Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում․ ԵՄ ամփոփաթերթ
- May 24, 2017
- Category: Նորություններ
Մայիսի 2-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ): Միջոցառումն անցկացվեց Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջելս լաբս»-ի համագործակցությամբ` որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:
Նախաձեռնության նպատակն էր խթանել Հայաստանում հրեշտակ ներդրողների ցանցի ինստիտուցիոնալացումը` աջակցելով ներդրումային էկոհամակարգի զարգացմանը, ստեղծելով կապեր ձեռներեցների և հրեշտակ ներդրողների միջև և քաջալերելով ներդրողների և ձեռներեցների միջև երկարատև և շահավետ հարաբերությունների ստեղծմանը:
Ներդրումներով հետաքրքրվող ՏՀՏ և բիզնես ոլորտի հայ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու ներդրումային ցանցեր ստեղծելու լավագույն փորձին, հրեշտակ ներդրումների մեխանիզմներին, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի իրավական բարենպաստ պայմաններին: Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները նաև քննարկեցին երկու երկրներում ներդրումների և ստարտափների հեռանկարները:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ողջունեց նախաձեռնությունը. «Ուրախ եմ ներկայացնել Եվրոպական միությունը այս նախաձեռնության շրջանակում: Պատերազմի բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո այժմ Եվրոպան խաղաղ, բարգավաճող միություն է: Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը հիանալի հնարավորություն է աջակցելու փոխանակմանն ու տնտեսական ինտեգրմանը: Տարածաշրջանում կարգավորումն ու խաղաղությունը պետք է կառուցվեն համերաշխության հիման վրա: Իսկ դա կլինի միայն փոխադարձ հնարավորությունների և մշակութային փոխանակման շնորհիվ: Հուսով եմ, որ դուք կհետևեք ԵՄ օրինակին և խաղաղ ապագան կկառուցեք հնարավորությունների ու համերաշխության հիման վրա»:
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը ոգևորված էր մասնակիցների թվով և հետաքրքրվածությամբ և խոսեց հրեշտակ ներդրողների դերի մասին. «Հրեշտակ ներդրողները հարուստ անհատներ են, ովքեր առաջարկում են կապիտալ արագ աճի ներուժ ունեցող ստարտափներին: Նրանք կապիտալի շատ կարևոր աղբյուր են զարգացման սկզբնական շրջանում գտնվող կազմակերպությունների համար: Շատ հրեշտակ ներդրողներ գաղտնի են, և դժվար կլինի նրանց հետ աշխատել պաշտոնական ցանցերի միջոցով: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր ցանկանում են հետագայում զարգացնել Հայաստանի ստարտափներն ու ներդրումային էկոհամակարգը` ձևավորելով հրեշտակ ներդրողների ցանց: Նման ցանցերը հաջողությամբ գործում են աշխարհում: Մեր նպատակն է հայեցակարգը ներկայացնել Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև համատեղ ծրագրերի համար խթանել երկու երկրների հրեշտակների միջև համագործակցությունը»:
ՏԵՊԱՎ-ի քաղաքական փորձագետ Ջանսու Սարաջն ընդգծեց նախաձեռնության կարևորությունը. ««Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի հաջողված տարիները մեզ հանգեցրին այն մտքին, որ ժամանակն է կենտրոնանալու էկոհամակարգի այլ շահառուների վրա և մշակելու ծրագիր հրեշտակ ներդրողների համար: Կցանկանայինք մեկնարկել հրեշտակ ներդրողների միասնական ցանց, որը կֆինանսավորի գործարարներին ու նոր գաղափարները»:
Սկզբնաղբյուրը` https://goo.gl/QcIJ0d