Բենզինի շուկայում տարիներ շարունակ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պահպանում են իրենց մասնաբաժինները
- June 17, 2020
- Category: Ստուգված նյութեր
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացված են։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ 2018-ին հանրությանը տեղեկացրեց լայն սպառման մի շարք ապրանքների շուկայում մասնակիցների ավելացման մասին, ինչը, հանձնաժողովի դիտարկումներով, հանգեցրել է գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինների նվազեցմանը:
2018-ի հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՏՄՊՊՀ այն ժամանակ նախագահ Արտակ Շաբոյանը, անդրադառնալով բենզինի ոլորտին՝ տեղեկացրել էր, որ այստեղ գործում են 3-4 խոշոր ընկերություններ, և ներկա դրությամբ որևէ արգելք չկա, ու ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում:
2018-ի հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ, անդրադառնալով բենզինի շուկային, հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։ Նա նաև հավելեց՝ սպասվում է, որ մոտ ապագայում այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։ Մինչ այժմ, սակայն, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մնում է զուտ հայտարարություն. «Միկա» ընկերության բենզալցակայանները դեռ տնօրինման չեն տրվել։
Բենզինի շուկայում նոր խաղացողների հնարավոր հայտնվելու մասին հայտարարությունները շարունակվեցին նաև 2019-ին։ Այդ մասին հայտարարեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ո՞ր ընկերություններն են ներմուծում բենզին Հայաստան
Ճշտելու համար, թե 2017-2019 թթ. ընթացքում որ ընկերություններն են բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն, դիմեցինք ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Տեղեկացանք, որ ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա տվյալների՝ 2017 թվականին ՀՀ բենզին է ներկրել չորս կազմակերպություն, 2018 թվականին՝ վեց կազմակերպություն, իսկ 2019 թվականին՝ հինգ կազմակերպություն: 2017-2019 թթ. ընթացքում ՀՀ բենզին ներմուծած կազմակերպությունների անվանումները ներկայացնում ենք ստորև.
«ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ները՝ կրկին գերիշխող դիրքում
Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-ին բենզին ներմուծած կազմակերպություներն են եղել «ԷՅ ԲԻ ԷՔՍՊՈՐՏ», «ՖԼԵՇ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ները և «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն։ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն պատկանում է Բարսեղ Բեգլարյանին: 2016 թվականին հիմնադրված «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ» ընկերության գլխավոր տնօրենը Պատրիկ Աճեմյանն է, իսկ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի հիմնադիրը Աշոտ Սալազարյանն է:
Որպես «ԷՅ ԲԻ ԷՔՍՊՈՐՏ»-ի հիմնադիր պետական ռեգիտրում նշվում է Արման Ղազարյանի անունը, սակայն մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին։
2019 թվականի մարտի 22-ին «Իրատես» թերթը հրապարակման մեջ գրել էր, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, և տեղեկացրել էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն։ Նույն օրը, ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցին, Վանեցյանը հերքել էր այդ տեղեկությունը։ 2020 թ. փետրվարի 6-ին, սակայն, ԱԱԾ արդեն նախկին տնօրենը, տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հրապարակած լրագրողական տեսանյութին, որտեղ նշվել էր, թե 2019-ին Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը՝ «ԷՅ ԲԻ ԷՔՍՊՈՐՏ»-ը, դուրս է եկել բենզինի շուկայից։ Վանեցյանը հայտարարել է. «2018թ. մայիսին, երբ ես նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, հայրս նավթամթերքի ներկրմամբ զբաղվող այդ ընկերությունում ուներ որոշակի փայաբաժին: Որպեսզի շահարկումներից հեռու մնանք, ես խնդրել եմ հորս, որ այդ ընկերությունը վաճառի ու դուրս գա: Դուրս է եկել»։
ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2018-ին բենզին ներկրող ընկերությունների ցանկին ավելացել են նոր ներկրողներ՝ «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՕՅԼ» և «ՌՈՒՍՆԵՖՏ ԷՔՍՊՈՐՏ»: Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՕՅԼ» ՍՊԸ-ն գրանցվել է 2018-ին, որպես հիմնադիր նշված է Աղասի Մանուկյանի անունը: Որպես «ՌՈՒՍՆԵՖՏ ԷՔՍՊՈՐՏ» ՍՊԸ-ի հիմնադիր նշված է Աշոտ Սալազարյանի՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի հիմնադրի անունը:
Ովքե՞ր էին բենզինի շուկայի «նոր» խաղացողները 2019-ին
2019-ին բենզին ներկրողների ցանկը լքել են «ՌՈՒՍՆԵՖՏ ԷՔՍՊՈՐՏ»-ը և «ԷՅ ԲԻ ԷՔՍՊՈՐՏ»-ը: Փոխարենը բենզինի շուկայում ավելացել է նոր խաղացող՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն: Թեև տարիներ շարունակ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ն զբաղեցրել է գերիշխող դիրք բենզինի շուկայում, այնուամենայնիվ, 2019 թվականին բենզինի շուկայում հայտնվում է գրեթե նույնանուն մեկ այլ ընկերություն: Որպես հիմնադիր՝ պետական ռեգիստրում կրկին նշված է Աշոտ Սալազարյանի անունը։ Նշենք նաև, որ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի գրանցման տարեթիվը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշվում է 2017 թվականը (21.08.2017թ.):
ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ 2017-ին, երբ բենզինի շուկայում գործել է չորս տնտեսվարող սուբյեկտ, «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն զբաղեցրել է շուկայի 42.8%-ը, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ն՝ 46.6%-ը: 2018-ին, երբ բենզին ներկրող ընկերությունների թիվն ավելացել է 2-ով, «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի մասնաբաժինը նվազել է, դարձել 29.1%, իսկ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ-ի մասնաբաժին աճել է՝ դառնալով 50.6%:
«Հայաստան բենզին հիմնական ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որի միջոցով ՌԴ-ից Հայաստան քվոտավորված բենզին է ներկրվում: «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունից հայկական երեք ընկերությունները՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ը, «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»-ը և «ՖԼԵՇ»-ը, ձեռք են բերում այդ բենզինը և Սադախլոյից տեղափոխում Երևան»,- ամփոփելով 2019 թվականը նշել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հավելել, որ շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ը, սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում երեք ընկերություններն էլ համարվել են գերիշխող դիրք ունեցող (գերիշխող են համարվում տնտեսական շուկայում 33+% և ավելի մասնաբաժին ունեցողները): Նշված երեք ընկերություններից ամենափոքր մասնաբաժինն ունի «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»-ը:
2020 թվականին ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ բենզինի շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ, ինչպես նաև շուկայական իշխանություն ունեցող մասնակիցներ:
Բենզինի գինը բարձրացել է. ՀՀ-ում 2017-2019 թվականների բենզինի գնային փոփոխությունները
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները փաստում են, որ 2019 թվականին 1լ բենզինի միջին տարեկան գինը 2018 թվականի համեմատ նվազել է, բայց 2017 թվականի գնի համեմատ բենզինի թանկացումը պահպանվում է:
2017թ. |
2018թ. |
2019թ. |
|
Բենզինի ներմուծումը,
տոննա |
142 213.3 |
138 553.0 |
175 464.2 |
1լ բենզինի միջին տարեկան
գինը, դրամ |
321.3 |
382.1 |
337.2 |
Ըստ ՏՄՊՊՀ տարեկան հաշվետվությունների՝ 2017 և 2018 թվականներին գնային համադրելի փոփոխություններ եղել են նաև բենզինի միջազգային շուկաներում, իսկ ՀՀ-ում բենզինի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող խոշոր ընկերությունների գործունեության ուսումնասիրության արդյունքում մրցակցային օրենսդրության խախտումներ չեն բացահայտվել:
Միաժամանակ, ՏՄՊՊՀ-ի հաշվետվության համաձայն՝ 2017 թվականին ամբողջ տարվա ընթացքում բենզինի գները ունեցել են բարձրացման միտումներ: Այս կապակցությամբ հանձնաժողովի կողմից դիտարկվել են բենզին ներմուծող ընկերությունների ձեռքբերման գները, առկա պաշարների մնացորդային արժեքը, բենզինի մնացորդային գները և այլ ցուցանիշներ, որի արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցած գնային փոփոխությունները պայմանավորված են եղել բենզինի ձեռքբերման գների փոփոխություններով: Մասնավորապես, բենզինի իրացման գները տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 80 դրամով՝ 2017 թվականի հունվար ամսվա 330 դրամից նույն տարվա դեկտեմբերին դառնալով 410 դրամ, որն ամբողջությամբ պայմանավորված է եղել ընկերությունների ձեռքբերման գների փոփոխություններով:
Աղբյուրը՝ ՏՄՊՊՀ
2018 թվականի տարեսկզբին գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից ռեգուլյար տեսակի բենզինի իրացման գները հունվար ամսվա 434 դրամից նույն տարվա դեկտեմբերին նվազել, դարձել են 420 դրամ, սակայն փետրվար-նոյեմբեր ամիսներին գինը եղել է բարձր՝ 450 դրամ: ՏՄՊՊՀ-ի կողմից դիտարկվել են բենզին ներմուծող ընկերությունների ձեռքբերման գները, առկա պաշարների մնացորդային արժեքները, բենզինի միջազգային գները և այլ ցուցանիշները, որի արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցած գնային փոփոխությունները պայմանավորված են եղել ռեգուլյար տեսակի բենզինի ձեռքբերման գների փոփոխություններով:
Աղբյուրը՝ ՏՄՊՊՀ
Անդրադառնալով 2019 թվականին բենզինի գնի փոփոխություններին՝ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ բենզինի վաճառքի գնի մեջ 95,5-95,7 տոկոսը կազմում են ուղղակի ծախսերը (տեղափոխում, ձեռքբերում), և այս կարևոր ինդիկատորն օգտագործելով՝ հանձնաժողովը, հետևելով բորսայական գների փոփոխություններին, կարող է հեշտությամբ բացահայտել գնի չհիմնավորված բարձրացումները կամ իջեցումները, և չարաշահումների դեպքում արձագանքը չի ուշանա:
Միլենա Մկրտչյան
Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղիանակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: