Նորություններ

Հարյուրավոր միլիոնների վնաս. Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված ձկնաբուծարանները դատի են տվել պետությանը

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________

Հայաստանում շահութաբեր բիզնեսներից է դարձել արհեստական ձկնաբուծարանների գործունեությունը: Դրանք հիմնականում հիմնվել են բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների կողմից՝ վերջիններիս  հովանավորությամբ: Ձկնաբուծարանները, սակայն, մեծամաշտաբ վնասներ են հասցնում բնությանը:

Խոշոր ձկնաբուծարաններից մի քանիսի հետեւում կանգնած են Հայաստանի նախկին վարչապետ եւ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները: Նրանց  պատկանող ձնկաբուծրաններն, ըստ պաշտոնական աղբյուրների, պետությանը հարյուրավոր միլիոնների վնասներ են պատճառել:

Խախտումներ են հայտնաբերվել Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող «Մխչյան ֆիշ» ու «Մերի ֆիշ» ընկերություններում։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքին պատկանող ընկերություններն առանց համապատասխան թույլտվության ջուր են օգտագործել ձկնաբուծարանների համար և երկուսը միասին պետությանը պատճառել են  650 միլիոն դրամի վնաս:

Աբրահամյանների ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշ» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այս ընկերության բաժնեմասը 2018 թվականից սկսած, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Հենրիկ Աբրահամյանին: Նա Հովիկ Աբրահամյանի հարազատ եղբայրն է: Մինչ 2018 թվականն այս ընկերությունը, նույն աղբյուրի համաձայն, ամբողջությամբ պատկանել է Ամբիկ Գեւորգյանին: Վերջինիս եղբայրը Գրիգորի Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի վարորդն է եղել:

«Մխչյան ֆիշ»-ը ձկնաբուծարաններ ունի Զորակ և Մխչյան համայնքներում: Շրջակա միրջավայրի նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ այս ընկերությունը խախտել է «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 22–րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա ենթակետի պահանջը՝ այն է, ջրային ռեսուրսների օգտագործում առանց համապատասխան թույլտվության: Այսպիսով՝ տեսչական մարմինն արձանագրել է, որ նախկին վարչապետի ընտանիքը միայն այս ընկերության գործունեությամբ պետությանը պատճառել է կես միլիարդ դրամից ավելի գումար՝ 585 մլն 170 հազար դրամ:

Պարզվում է՝ Աբրահմայանները չեն ցանկանում վճարել պետությանը պատճառված վնասը եւ դիմել են դատարան: Նրանք բողոքարկել են տեսչական մարմնի որոշումը: Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է «Մխչյան ֆիշ» ընկերության հայցը եւ նրանց ազատել պետությանը պատճառված վնասը փոխհատուցելուց, սակայն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերաքննիչ դատարանում բողոքարկել է վճիռը, նիստը նախատեսված է 2023 թվականին:

Աբրահամյանների ընտանիքին պատկանող «Մերի ֆիշ» ընկերությանը եւս առանց թույլտվության ջրային պաշարներ օգտագործելու համար տեսչական մարմինը տուգանել է  64 մլն 722 հազար դրամ: Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին եւ այդ պահից՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերը, ընկերության սեփականատերը եղել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Մի քանի տարի շարունակ ընկերության տնօրենը եղել է վերջինիս դուստրը՝ Մերի Աբրահամյանը:

«Մերի ֆիշ» ընկերությունը եւս հրաժարվում է վճարել պետությանը պատճառված վնասը եւ կրկին դատական հայց է ներկայացրել՝ վիճարկելով տեսչական մարմնի որոշումը, որը շահել է: Տեսչական մարմինը, սակայն, կրկին բողոքարկել է վերաքննիչ դատարանում, դատական առաջին նիստը նախատեսված է 2022 թվականի օգոստոսին:

Մինչ դատական ատյաններում վիճարկվում է տեսչական մարմնի կողմից բացահայտված խախտումները եւ փորձ է արվում պետությանը պատճառված վնասները վերականգնել, Աբրահամյանները 2020 թվականի օգոստոսին  «Մերի ֆիշ» ընկերությունը վաճառել են Մուշեղ Նիկողոսյանին:  Վերջինս եւս զբաղվում է բիզնեսով: Մուշեղ Նիկողոսյանը Արմաշի ալյուրի գործարանի եւ «Մանանա գրեյնի» սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի որդին է:

Ի դեպ, Նիկողոսյանները գնելով Աբրահամյանների «Մերի ֆիշ» ընկերությունը դիմել են Շրջակա Միջավայրի նախարարություն՝ ձկնաբուծարանի տարածքն ընդլայնելու նպատակով: Այս տարվա օգոստոսի 31-ին նախարարությունը բավարարել է «Մերի ֆիշ» ընկերության ընդլայնման հայտը: Արդյունքում կառուցվելու է ձկնաբուծական  36 լճակներ, ընդհանուր թիվը դառնում է 96, իսկ լճակների գումարային մակերեսը 4300 քմ է:

Աբրահամյանների կողմից 2010 թվականին հիմնադրած մեկ այլ ձկնաբուծարան էլ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ը 2012 թվականին անցել է Գագիկ Ծառուկյանին եւ Սեդրակ Առուստամյանին՝ համապատասխանաբար 67 եւ 33 տոկոսներով: Այս ընկերության հիմնդարիը եւս եղել է Հենրիկ Աբրահամյանը, իսկ ներկայիս սեփականատերերը պատահական անձիք չեն: Գագիկ Ծառուկյանը, որը Հայաստանում հայտնի միլիարդատեր է խնամիական կապեր ունի Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ Սեդրակ Առուստամյանը Ծառուկյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Ծառուկյանը, Առուստամյանը եւ Աբրահամյանն անցնում են տարբեր քրեական գործերով:

Հայաստանի Արարատի մարզի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ջրի պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Այնտեղ առաջացել են ջրի առաջարկի-պահանջարկի անհամամասնություն։ Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտի լիազորված մարմինների գործունեության անարդյունավետության և ամենաթողության արդյունքում ջրազրկվել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնքների որոշ տարածքներ ճահճացել են, իսկ մոտ 4000 հա գյուղատնտեսական հողեր դարձրել են անօգտագործելի կամ անջրդի։  Բնակչության համար ստեղծվել են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Բնապահպաններն ահազանգում են ձկնաբուծարանները կառուցվում են Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի անխնա օգտագործման հաշվին: «Կառավարությունը ձկնաբույծներին տվել է ստորգետնյա ջրերն օգտագործելու անսպառ հնարավորություն, մեզ մոտ կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել»,- ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանի խոսքով՝ ձկնաբույծներն այնքան են ջրային ռեսուրները չարաշահել, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձել են իրենց իսկ կողմից տրված հնարավորությունները սահմանափակել: «Պարզ չէ՝ կարող ենք վերականգնել ստորգետնյա ջրերի պաշարները, թե՝ ոչ, քանի որ բալանսը խախատված է: Այստեղ ոչ միայն ջրի խնդիր կա, այլ նաեւ՝ հողի, քանի որ հողերն աղակալվում են»,- նշում է Ինգա Զարաֆյանը:

Պետական կառույցների ստուգումները եւ դրանց հաջորդող վարչական տուգանքները, որոնք, ի դեպ, չեն վճարվում, Ինգա Զարաֆյանը պայքարի բավարար գործընթաց չի համարում: Նա կարծում է՝ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանների դեմ պետք է կտրուկ պայքարել:

«Շատ կոշտ քայլերի պետք է դիմի կառավարությունը: Պետք է վերցնել եւ փակել ջրային հորերը: Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող Արարատյան դաշտը գնում է կործանման: Սա արդեն քաղաքական խնդիր է, առնչվում է մեր անվտանգությանը, միայն բնապահպանական խնդիր չէ: Կա վեց-յոթ ձկնաբուծարան, որոնք ջուր օգտագործելիս խախատում են վերգետյան եւ ստորգետնյա ջրային ռեսուրսների բալանսը»,- ասում է նա:

Արարատյան հարթավայրում փաստացի գործում է 168 ձկնաբուծական տնտեսություններ, որից` Արարատի մարզում 102 հատ, իսկ  Արմավիրի մարզում  66 հատ:  Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը 2016—2019 թվականներին  ձկնաբուծությամբ զբաղվելու համար 51 խորքային հորից 89,98 մլն. մ3 ընդհանուր ծավալով թույլտվություն է տվել , 2017-2020թթ. 62 խորքային հորից 151,27 մլն. մ3 ընդհանուր ծավալով ջրօգտագործման թույլտվություն է տվել, իսկ 2018-2021թթ.-ին  73 խորքային հորից 125,18 մլն. մ3-ի թույլտվություն:  Ի դեպ, որից մեր հիշատակած  «Մխչյան- ֆիշ» ՍՊԸ-ին` 9,12 մլն. մ3:

Վերջին 10-15 տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում բացվել են խոշոր ձկնաբուծարաններ, որոնց գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը, վտանգվել է ստորերկրյա ջրերի բնականոն վիճակը, իսկ բնակչության համար` ստեղծվել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ։

Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:

Արմավիրի մարզի Արաքս համայնքը, բնակիչների խոսքերով, ձկնաբուծարաններից մեծ վնասներ կրած բնակավայրերից մեկն է: Նշում են, որ ձկնաբուծարաններն օգտագործելով հսկայական ջրային պաշարններ, ոչնչացնում են Արարատյան դաշտավայրը:

«Հանածոն, եթե չափից ավել ես հանում, պարզ է, որ բնությանը վնաս ես տալիս»,-ասում է Արաքսի բնակիչ Թաթուլ Տոնոյանը եւ նշում, որ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ գյուղատնտեսությունն ու բնությունն են իր համար կարեւոր, թե՝ ձկնաբուծությունը:

Ոռոգման ջրի բացակայության պատճառով Արաքսի բնակիչները չեն մշակում շուրջ 50 հա հողատարածք: Նշում են՝ ոռոգման ջրի բացակայության պատճառը մեծամասամբ ձկնաբուծարաններն են, վերջիններս կլանում են արտեզյան ջրերը, իսկ գյուղը ցածրադիր է, եղած ջուրն էլ մեծ դժվարությամբ է հասնում:

«Խմելու ջրի ճնշումն ընկած է: Պատճառը ձկնաբուծական լճերն են: Այդքան լճերը, որ օգտագործում են, ամեն մեկի համար մի մեծ հոր է փորած: Շատ ձկնաբուծարաններ կան այս տարածքում եւ բոլորն ընդերքի ջուրն են օգտագործում, հզոր նասոսներով քաշում են ջուրը: Ձկնաբուծարանները, որ չլինեն ջուրը նորմալ կգա»,- պատմում է Արաքսի բնակիչը:

«Հիմա առանց նասոսի ջուր չի գալիս: Ձկնաբուծարանների համար այնքան հորատումներ են արել,  որ արտեզյան ջրերն արդեն սպասռվում են, խմելու ջրին ճնշում չկա, առանց նասոս չի գալիս»,- ասում է Համբարձում Երեմյանը եւ շարունակում. «Գյուղում չորս-հինգ ձկնաբուծարան կա, երեւի յուրաքանչյուրը երեքից-չորս արտեզյան հորեր ունի՝ մեծ չափսի»:

Արարատյան դաշտավայրում մարդկանց եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է: Առաջացած ջրի խնդրի պատճառով շատերը լքում են գյուղերն, արտագաղթում են Ռուսաստան, նաեւ Եվրոպական երկրներ:

«Ես իմ սեփական հողատարածքի տեղը չգիտեմ, չեմ մշակում, չեմ գնում: Պատճառը ջուրն է, ջուր չկա, չի գալիս: Ժամանակ է լինում, որ խմելու ջրի խնդիր էլ է լինում: Ձկնաբուծարանները լավ օգտագործում են ջուրը, ժամանակին հորեր են բացել, միայն մեր գյուղում 35 հատ հոր կար, դրանց պատճառով ժամանակ էր լինում, որ խմելու ջուր չէր լինում: Իրենք գալիս բիզնես են անում, փող են աշխատում, մեր հողերը մնում են առանց ջուր»,- նշեց համայնքի բնակիչներից Սիմոն Պետրոսյանը:

Նարեկ Կիրակոսյան

_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend