Հայտարարություններ

Դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը՝ զուգորդված լրագրողների ու օպերատորների հանդեպ ճնշումներով․ հայտարարություն

20 հոկտեմբերի 2023 թ․, Երևան

Հոկտեմբերի 20-ին Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։ Մասնավորապես՝ երբ վերջիններս փորձել են հարցեր ուղղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան շրջապատած անձինք հայհոյել ու անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում նաև պարզորոշ երևում է, թե ինչպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Արփի Սուքիասյանից փորձել են խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր, կամ՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը հրում «Factor.am» կայքի լրագրող Արփի Հակոբյանի՝ միկրոֆոն պարզած ձեռքը։ Խոչընդոտումներ են եղել նաև ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, քաջ գիտակցելով Արցախից տեղահանված անձանց ծանր հոգեվիճակը և գերլարվածությունը, այնուամենայնիվ, համոզմունք ենք հայտնում, որ ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է չկորցնել ինքնատիրապետումը և իր վարքագծով էլ ավելի չսրել իրավիճակը։ Այս տեսանկյունից առավել անընդունելի և դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը՝ զուգորդված հայհոյախոսությամբ և լրագրողների ու օպերատորների հանդեպ ճնշումներով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • իրավապահ մարմիններից՝ բացահայտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել,
  • Երևան տեղափոխված Արցախի իշխանության ներկայացուցիչներից՝ ցանկացած հավաք կազմակերպելիս, ինչպես նաև ինքնաբուխ ակցիաների ժամանակ պատասխանատու վերաբերմունք դրսևորել իրավիճակը կառավարելի պահելու և ընդհարումները բացառելու հարցում, թույլ չտալ լրագրողների իրավունքների խախտումներ, կարևորել լրատվամիջոցների ազատությունն ու աշխատանքը, որն ուղղված է հասարակությանը, այդ թվում՝ տեղահանված արցախցիներին տեղեկատվությամբ ապահովելուն։

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend