Ստուգված նյութեր

Համայնքային պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը

Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է, որ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքները պետք է ունենան պաշտոնական համացանցային կայքեր, որոնցում համայնքապետարանի աշխատակիցները պարտավոր են հրապարակել մի շարք տեղեկություններ, որոնց շարքում են, օրինակ, համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը, համայնքի զարգացման ծրագիրը, բյուջեն և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունները,  համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և քննարկումների արդյունքները և այլ տեղեկություններ։

Նշենք նաև, որ համայնքային պաշտոնական կայքերը գործարկվում են Բաց կառավարման գործընկերության շրջանակում ստանձնած հանձնառություններով։ Այս համացանցային կայքերն իրականում համայնքային կառավարման էլեկտրոնային հարթակներն են՝ հանրային հասանելիությամբ։

Սակայն այն հարցը, թե ինչպես են աշխատում համայնքային կայքերը և որքանով են առկա պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները, բաց է։ Ժամանակ առ ժամանակ կատարվում են համայանքների պաշտոնական կայքերի ուսումնասիրություններ, իսկ հիմնական տեղեկություններն այդ կայքերի մասին կարելի է գտնել Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի Infosys.am կայքում:

Ուսումնասիրել ենք հանրապետության 20 հազար և ավելի բնակչություն ունեցող քաղաքների, ինչպես նաև Արմավիրի  և Արագածոտնի մարզերի 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների պաշտոնական կայքերը՝ պարզելու՝ արդյոք դրանք կատարում են Տեղական ինքնակառավարման մասին օրենքով իրենց վերապահված պարտականությունները։

 

Քաղաքային համայնքների էլեկտրոնային հարթակների մասին

Համաձայն ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի 48 քաղաքային բնակավայրերից միայն Երևան, Արարատ, Մասիս, Արմավիր, Վաղարշապատ, Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Կապան, Գորիս, Իջևան քաղաքներն ունեն 20 հազար և ավելի բնակչություն: Արտաշատ և  Սևան քաղաքները ունեն 20 հազարից մի փոքր քիչ և ավելի քան 19 հազար բնակիչ: Այսպես, այս բնակավայրերի համար Բաց կառավարման գործընկերության շրջանակում Հայաստանը ստանձնել է թափանցիկության և էլեկտրոնային ծառայությունների համակարգերը զարգացնելու հանձնառություն:

Քաղաքային բնակավայրերի կայքերը, որպես կանոն, բավական անկանոն,  սակայն, հրապարակում են ընդունված իրավական ակտերը, բյուջեի վերաբերյալ տեղեկություններ և այլ անհրաժեշտ ինֆորմացիա: Հիմնական խնդիրը, որ ունեն այս հարթակները, ավագանու նիստերի տեսագրությունների հրապարակումն է: Համայնքների ավագանու նիստերը կանոնավոր կերպով են հրապարակում Հանրապետության բնակչության թվով երկրորդ և երրորդ ամենամեծ քաղաքների՝ Գյումրու և Վանաձորի համայնքապետարանները:

 

Արմավիրի մարզի համայնքների մասին

Արմավիրի մարզում 3000 և ավելի բնակիչ ունի 23 համայնք, որից 20-ը գյուղական են, 3-ը՝ քաղաքային բնակավայրեր են։ Արմավիրի մարզի քաղաքային բնակավայրերի կայքերը գործում են, մարզկենտրոն Արմավիրի armavircity.am կայքում, որոշ տեխնիկական խնդիրներով, սակայն հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունների մեծ մասը։ Ինչ վերաբերում է մյուս՝ Վաղարշապատի համայնքապետարանի կայքին, ապա քաղաքն ունի երկու պաշտոնական կայք, առաջինը՝ Ejmiatsin.am-ն է, որում առկա են քաղաքային իշխանությունների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները։ Երկրորդը ԲԿԳ ծրագրով ստեղծված համայնքային կառավարման կայքն է, որի թերևս առաջին խնդիրը հասանելիությունն է։  Կայքը գրանցված է http://46.19.99.19/ դոմեյնի վրա, կայքը «Էջմիածնի համայնքապետարան» որոնմամբ ևս ճանաչելի չէ նաև որոնողական համակարգերի համար։

Գյուղական համայնքների կայքերի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունն առավել նկատելի է։ Նալբանդյան համայնքի կայքում, օրինակ, առկա չեն համայնքային բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություններ։

Փարաքարի համայնքապետարանի կայքում առկա են գրեթե բոլոր փաստաթղթերն ու իրավական ակտերը՝ վերջերս թարմացված:

Արմավիր գյուղի պաշտոնական կայքը, հակառակը՝ չի գործում ընդհանրապես: Չի գործում նաև Մյասնիկյանի համայնքապետարանի կայքը:

Մարզի Արշալույս համայնքի կայքում համայնքի ղեկավարի որոշումները վերջին անգամ հրապարակվել են նախորդ տարվա հունիսին: Վերջին անգամ 2019-ի տարեվերջին է թարմացվել նաև Մուսալեռ համայնքի պաշտոնական կայքը:

Մարզի Ակնալիճ համայնքի կայքում առկա է տեղեկություն ավագանու միայն երեք նիստի մասին, որից մեկը կայացել է 2013 թվականին, մյուս երկուսը՝ 2019-ին:

Բամբակաշատ համայնքում էլ, հրապարակված են համայնքի ղեկավարի որոշումները՝ այս տարվա փետրվարի դրությամբ, սակայն ավագանու որոշումների վերաբերյալ էջը վերջին անգամ թարմացվել է մոտ մեկ տարի առաջ:

 

Արագածոտնի մարզ

Ուսումնասիրված մյուս՝ Արագածոտնի մարզում 3000-ից ավելի բնակչություն ունեն 13 համայնքներ, որոնցից երեքը՝ քաղաքային բնակավայրեր են, մյուս տասը՝ գյուղական: Այս համայնքներից մեկը՝ Արտենին, մարզի ևս երկու համայնքների հետ, ներառվել է Արագածավան խոշորացված համայնքի կազմում:

Այս մարզի համայնքային կայքերը, ի տարբերություն Արմավիրի մարզի, թարմացվում են բավական հաճախ: 12 կայքերի շարքում առկա չեն չգործող կամ վաղուց չթարմացված կայքեր:

Այսպիսով, դատելով կատարած ուսումնասիրության արդյունքներից՝ ոչ մեծ համայնքապետարանների կայքերը թարմացվում են անկանոն հաճախությամբ, իսկ գործող օրենքը սահմանում է պարտավորություններ՝ առանց վերահսկման մեխանիզմների:

 

Անի Ավետիսյան

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղիանակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend