Հայտարարություններ

Հայտարարություն Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ

14 օգոստոսի, 2020

 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:

Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար պայմաններում: Անցած մի քանի ամիսների ընթացքում Բելառուսի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով համակարգված ճնշել է ժողովրդավարական ընդդիմությանը:  Ըստ անկախ դիտորդների և բելառուսական քաղաքացիական հասարակության՝ արձանագրվել են ընտրական իրավունքի զանգվածային խախտումներ, այդ թվում՝ ընտրական գործընթացի ժամանակ ընտրատեղամասերում համատարած կեղծիքներ, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա: Բելառուսական ընդդիմության իրականացրած հարցումները (էգզիթ-փոլերը) և ձայների այլընտրանքային հաշվարկը ցույց են տալիս թվերի հսկայական անհամապատասխանություններ:

2020թ․ օգոստոսի 9-ին և 10-ին՝ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բելառուսի ժողովուրդը հավաքվեց՝ իրացնելու իր՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը: Մենք համոզված ենք, որ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում խաղաղ ցույցերի բռնի ցրումը իրավապահ մարմինների կողմից անօրինական էր և անհամաչափ: Մենք անհանգստացած ենք այն տեղեկությամբ, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակներից և ռետինե փամփուշտներից, ինչպես նաև բերման են ենթարկվել և ձերբակալվել բազմաթիվ անձինք: Կցանկանայինք շեշտել, որ ինտերնետի զանգվածային խափանումը լրջորեն խոչընդոտել է անկախ լրատվամիջոցների լուսաբանմանը և խախտել մարդկանց՝ խոսքի ազատության իրավունքը, ներառյալ՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը:

Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի քաջ ժողովրդին՝ հանուն արժանապատվության, ժողովրդավարության և ազատության իրենց պայքարում:

Կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների դեմ բռնի գործողությունները, ազատել քաղաքական հիմքով բերման ենթարկված/ձերբակալված բոլոր անձանց և իրականացնել անկողմնակալ հետաքննություն ուժի ապօրինի և անհամաչափ կիրառման վերաբերյալ:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհապաղ և արդյունավետ գործողություններ, որոնք կկանխեն Բելառուսում բռնությունների սցենարի հետագա սրացումը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend