Հայտարարություն «Aravot.am»-ի յութուբյան ալիք հաքերային հարձակման վերաբերյալ
- March 16, 2023
- Category: Հայտարարություններ
Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: Այն վերաբերում էր մոտակա ժամերին հրապարակվելիք հետաքննական տեսանյութին։
Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետների նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ գործողությունների ձեռագրի տեխնիկական ընդհանրությունը։ Մասնավորապես՝ մասնագետները նկատել են այս դեպքի և մեկ այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի յութուբյան ալիքի վրա այս տարվա հունվարին իրականացված հաքերային հարձակման տակտիկայի համընկնում։ Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում, երբ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ անհեթեթ և հեգնական մեկնաբանություններ են տարածում սոցցանցերում՝ մեղքը բարդելով նույն լրատվամիջոցի վրա։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպեսև «Aravot.am»-ը, առայժմ ձեռնպահ ենք մնում մեղադրանք ուղղել որևէ մեկի հասցեին, քանի դեռ ձեռք չեն բերվել ապացույցներ։ Սակայն մեզ իրավունք ենք վերապահում արձանագրել և համադրել փաստերը՝ հանրային ուշադրություն հրավիրելով դրանց վրա։
Արտահայտելով մեր վրդովմունքը լրատվամիջոցի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ՝ պահանջում ենք․
- Իրավապահ մարմիններից՝ այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում կիբեր-հանցագործության մասին և անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
- Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներից՝ զերծ մնալ անհիմն ենթադրություններից և մեկնաբանություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան խնդրի էությունից ուշադրությունը շեղելու փորձեր։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ