Հայաստանի քաղհասարակության արձագանքը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Հայաստանի քաղհասարակության արձագանքը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
- December 6, 2024
- Category: Հայտարարություններ
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Վրաստանի իշխանությունների բիրտ գործողությունները Վրաստանում խաղաղ ցուցարարների դեմ եւ իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ժողովրդին ու քաղհասարակությանը՝ հանուն ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրման պայքարում։
Դեկտեմբերի 3, 2024թ., Երեւան
Խոր մտահոգությամբ և ցավով ենք հետևում վերջին օրերին բարեկամ Վրաստանում իշխանությունների կողմից խաղաղ հավաքների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառվող անհամաչափ եւ բիրտ ուժի, արցունքաբեր գազի, ջրցան մեքենաների և չդադարող բռնությունների դաժան տեսարաններին։
Վերջին օրերին ոստիկանության և ուժայինների կողմից ինքնաբուխ քաղաքացիական ցույցերը ցրելու նպատակով կիրառված անհամաչափ բիրտ ուժի հետևանքով վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։
Անթույլատրելի և դատապարտելի ենք համարում հարևան եղբայրական երկրում մարդկանց ազատ կամարտահայության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և ժողովրդավարական գործընթացների նմանօրինակ ճնշումը։
Կոչ ենք անում հարևան Վրաստանի իշխանություններին, ուժային կառույցներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ողբերգական հետևանքների։
Ինչպես նաև, ընդգծում ենք, որ հարևան Վրաստանում նման ոչ ժողովրդավարական զարգացումները թողնելու են բացասական ազդեցություն մեր ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների վրա։
Վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետևանքով վիրավորվածներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և ուժ։
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր ամուր համերաշխությունն ենք հայտնում բոլոր գործընկեր կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների ու ժողովրդի ընտրած և մայր օրենքով՝ սահմանադրությամբ ամրագրված Եվրոպական անշեղ ուղու անսասանության համար հարևան եղբայրական Վրաստանում։
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմ