացվում են «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում։ «2022-2023 կրթական ծրագրի մասնակիցներից էքստեռն ավարտական ​​պետական ​​քննություններին մասնակցել են 37-ը, որոնցից 31-ը ստացել են հիմնական և միջնակարգ կրթության վկայականներ»։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական հարցերի վարչության պետ Ցողիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ աշխատում են հնարավորություններ ընձեռել հանրակրթությունից բաց թողածներին։ «Հետագայում մենք ունենք դեպքեր, երբ հանրակրթությունն ավարտած և միջնակարգ կրթության վկայական ունեցող անձինք քայլեր են ձեռնարկում բարձրագույն կրթություն ստանալու ուղղությամբ, ինչը մեզ համար շատ հուսադրող է։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Հեռ՝ +374 99 755 898

Էլ փոստի հասցե՝ [email protected] | [email protected]

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend