Նորություններ

ԲՀՀ – Հայաստանի ֆինանսավորմամբ մարդասիրական աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած ևս 3000 անձի

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը գործունեության ամբողջ ընթացքում աջակցել է հասարակության բոլոր խմբերի, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Պատերազմը և դրա հետևանքներն աղետալի իրավիճակ են ստեղծել հազարավոր քաղաքացիների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան առողջության, սեփականության ու գույքի իրավունքների ոտնահարման, նրանց համար որակյալ կրթության ու առողջապահության հասանելիության տեսանկյունից: Այս իրավիճակով պայմանավորված՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, այդ իրավունքների պաշտպանության աշխատանքներին զուգահեռ, շարունակում է աջակցել պատերազմի հետևանքով  տուժած Արցախի քաղաքացիական բնակչությանը՝ հայտարարելով մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման երկրորդ փուլի մեկնարկը:  Ի հավելումն ավելի վաղ հատկացված 210 հազար ԱՄՆ դոլար հումանիտար օգնության, Հիմնադրամը տրամադրում է ևս 130 հազար ԱՄՆ դոլար՝ Երևանում և ՀՀ մարզերում ապաստանած ընտանիքներին աջակցելու նպատակով:

Երկրորդ փուլով նախատեսված 8 ծրագրերը, որոնք Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնելու են հասարակական կազմակերպությունները, ընդգրկում են ավելի մեծ աշխարհագրություն՝ նպատակ ունենալով թիրախային օգնությունը հասցնել Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած ընտանիքներին: Ընդհանուր առմամբ, հումանիտար օգնության փաթեթները, որոնք ներառում են սնունդ, ձմեռային հագուստ, հիգիենայի միջոցներ, անկողնային և կենցաղային պարագաներ, նորածնի խնամքի միջոցներ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, կտրամադրվեն ավելի քան 3000 անձի: Այս աջակցության նպատակն է ձմռան ամիսների ընթացքում մեղմել պատերազմից տուժած ընտանիքների հոգսերը, ապահովել նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներով, ինչպես նաև նրանց տրամադրել սոցիալական, իրավական ու հոգեբանական աջակցություն:

Ներկայացնում ենք ծրագրերն ու դրանց իրականացման աշխարհագրությունն ըստ մարզերի.

  • «Երիտասարդական Ավանգարդ» հասարակական կազմակերպությունն Արմավիրի ու Արագածոտնի մարզերում բնակվող, պատերազմից տուժած 100 ընտանիքի կտրամադրի սննդի, հիգիենայի միջոցների փաթեթներ, ինչպես նաև՝ անվճար իրավական, սոցիալական ու հոգեբանական աջակցություն:
  • Սյունիքի մարզում գործող «Երիտասարդ Սյունիք» հասարակական կազմակերպությունը Կապանում, Քաջարանում և շրջակա համայնքներում հանգրվանած 100 ընտանիքի կհատկացնի պարենային օգնություն, իսկ Ամանորին ընդառաջ՝ տոնական փաթեթներ:
  • Գորիսի մամուլի ակումբը Գորիսում, Տեղ և Տաթև համայնքներում ապաստանած ավելի քան 1400 արցախցիների կտրամադրի սնունդ, տաք հագուստ, անկողնային և կենցաղային պարագաներ, ինչպես նաև Ամանորի համար նախատեսված փաթեթներ:
  • «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ն աջակցություն կտրամադրի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ապաստանած ավելի քան 600 անձի, ովքեր կստանան մեկ ամսվա համար նախատեսված սնունդ, ձմեռային հագուստ, անկողնային և կենցաղային պարագաներ և Ամանորի համար նախատեսված փաթեթներ:
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն Երևանում ու Լոռու մարզում գործող 8 հյուրատների, որոնք հյուրընկալել են արցախցի ընտանիքների, կտրամադրի աջակցություն՝ անձնակազմի ծախսերը հոգալու, ինչպես նաև հյուրընկալված ընտանիքներին սնունդ ու հիգիենայի պարագաներ տրամադրելու համար: Այս ծրագրի շրջանակում աջակցություն կստանա շուրջ 200 արցախցի:
  • «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը սնունդ կհատկացնի 500 ընտանիքի, ևս 180 անձ կստանան ձմեռային հագուստ ու կոշիկներ:  Օգնությունը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում բնակվող շահառուներին:
  • «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում հաստատված 150 մեծահասակների և երեխաների կտրամադրի անկողնային պարագաներ, ձմեռային հագուստ և կոշիկ:
  • «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը 100 ընտանիքի կտրամադրի մեկամսյա սննդի և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվություն շահառու կանանց և երեխաներին, որոնք բնակություն են հաստատել Գյումրիում, Արթիկում և Շիրակի մարզի այլ համայնքներում:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով, ԲՀՀ – Հայաստանի աջակցությունը չափազանց կարևոր է հումանիտար այս ճգնաժամի հետևանքները մեղմելու առումով: «Պատերազմի ընթացքում, արագ մոբիլիզացվելով, կարողացանք աջակցության ծրագրերի 1-ին փուլով օգնել Մարտունու տարածաշրջանում ապաստանած 400 մարդու՝ տրամադրելով մեկ ամվսա համար սնունդ, տաք նոր հագուստ, անկողնային ու գրենական պարագաներ: Արդեն երկրորդ փուլով՝ շուրջ 600 անձի կտրամադրենք Ամանորի համար անհրաժեշտ սննդի փաթեթներ, երեխաներին՝ մանկական նվեր-փաթեթներ, սպիտակեղեն, հիգիենայի միջոցներ և այն ամենը, ինչն այս պահին անհրաժեշտ է ընտանիքներին», – նշել է Անահիտ Գևորգյանը:

Գորիսի մամուլի ակումբի ղեկավար Սուսաննա Շահնազարյանի խոսքով, վերջին 30 տարում Սյունիքն արդեն երկրորդ անգամ է ընդունում Արցախից տեղահանվածների։ Ոչ պաշտոնական տվյալներով Գորիսում, Տաթև և Տեղ համայնքներում, որտեղ Գորիսի մամուլի ակումբն իրականացնելու է ԲՀՀ –  Հայաստանի աջակցությամբ ծրագիրը, ապաստանել են մոտ 30 հազար արցախցիներ:  «Նրանց գերակշիռ մասն իրենց բնակավայրերը լքելու համար մեկ-երկու ժամ էլ չեն ունեցել, ուստի կարիք ունեն թե՛ հագուստի, թե՛ առաջին անհրաժեշտության ապրանքների: Առաջին իսկ օրերից մեր կազմակերպության խնայողություններից, ապա տարբեր կազմակերպությունների ներդրումներով աջակցել ենք նրանց, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ դրանք լուծելու համար պետական աջակցության անհրաժեշտություն կա: Ո՛չ կազմակերպությունները, ո՛չ ՏԻՄ-երը չեն կարող ընթացիկ գործերի հետ նման ծանրաբեռնվածություն կրել» – ասել է Սուսաննա Շահնազարյանը:

Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսավորմամբ «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը Արցախից Շիրակի մարզ տարհանված 100 կանանց կտրամադրի սնունդ, հիգիենայի միջոցներ, անկողնային պարագաներ: Կազմակերպությունը պլանավորվում է կազմակերպել նաև տարատեսակ վերականգնողական թերապիաներ պատերազմից տուժած երեխաների և նրանց ծնողների համար: «Գնահատումների արդյունքում պարզ դարձավ, որ բոլորը, հատկապես երեխաները, կարիք ունեն թերապիաների: Հոգեբանական խորհրդատվությունը, հատկապես այս շրջանում, ազատում է սթրեսներից և անկայուն հոգեկան վիճակներից: Տարհանված ընտանիքների երեխաների զբաղվածությունն ապահովելու համար նախատեսված տարբեր թերապիաների կազմակերպումը կնպաստի նրանց զարգացմանը, սոցիալականացմանը և հոգեկան ծանր վիճակներից դուրս գալուն»,- ասել է կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը: Նրա խոսքով, նմանատիպ ծրագրերի շարունակական բնույթը կնպաստի, որպեսզի պատերազմից տուժած ընտանիքները հնարավորինս շուտ հաղթահարեն դժվարությունները։

ԲՀՀ – Հայաստանը շարունակելու է համագործակցությունը պետական ու հասարակական կառույցների հետ՝ ընդլայնելու հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ծրագրերը: Աջակցություն ստացած բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները համակարգում են պետական և տեղական ինքնակառավարման կառույցների հետ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend