Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
- August 16, 2019
- Category: Հայտարարություններ
Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ 2017 թ-ի․ դեկտեմբերին մեկնարկել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը: Այն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը՝ հանրային իրազեկման, լրագրողական աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։
2.Լրագրողական մրցույթի մասին
Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին,
Նպաստել փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։
3.Համապատասխանության չափանիշներ
Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին։
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա:
Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:
4.Գնահատման չափանիշներ
Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում կոնկրետ խնդիրների հասցեագրումը, դրանց բացահայտումը, դրանց հետևողական լուսաբանումը։
Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը, հավասարակշռվածությունը և էթիկայի կանոնների պահպանումը:
Ստեղծարար և նորարար մոտեցումը, նյութի մատուցման համար ընտրված գործիքները, ձեւավորումը, նոր մեդիա գործիքների կիրառումը։
Հատուկ ուշադրություն կդարձվի ներկայացվող աշխատանքներում վեր հանված գենդերային տեսանկյանն ու խոցելի խմբերի կարիքների ներկայացմանը, խոշտանգումների դեպքերի հետաքննությանը, կրթության իրավունքի իրացմանը։
Մրցանակները են շնորհվելու հետևյալ անվանակարգերում՝
Լավագույն հետաքննական նյութ (300.000 դրամ)
Լավագույն մարդկային պատմություն (150.000 դրամ)
Լավագույն հեռուստահաղորդում (250.000 դրամ)
Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ (150.000 դրամ)
Լավագույն մուլտիմեդիա նյութ (300.000 դրամ)
Լավագույն ֆոտոպատմություն (150.000 դրամ)
Լավագույն գրաֆիկական պատմություն (150.000 դրամ)
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։
Չափորոշիչներն են․
- թեմայի կարևորություն,
- փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
- խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Հատուկ մրցանակ է սահմանվել նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության կողմից՝ «Քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու իրավունք» թեմայով օրինակելի լրագրողական աշխատանքի համար։ Մրցանակը ներկայացվում է «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը բանտում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Նախատեսվում են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ պետական կառույցների և միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։
5․Մրցանակաբաշխություն
Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական (ներառյալ հարկերը), այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերին: Մրցանակաբաշխության մասին կհայտարարվի լրացուցիչ։
Նույն միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հայտարարված՝ խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթի մրցանակաբաշխությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարած մրցույթի մասին առավել մանրամասն տես հղմամբ՝ http://hcav.am/mrcuyt/:
6․Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը մինչև 2018 թ․նոյեմբերի 15-ը։
Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն հրապարակված նյութերի հղումը կամ հղումները։
Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։