Ստուգված նյութեր

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն մեկ անձից գնման եղանակով ծառայություններ է մատուցել ԱԱԾ-ին

Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար 2018-2019 թթ. մեկ անձից գնման ընթացակարգով գնել է նաև թանկարժեք հուշանվերներ:

2017-ից շրջանառության մեջ դրված «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետական կառույցների՝ սեփական կարիքների համար գնումներ կատարելու ընթացակարգերը չորսն են՝ էլեկտրոնային աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնում։ Օրենքը սահմանում է, որ գնումների ամենից նախընտրելի ընթացակարգը բաց մրցույթն է, իսկ ոչ խրախուսելի, կոռուպցիոն մի շարք ռիսկեր պարունակող տարբերակը՝ մեկ անձից կատարվող գնումները:

Օրենքով սահմանվում է, որ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառվում է խիստ սահմանափակ դեպքերում: Որպես կանոն գնման այս ընթացակարգին պատվիրատուները դիմում են այն դեպքում, երբ մրցութային ընթացակարգերի կիրառումն ըստ էության լինելու է ինքնանպատակ, կամ դրանց կիրառումը սուղ ժամկետի առումով անհնարին է: Պետական մարմինները, սակայն, ոչ միայն չեն փորձում նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների ընթացակարգի կիրառումը, այլև շարունակում են դրա՝ հաճախ չհիմնավորված կիրառումը։

Օգտվելով ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am և պետական գնումների մշտադիտարկում իրականացնող tender-monitoring.am կայքերի համակցված տեղեկություններից, ուսումնասիրել ենք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության 2018 և 2019 թթ. ամբողջական և 2020 թվականի մինչև ապրիլի 30-ը կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների ընթացակարգով կատարած գնումները:

2018 թվականին, ըստ tender-monitoring.am կայքի, ԱԱԾ-ի կողմից կնքվել է շուրջ 271 պայմանագիր 2.1 մլրդ դրամ արժողությամբ, որից մեկ անձից գնման ընթացակարգով կնքվել է 26 պայմանագիր՝ շուրջ 856.6 մլն դրամ արժողությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար պայմանագրեր է կնքել տարբեր ընկերությունների հետ: Բաց տվյալներից օգտվելով՝ առանձնացրել ենք այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2018-ի մայիս և դրանից հետո, երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական խոշոր փոփոխություններ։ Այդ նպատակով հստակ ընդգծել ենք գնման պայմանագրերում նշված ամսաթվերը։

Այսպիսով՝ 2018 թ. հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մեկ անձից կատարված գնման եղանակով Ազգային անվտանգության ծառայությունը 3 պայմանագիր է կնքել «Սամ Մար Օբսի» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 848,400 դրամ արժողությամբ: Կնքված պայմանագրերի շրջանակում Ազգային անվտանգության ծառայությունը ձեռք է բերել անվանական հուշամեդալ 248,400 դրամ միավոր արժեքով և բրոնզե հուշամեդալներ 24,000 դրամ միավոր արժեքով:

Մեկ այլ պայմանագրով էլ Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ի հունիսի 18-ին «Ե Ս Սիլվեր» կազմակերպությունից ձեռք է բերել հուշանվեր բաժակներ 50,000 դրամ միավոր արժեքով և հուշանվերների տուփեր 7,000 և 11,000 դրամ արժեքով: Մեկ ուրիշ պայմանագրով էլ ԱԱԾ-ն 2018-ի մայիսի 4-ին «ՄՊ Վուդ» կազմակերպությունից ձեռք է բերել շքանշանի տուփեր 18,000 և 55,000 դրամ միավոր արժեքով: Մայիսի 23-ին և 24-ին «Տ. Թովմասյան» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրերի շրջանակում ձեռք են բերվել հուշանվերներ 83,000, 87,500, 89,000 և 90,000 դրամ միավոր արժեքով:

Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականին իր սեփական կարիքների համար գնված հուշանվերների, անվանական հուշամեդալների և հուշամեդալների տուփերի համար Ազգային անվտանգության ծառայությունը ծախսել է 1,616,900 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2018 թվականի մարտի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անձից գնման եղանակով պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ: Իրականցվել են ավտոմեքենաների պահպանման ծառայություններ, պայմանագրի գումարը կազմել է 2 մլն ՀՀ դրամ: Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի բաժնետերերն են հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը և Վահե Գզրարյանը:

2019 թվականին ըստ tender-monitoring.am կայքում տեղ գտած տվյալների՝ Ազգային անվտանգության ծառայությունը կնքել է 324 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 2.4 մլրդ դրամ արժողությամբ: Մեկ անձից  գնման ընթացակարգով 31 պայմանագիր՝ շուրջ 80 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

2019 թվականը սեփական կարիքների համար գնված հուշանվերների և հուշամեդալների առատության տեսանկյունից ոչնչով չի զիջում 2018 թվականին:

Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անձից կատարված գնման եղանակով 2 պայմանագիր է կնքել «Ռիվոլի Դե Լյուքս» ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում ձեռք է բերել հուշանվեր գավաթներ՝ արծաթեպատ՝ կաշվեպատ տուփով 91,000 դրամ միավոր արժեքով: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 770,000 դրամ:

«Գովելլի» ՍՊԸ-ից պայմանագրով ձեռք է բերել մեկ արծաթյա դաշույն 360,000 դրամ արժողությամբ և կրկին մեկ անձից իրականացված գնման ընթացակարգով։

Արմեն Աբելյան Ա/Ձ-ից մեկ անձից կատարված գնման եղանակով ձեռք է բերել ոսկեզօծ պատվանդանով կաբարդին կտորից դրոշներ: Ոսկեզօծ պատվանդանի միավոր արժեքը 65,000 դրամ է, իսկ կաբարդին կտորից դրոշի արժեքը՝ 28,000 դրամ: Ընդհանուր առմամբ՝ գնված դրոշների և պատվանդանների համար ծախսվել է շուրջ 924,000 դրամ:

Ազգային անվտանգության ծառայությունը Էդիկ Մանուկյան Ա/Ձ-ից դարձյալ մեկ անձից գնման եղանակով ձեռք է բերել ընկույզե փայտից կոնյակի 0.5լ տակառներ շուրջ 580,000 դրամի:

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականին «ՄՊ Վուդ» ՍՊԸ-ից ձեռք է բերել մեդալի համար նախատեսված տուփեր, այս անգամ շուրջ 693,000 դրամի չափով:

Ընդհանուր առմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը սեփական կարիքների համար մեկ անձից գնման եղանակով հուշանվերների և նմանատիպ այլ պարագաների համար 2019-ին ծախսել է շուրջ 3.3 մլն դրամ:

Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացուցչական ծառայություններ է գնել նաև «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ից, ու դարձյալ ծառայությունը եղել է մեկ անձից կատարվող գնման եղանակով: Մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 24.8 մլն ՀՀ դրամ: «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պատկանում է խոշոր սեփանատեր, գործարար, Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Ընկերությունը Ազգային անվտանգության ծառայությանը մատուցել է հյուրանոցային ծառայություններ, սակայն, ըստ պետեկամուտների կոմիտեի կայքի տրամադրած տվյալների, «Օնիրա Քլաբ» ՍՊԸ- ն գրանցված է որպես խաղատների գործունեությամբ զբաղվով ընկերություն։ Ի դեպ, ծառայությունը մատուցել է «Մուլտի գրանտ» հյուրանոցը:

Մեկ այլ պայմանագրով էլ Ազգային անվտանգության ծառայությունը 3.6 մլն ՀՀ դրամի գնումներ է կատարել «Մուլտի Ռեստ Հաուս» ՍՊԸ-ից, որը թեև ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի պատկանում է Ագի Պրիմա անունով իրաբավանական անձին, սակայն ըստ «Հետք» առցանց պարբերականի հրապարակման՝ այն նույնպես Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության մի մասն է:

Ընդհանուր առմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող երկու ընկերությունների մատուցած ծառայությունների համար վճարել է շուրջ 28.4 մլն ՀՀ դրամ:

Հատկանշական է, որ 2020-ի հունիսի 15-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ, թե բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր:

2020 թվականի մինչև ապրիլի 30-ը ըստ tender-monitoring.am կայքում տեղ գտած տվյալների՝ Ազգային անվտանգության ծառայությունը արդեն կնքել է 168 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 1.6 մլրդ դրամ արժողությամբ: Մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրերի ընդհանուր արժողությունը կազմել է շուրջ 628.4 մլն դրամ:

 

 

 

 

 

 

 

Ազգային անվտանգության ծառայության 2019 թ. մեկ անձից կատարված գնումների ընդհանուր գումարը 2018 թ. համեմատությամբ նվազել է 90.6%-ով, իսկ 2019-ի համեմատ մինչև 2020 թ. ապրիլի 30-ը ավելացել է 78.5%-ով։

Հուշանվերների և նմանատիպ այլ առարկաների գնման տեսանկյունից Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին բավական համեստ է գտնվել. ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ դեռ հուշանվերներ և նմանատիպ իրեր չի գնել 2020-ին։

Մեկ անձից գնման եղանակով Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի ապրիլի 16-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ և օգտվել ընկերության մատուցած ավտոմեքենաների պահպանման ծառայություններից: Պայմանագրի գումարը կազմել է 4.5 մլն դրամ։ Փաստացի, շարունակել է ծառայություն ստանալ. թե՛ 2018-ին, թե՛ 2020-ին այս կազմակերպության հետ կնքվել են պայմանագրեր։

Այսպիսով՝ Ազգային անվտանգության ծառայության սեփական կարիքների համար կատարած գնումներից պարզ է դառնում, որ գնումները միշտ չէ, որ հիմնավորված են։ Եվ, փաստորեն, ԱԱԾ-ն, մեկ անձից գնման եղանակով, որը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, պայմանագրեր է կնքել Գագիկ Ծառուկյանին պատկանող այն ընկերության հետ, որի մասին օրեր առաջ հայտարարություն էին տարածել որպես պետությանը վնաս հասցրած կազմակերպություն, որն առանց լիցենզիայի գործունեություն է ծավալել։

Զարա Խաչատրյան

 

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend