Հայտարարություն. Վերապատրաստում՝ մանկապարտեզների ուսուցիչների համար մեդիագրագիտության ուղղությամբ
- February 4, 2021
- Category: Հայտարարություններ
Մեր ժամանակներում քննադատական մտածողություն ունենալն ու մեդիագրագետ լինելն էական անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար:
Քննադատական մտածողության ու մեդիագրագիտության զարգացման պրոցեսում ուսուցչի դերը որոշիչ է։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեդիագրագետ են այն հասարակություններն, որոնք կարևորելով ուսուցչի դերը վերջինիս տրամադրել են համապատասխան կրթություն և գործիքակազմ՝ մեդիագրագետ հասարակություն կրթելու համար։
Ուշադրություն․ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հրավիրում է նախադպրոցական կրթական հաստատությունների ուսուցիչներին մասնակցելու մեդիագրագիտության ուղղությամբ վերապատրաստման ծրագրի։
Այս վերապատրաստումը բացառիկ հնարավորություն է նոր գիտելիք ու տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու համար։
Վերապատրաստման շրջանակում կիրականացվեն 4 վեբինարներ ամերիկացի մեդիափորձագետ, Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար Շերրի Քուլվերի առաջնորդությամբ։
Վեբինարները տեղի կունենան հետևյալ օրերին, հետևյալ թեմաներով՝
- Փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին – «Մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության սահմանումները, դրանց միջև եղած տարբերությունները, մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը»։
- Փետրվարի 26-ին, ժամը՝ 16։00-ին –«ԱՄՆ-ի վաղ մանկության կրթական ծրագրերում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտությունը, դրա փորձը և օրինակները»:
- Մարտի 5-ին, ժամը՝ 16։00-ին– «Տեսություն և պրակտիկա: Ինչպե՞ս է քննադատական մտածողությունը և մեդիագրագիտությունը դասավանդվում ԱՄՆ նախադպրոցական կրթության ոլորտում»:
- Մարտի 12-ին, ժամը՝ 16։00-ին – «Մեթոդներ, գործնական գիտելիք և հմտություններ մեդիագրագիտություն դասավանդելու համար, ուսուցիչների ինքնակրթության համար նախատեսված հնարավոր հարթակներ»։
Բոլոր 4 վեբինարներին ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ցուցաբերած մասնակիցները կստանան մասնակցության վկայական, ինչպես նաև կստանան առավելություն՝ մասնակցելու այս տարվա գարնանը Երևանում տեղի ունենալիք մեկօրյա սեմինարին, որը նույնպես անցկացնելու է Շերրի Քուլվերը։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 15-ը լրացնել մասնակցության հետևյալ հայտը։
Վեբինարի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։
Վեբինարները տեղի կունենան Zoom հարթակում, կտրամադրվի հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։