Նորություններ

Հայաստանում պատվաստումների վիճակագրության հետքերով

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր նոյեմբերի 24-ի դրությամբ կատարվել է 1 110 891 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 738 887, երկրորդ դեղաչափ` 372 004։

Պատվաստման գործընթացի մեկնարկից՝ ապրիլի 14-ից ի վեր առողջապահության նախարարությունն առաջնորդվում է թերի վիճակագրություններ ներկայացնելով, ինչպես նաև խուսափում է որոշ հանձնարարականների կատարումից։

Այն, որ պատվաստման վերաբերյալ գերատեսչության ներկայացրած թվերը ամբողջական չեն, առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության հուլիսի 22-ի նիստին։ Նա նախարարությանը հանձնարարեց ամենօրյա ռեժիմով վիճակագրություն ներկայացնել, ընդ որում՝ առանձնացնելով օրվա կտրվածքով Հայաստանում պատվատսվող արտասահմանցիների թիվը. «Ես կուզենայի, որ ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնենք հայաստանցիների և օտարերկրացիների թիվը: Պայմանավորվել ենք, որ հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք»,- ասել էր Փաշինյանը։

Առողջապահության նախարարությունը այս հանձնարականն այդպես էլ չի կատարել, ինչպես նաև չի հրապարակել օրական պատվաստումների կառուցվածքում օտարերկրացիների թիվ՝ հայտարարելով, թե այդ վիճակագրությունը «ամփոփվում և հրապարակվում է ամսական կտրվածքով», այնինչ պատվաստումային գործընթացը Հայաստանում սկսվել է ապրիլի կեսից։ Փաշինյանի կողմից պահանջված ձևաչափով վիճակագրություն նախարարությունը ներկայացրել է միայն սեպտեմբերի 6-ին և նոյեմբերի 2-ին: ՍիվիլՆեթը փորձեց հասկանալ՝ ինչու է նախարարությունը «թաքցնում» անհրաժեշտ տեղեկատվությունը և որքանով են համապատասխանում հրապարակված տվյալներն իրականությանը։

Ինչից ամեն ինչ սկսվեց

Առողջապահության նախարարությանը պատվաստումների վերաբերյալ առաջին վիճակագրական տվյալը գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրեց մայիսի 7-ին, որի համաձայն՝ կատարվել էր 10 281 պատվաստում։

Սկզբնական փուլում նախարարությունը ընդհանրապես չէր առանձնացնում առաջին և երկրորդ դեղաչափ ստացածների թվերը։ Այս ձևաչափով վիճակագրությունը հրապարակվեց մինչև հունիսի 28-ը։

Օտարերկրացիների պատվաստումները Հայաստանում

Պատվաստման գործընթացի մեկնարկից հետո Հայաստանում նկատվեց օտարերկրացիների, մասնավորապես, իրանցիներ մեծ հոսք։ Մինչև 2021-ի հուլիսի 15-ը նախարարությունը նրանց թույլ էր տալիս պատվաստվել Երևանում առանց սահմանափակումների, հետո փոխեց մոտեցումը՝ ամրագրելով, որ օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում:

Մինչև հուլիսի 15-ը Իրանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացավ, քաղաքացիները տեսանյութեր էին հրապարակում հայ-իրանական սահմանին կուտակումներից, իսկ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, տեղակայված շարժական կետում իրանցիների երկար հերթեր էին։ Իրանցիները պատմում էին, թե օրական առնվազն 50 անձի են պատվաստում, իսկ հերթերում 400-ից ավելի մարդ էր լինում։

Վիճակագրական կոմիտեի տվյալները

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է մուտք գործել 22 609 իրանցի, որոնցից 18 917-ը մեկ անգամ է հատել սահմանը մեր երկիր մտնելու համար, իսկ Հայաստանից դուրս է եկել 20 736 իրանցի, որից 17 246-ը կրկին մեկ անգամ է հատել սահմանը՝ Հայաստանից դուրս գնալու նպատակով։

2020-ի նույն ամիսներին Հայաստան մուտք է գործել 8 279 իրանցի (6 416-ը մեկ անգամ է հատել սահմանը՝ մուտք գործելիս), իսկ դուրս եկել 7 449 իրանցի (7 410-ը մեկ անգամ է հատել սահմանը՝ մեկնելիս)։

«Կա հայտարարություն նախարարության, որ վիճակագրությունը վարվում է հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը, ըստ նախարարության հաղորդագրության, 58 100 պատվաստումից 56 010-ը եղել են հայեր, խոսքը գնում է մոտ 2 000 մարդու մասին։ Այլ տվյալ ես չունեմ»,- ասաց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Ի դեպ, այս տվյալները բավականին հնացած են։ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ բացի օտարերկրացիների մասին վիճակագրությունից, կան այլ տվյալներ, որ մասնագիտական հանրությունը կցանկանար իմանալ. «Այսօր կորոնավիրուսը, կորոնավիրուսի կառավարումը իրականացվում է միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ու կային վիճակագրություններ, որոնց մենք շատ կուզեինք որպես մասնագետներ տիրապետել՝ մասնավորապես երկրի մակարդակով, մարզերի մակարդակով պատվաստվածներից քանիսն են հիվանդանում, քանիսն են ինտենսիվ թերապիայի բաժին ընկնում, որքանն են մահանում։ Այս հարցերը կարևոր հարցեր են ու հանրային վստահության ձևակերպման տեսանկյունից, օտարեկրացիերի պատվաստման ցուցանիշը կարևոր է, բայց դա, ըստ իս, ֆունդամենտալ, մեծ ցուցանիշ չի կարող լինել, տասնյակ հազարավոր մարդիկ չեն լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ օտարեկրացիների վիճակագրությունը միայն օգոստոսի 4-ի դրությամբ է ներկայացվել։

Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները չեն կատարվում, մասնագետն առաջարկեց դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Ընդհանուր առմամբ մենք ունենք արդար վիճակագրություն, վստահ կարող ենք ասել՝ վիճակագրությունը չի թաքցվում, սակայն կան անհամապատասխանություններ տարբեր աղբյուրներում հրապարակված վիճակագրական տվյալներում՝ մասնավորապես քովիդի մահացությունների վերաբերյալ, վիճակագրական կոմիտեի տվյալները որոշակիորեն տարբերվում են հիվանդությունների կանխարգեման ու վերահսկման կայքում տեղադրված տվյալներից, սա իհարկե լավ չէ, կարևոր է հասկանալ պատճառներն ու շտկել։ Կարող ենք ասել՝ կան բացեր, որոնք պիտի լրացվեն»,- կարծում է մեր զրուցակիցը։

ՍիվիլՆեթը դիմեց նաև մի շարք կառույցների ու կազմակերպությունների՝ հասկանալու, թե որքան է կազմում օտարերկրացիների թիվը հայաստանյան պատվաստումների կառուցվածքում։

Բոլոր այն բժշկական կենտրոնները, որոնք պատվաստումներ են իրականացնում կամ չպատասխանեցին մեր հարցերին, կամ էլ հայտնեցին, որ տվյալներին տիրապետում է առողջապահության նախարարությունը։ Վերջինս չպատասխանեց ՍիվիլՆեթի հարցմանը։

Մեր հարցմանը չպատասխանեցին նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակից, իսկ Հայաստանում Իրանի դեսպանատունը տեղեկություններ չտրամադրեց Հայաստանում պատվաստված իրանցիների թվի մասին։

Եթե հիմք ընդունենք փաստը, որ Հայաստանում պատվաստումային գործընթացը սկսվել է ապրիլի կեսերից և մինչև հոկտեմբերի 17-ը բոլոր պատվատվածների թիվը (588 385 պատվաստում) բաժանենք օրերի քանակին (185), կստանանք օրվա կտրվածքով 3 180 պատվաստված անձի մասին օրական միջին տվյալ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարել էր «օրական պատվաստումների առնվազն 5 000 տեմպը պահել», եթե այդ տեմպը իսկապես պահվեր, ապա պատվաստումային գործընթացի մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը Հայաստանում պատվաստված կլիներ 925 000 մարդ։

Հայաստանի կառավարությունը պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով նաև համապատասխան հրամաններ ու որոշումներ է հրապարակել․ մասնավորապես ներկա կարգավորումներով աշխատող քաղաքացիները աշխատավայր մուտք գործելիս կամ պետք է լինեն պատվաստված կամ երկու շաբաթը մեկ պիտի ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը։ Ավելին, կառավարությունը քննարկում է չպատվաստված քաղաքացիների բուժումը կորոնավիրուսից վճարովի դարձնելու հնարավորությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պետական կառավարման համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի։

Որպեսզի երկրում կայուն իմունիտետ ապահովվի, պետք է պատվաստվի բնակչության առնվազն 70 տոկոսը՝ 2 970 450-ից 2 079 315 բնակիչ, այս ցուցանիշին հասնելու համար նախարարությանն անհրաժեշտ է ևս 2 տարի։

Ի դեպ, պատվաստման մասին տեղեկատվությունը հավաքվում է էլեկտրոնային առողջապահության՝ Արմեդ համակարգում, մարդիկ հնարավորություն ունեն ներբեռնել հավելվածը՝ տեսնելով իրենց պատվաստման տվյալները ու QR կոդը։

Այսպիսով՝ առ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե որքան են կազմում ընդհանուր պատվաստվածների թվում օտարերկրացիները, բացի այդ, չի տրամադրում օրական պատվաստումների վիճակագրության մասին տեղեկություններ։

Ստորև ներկայացնում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները պատվաստումների վերաբերյալ՝ ըստ ամսաթվերի։

Գևորգ Թոսունյան
Մկրտիչ Կարապետյան

_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend