Հայտարարություններ

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Ուկրաինայի նկատմամբ պուտինյան վարչակազմի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ

Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի կողմից սանձազերծած լայնամասշտաբ, արյունաբեր պատերազմը հանցագործություն է, ինչպես ռազմական ճանապարհով կոնֆլիկտի լուծման ցանկացած այլ փորձ։

Անտեսելով միջազգային կառույցների և պետությունների ջանքերը՝ դիվանագիտական միջոցներով լուծելու գոյություն ունեցող խնդիրները, անտեսելով ոչ մի հիմնավորում չունեցող հարձակման, պատերազմի կանխմանն ուղղված առաջարկներն ու փորձերը՝ Վ․ Պուտինի հրապարակային սպառնալիքները, ագրեսիվ հռետորաբանությունը և ռազմական գործողություններ իրականացնելուն ուղղված հրամանները հանգեցրել են մի իրավիճակի, որն իր հետևանքներով աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկային քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում։

Ռուսաստանի գործողությունները որևէ ընդհանրություն չունեն ցանկացած իրավական պետության նորմերի և արժեքների հետ։ Ավելին, Վ․ Պուտինն իր սանձազերծած պատերազմով մարտահրավեր է նետում ողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը։

Մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս համար առավել քան ակնառու են պատերազմի միջոցով որևէ խնդրի լուծման դառը հետևանքները, որոնց առնչվեցինք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ալիևի վարչակազմի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում։

Հաշվի առնելով հնարավոր և իրական ռիսկերը՝ ներքաշելու Հայաստանի Հանրապետությանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ պատերազմին, մենք՝ ներքոնշյալ կազմակերպություններս և անհատներս, հրապարակավ պահանջում ենք ՀՀ Կառավարությունից ոչ միայն դատապարտել Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմը պուտինյան ռեժիմի կողմից, այլև կանխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքաշումը այդ հակամարդկային և հակաքաղաքակրթական հանցավոր արկածախնդրության մեջ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և ելնել իրենց կողմից բազմիցս հնչեցրած սկզբունքից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառման սպառնալիքի ու պատերազմի միջոցով։

Միաժամանակ ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ ջանքեր կիրառել՝ պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները՝ այստեղ:

Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը հասանելի է՝ ԱՅՍՏԵՂ

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend