Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները
- May 2, 2019
- Category: Նորություններ
Հայտնի են «Բաց կառավարման տվյալների Հեքըթոնի» հաղթողները. տեխնոլոգիական, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքների համադրված ներուժը՝ հանուն բաց ու թափանցիկ կառավարման
4 նորարար գաղափար կյանքի կկոչվի. ապրիլի 14-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացավ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ի մրցանակաբաշխությունը. հայտնի դարձան մրցույթի հաղթող թիմերը:
Ապրիլի 13-14-ը 24 ժամ շարունակ Հեքըթոնի 28 մասնակից–թիմերը զարգացրել ու մշակել էին գաղափարներ, նորարար լուծումներ՝ ուղղված ՀՀ կառավարման մի շարք ոլորտները ավելի բաց ու թափանցիկ, ավելի հաշվետու ու վերահսկելի դարձնելուն, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն: Հեքըթոնն ուներ ոլորտային ուղղվածություն․ մասնակիցներին առաջարկվել էր մշակել գաղափարներ, որոնք կհամընկնեն Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ, որոնք վերաբերում են առողջապահական, ջրային և հողային ռեսուրսների կառավարմանը։ Հեքըթոնը նաև ուներ հակակոռուպցիոն նախագծերը խթանող առաքելություն։
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ողջույնի խոսքում կարևորեց կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման այս միջոցառումը՝ նշելով դրա ազդեցությունը բաց և ժողովրդավար պետություն կառուցելու գործում:
Միջոցառումը նախաձեռնել էին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն իր գործընկերներ՝ Արմավիրի զարգացման կենտրոնի, ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։
«Բաց տնտեսություն, բաց կառավարում, բաց հասարակություն, դա է մեր բոլորի նպատակն ու իղձերը, և այս ամենը հենց դրա համար էլ իրականացվում էր, իսկ տեխնոլոգիական լուծումը ընդամենը այս երեքի միջև ոչ թե գծիկ կդնի, այլ հավասարության նշան»,- իր խոսքում նշեց Համաշխարհային բանկի արտաքին և կորպորատիվ կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը։
Հաղթողները
gradientAM թիմ
gradientAM թիմը ստեղծել էր ծրագրային նախատիպ, որը մեքենայական ուսուցման ալգորիթմների կիրառմամբ պարզում է հողատարածքների նպատակային օգտագործման անհամապատասխանությունները կադաստրում գրանցված և իրական տվյլաների միջև, ինչը կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, տեսչական գործընթացի օպտիմիզացմանը, ապօրինի հողօգտագործման դեպքերի բացահայտմանը:
Թիմն արժանացավ միանգամից երկու մրցանակի՝ Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից՝ 4000 ԱՄՆ դոլար (հարկերը ներառյալ) և Հանրային լրագրության ակումբի կողմից` 3500 ԱՄՆ դոլար (հարկերը ներառյալ)։
AD infinitum թիմ
AD infinitum թիմը ստեղծել էր ծրագրային նախատիպ, որն իրականացնում է Շտապ օգնության ծառայության տվյալների մշակում և օգտակար անալիտիկ հետևությունների ստացում՝ Վեբ ֆորմատով և տարատեսական գործիքերի կիրառմամբ:
Թիմն արժանացավ խրախուսական մրցանակի Հանրային լրագրության ակումբի «Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարների հեքըթոն» ծրագրի շրջանակներում՝ ստանալով 2500 ԱՄՆ դոլար (ներառյալ հարրկերը)։ Թիմը հնարավորություն ստացավ երկամսվա խորհրդատվական շրջան անցնելու և զարգացնելու գաղափարը՝ համապատասխանեցնելով այն հեքըթոնի հայտարարած առաջնահերթություններին և կոռուպցիայի ռիսկերի նվազեցման նպատակին։
Agro Tech թիմ
Agro Tech թիմը ստեղծել էր ոռոգման համակարգի էլեկտրոնային մեխանիզմի նախատիպ, ինչը գյուղատնտեսության նախարարությանը և յուրաքաչնյուր գյուղատնտեսի կօգնի ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսների պաշարը:
Agro Tech թիմը Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից արժանացավ մրցանակի` 4000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը)։
The only one թիմ
The only one թիմը ստեղծել էր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բյուջետային միջոցների առավել արդյունավետ բաշխման նպատակով պետական պատվերների տրամադրման և վերահսկման առկա համակարգի օպտիմալացման և նորարարական լուծումների կիրառմամբ, կառավարման նոր գործիքների և ծառայությունների տրամադրման առցանց հարթակի նախատիպ, որի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ հավաստի մեծ տվյալներ, ավտոմատացված վերլուծություններ, առցանց իրականացնել այցելությունների ամրագրում և հերթագրում, ունենալ բաց, թափանցիկ և ժամանակակից առողջապահական համակարգ:
The only one թիմը Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից արժանացավ մրցանակի` 4000 ԱՄՆ դոլար (ներառյալ հարկերը)։
Բոլոր մասնակիցների գաղափարների ներկայացումներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
«Բաց ու թափանցիկ կառավարումն ապահովելը պետության պատասխանատվությունն է, սակայն կարծում եմ, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նախաձեռնություններում մեր երկրի յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը կարևոր է: Միայն թափանցիկ ու հաշվետու կառավարումն է ապահովում քաղաքացի-պետություն հարաբերություններում վստահությունը, ինչը կարևոր նախապայման է պետության զարգացման համար»,- նշեց Հանրային լրագրության ակումբ ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը։
«Շատ կարևոր է կառավարություն և քաղ. հասարակություն երկխոսության և համագործակցության ձևավորումը՝ հաշվետու, թափանցիկ, մասնակցային և նորարարական կառավարություն ձևավորելու գործընթացում, Բաց կառավարման գործընկերության գործողություների ծրագրի հանձնառությունները նպաստում են դրանց իրականացմանը»,- ասաց ԱԶԿ ՀԿ գործադիր տնօրեն Նաիրա Առաքելյանը։
Հեքըթոնի իրականացման նպատակն էր միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության և տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը պետական կառավարման համակարգում, բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարումը պետական ամենատարբեր ոլորտներում։
Մինչ մրցանակաբաշխությունը՝ գաղափարների մշակման ընթացքում, բոլոր թիմերը ստացել են խորհրդատվական, մասնագիտական աջակցություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետների կողմից: Ուկրաինայից Հայաստան էին ժամանել փորձագետ, Սոշըլ բուսթ (SocialBoost) կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Շնիրկովան և ՍԵՏԱՄ (“SETAM”) ընկերության գլխավոր տնօրեն, բլոկչեյն տեխնոլոգիայի մասնագետ Վիկտոր Վիշնյովը: Նրանք ապրիլի 13-ին հեքըթոնի մասնակիցների համար ներկայացրեցին Ուկրաինայում բաց կառավարման փորձն ու նորարար նախագծերը, բաց տվյալների օգտագործման ուկրաինական լավագույն փորձը, Ուկրաինայի կառավարության կողմից իրականացվող բաց և թափանցիկ կառավարման նախաձեռնությունները, Բլոկչեյն համակարգով իրականացվող բաց տվյալների ու բաց կառավարման ծրագրերը:
Դիտե՛ք տեսագրությունն այստեղ:
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկել:
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 2011 թվականին, Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ու Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառումը սովորաբար տևում է 24 ժամ, որի ընթացքում ՏՏ ոլորտ ներկայացնող թիմերը մշակում են խնդիրների լուծումներ առաջարկող հավելվածներ կամ ծրագրեր և մրցում իրենց նորարար գաղափարներով։ Մասնագիտական անկախ ժյուրին ընտրում է հաղթող թիմերին, որոնք ստանում են մրցանակներ, ինչպես նաև ներդրումային այլ հնարավորություններ։
Համագործակցող ծրագրերի նկարագրություն
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարների հեքըթոնը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ն, իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև ISTC- Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․ փետրվարին, տևելու է հինգ ամիս։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու պարբերաբար թարմացումներ կլինեն ՀԼԱ կայքում՝ www.pjc.am:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
«Աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է ստեղծել տեղական/ազգային մակարդակով հանձնառությունների փաթեթ՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ու կառավարության պատասխանատվության: