Նորություններ

Խնդիրներ և առաջարկներ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության վերաբերյալ

 

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբը կազակերպել էր քննարկում՝ ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության շուրջ։ Փաստաթղթի հրապարակումից հետո, մարդու իրավունքների պաշտպանության և քրեական արդարադատության ոլորտներում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում քննադատական կարծիքներ են արտահայտել քսանամյա ռազմավարության վերաբերյալ։

ՀՀ Արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ՝ ուղղված ռազմավարության փաստաթղթի բարելավմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկմանը մասնակից նախարարության ներկայացուցիչները լիազորված չէին ներկայացնելու իրենց գերատեսչության տեսակետները, քննարկման ժամանակ հնչած առաջարկները շարադրվեցին միակողմանի՝ առանց նախարարության դիտարկումների։ Փաստաթղթի վերաբերյալ միասնական կարծիք չկար։ Ոմանց կարծիքով նախկին իշխանությունների ստեղծած ռազմավարությունից պետք է հրաժարվել և  ստեղծել նորը։ Ոմանք  դեմ չեն վերանայել գոյություն ունեցող փաստաթղթի դրույթները՝ այնտեղ ներմուծելով դրույթներ և ծրագրային գործողություններ, որոնք առավելապես հիմնված կլինեն մարդու իրավունքների վրա։ Ընդ որում այդ ծրագրային գործողությունները պետք է լինեն կոնկրետ, հստակ չափելի և ժամանակային կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմով։ Ըստ փորձագետների, ռազմավարությունը խոցելի է այն  տեսակետից, որ ոչ թե նոր մոտեցումներ է ամրագրում, այլ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավում է ենթադրում, ինչի համար ռազմավարություն գրել պետք չէր։

Ռազմավարությունը պետք է ապահովի պատժողական քաղաքականության սկզբունքներից  հրաժարվելու և վերականգնողական արդարադատության սկզբունքներ ներդնելու հնարավորությունը, որի արդյունքում համակարգի ընդհանուր վիճակը կբարելավվի։ Իսկ ներկա իրավիճակի բարելավման համար բավարար են հասարակական դիտորդական խմբերի և ՄԻՊ-ի տարեկան զեկույցներում բարձրաձայնած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Ավելին, դրա համար հարկավոր չէ սահմանել քսանամյա ժամկետ,  բավարար է նաև  3-5տարին։

Թեև հասարակական դիտորդական խմբերի տարեկան զեկույցներում համակարգի խնդիրները մշտապես են ներկայացվում, այդուհանդերձ, ռազմավարական փաստաթղթում նախարարության համար դեռևս առաջնահերթություն են մնում ՔԿ համակարգում  խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծման համար թիրախային քայլերի ձեռնարկումը։ Փորձագետներն արձանագրեցին այն առանցքային բացթողումները, որոնք առկա են փաստաթղթում և ներկայացրին ընդհանուր առաջարկներ, որոնց վերաբերյալ գործողությունների ծրագիր են ակնկալում։  Մասնավորապես, անհրաժեշտ է։

  1. Հստակեցնել  համակարգի կառավարման մոդելի փիլիսոփայությունը։  

Կառավարման ձևի համար ելակետային պետք է լինեն մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Մինչդեռ ռազմավարությունը չի արտացոլում այդ փիլիսոփայությունը։ Բացի այդ, չկան հստակ հաշվարկներ, թե  իրավունքների  ապահովման համար ինչ ռեսուրսներ և ինչպիսի մասնագետներ են պահանջվում։ /Համաշխարհային ստանդարտով համակարգում գործում է երեք դատապարտյալ՝ մեկ աշխատակից հարաբերությունը, մինչդեռ Հայաստանում դատապարտյալների և բանտային աշխատակիցների թիվը հավասար է/։ Ռազմավարության մեջ արտացոլված չէ կառավարման այն փիլիսոփայությունը, որը պետք է բխի մարդուն վերափոխելու և հասարակություն վերադարձնելու գերնպատակից։ Դեռևս պահպանվում է առավել վերահսկելի իրավիճակ ունենալու համար մարդուն բանտում պահելու իներցիան։ Փորձագետներն առաջարկում են հստակ մոտեցումներ ամրագրել։ Արտաքին պահպանության հաստիքից առնվազն 600-ը համակարգի ներսում վերաբաշխել այնպես, որ ապահովվի դատապարտյալների հետ վերասոցիալականացման արդյունավետ աշխատանքը /ներկա պահին 2100 բանտային  աշխատակցից 700-ը արտաքին պահպանության ծառայողներն են/։ Նույնը վերաբերում է նաև վարչական աշխատողներին։ Նրանց թիվը չպետք է գերազանցի հիմնական անձնակազմի հինգ տոկոսը, բայց հայաստանյան իրականության մեջ կրկնակի գերազանցում է համաշխարհային ստանդարտը։ Հստակեցնել վերասոցիալականացման ծրագրերը, այդ թվում՝ թիրախային կրթական, աշխատանքի և զբաղվածության, ամրագրել դրանց նկատմամբ պետության մոտեցումը։

  1. Ռազմավարության մեջ արտացոլել պատժի և խրախուսանքի միջոցների հարաբերության  համակարգը, դատապարտյալի սոցիալական կապերի պահպանման առավելությունը՝ անձի ուղղման և վերաինտեգրման համար։

Փաստաթղթում արձանագրված չէ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխման անհրաժեշտությունը, վերաինտեգրմանն ուղղված նպատակների մեջ  չկան կրթության նպատակով կարճաժամկետ մեկնումներին, երկարատև կամ կարճատև տեսակցություններին վերաբերող  ծրագրային գործողություններ։

  1. Ռազմավարության մեջ արտացոլված չէ  նաև մեկուսացվածության աստիճանի փոփոխության ճկուն մեխանիզմների ներդրումը՝ իբրև ազատման համար կարևոր ինստիտուտի կենսագործունեության պայման։

ՔԿՀ պետը լիազորություն չունի իր կողմից վերահսկվող դատապարտյալին մի ռեժիմից մեկ այլ ռեժիմ տեղափոխելու։ Անհրաժեշտ է փոխել տեղաբաշխման հանձնաժողովի կարգը և սահմանել այդ իրավասությունը՝ իրավական ակտերում կատարելով անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի դատապարտյալի տեղափոխման որոշումը կայացնի  ՔԿՀ պետն իր բազմամասնագիտական թիմով, այլ ոչ թե վարչարարներ, որոնք երբևէ չեն տեսել  դատապարտյալին։ Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխման նպատակով տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը կվերահսկեն տարբեր տեսչական մարմիններն ու դիտորդական խմբերը/։

  1. Ընկալելի դարձնել ռազմավարական փաստաթղթում սահմանված հասկացությունները։ Օրինակ, խոսվում է համակարգում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման մասին,  սակայն որևէ տող չկա Պրոբացիայի ծառայության մասին։

Մինչդեռ վերականգնողական արդարադատությունը ուղիղ կապ ունի ոչ թե բանտային ռեֆորմի, այլ Պրոբացիայի ծառայության հետ։ Այն ենթադրում է տուժողին և համայնքին պատճառված վնասի փոխհատուցում, հաշտարարություն տուժողի հետ՝ պատժի կրման փուլում։ Բանտային բարեփոխումները ենթադրում են Պրոբացիայի շահառուների թվի ավելացում 1:3 հարաբերությամբ՝ հօգուտ Պրոբացիայի։ Փորձագետների հաշվարկով 3-5 տարում Հայաստանում հնարավոր է ունենալ ընդամենը 4 ՔԿՀ՝ լավագույն պայմաններով, եթե բանտերի բնակիչների թվի նվազումը կատարվի  Պրոբացիայի ծառայության ուժեղացման հաշվին։  Ռազմավարությունը չի արտացոլում  Պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացման նպատակը, մինչդեռ այն ուղիղ կապ ունի ՔԿՀ-երի օպտիմալացման նպատակի հետ։ Այսպես, 2017թ-ին ՀՀ-ում դատապարտվել է 2410 մարդ։ 1284-ը դատապարտվել է մինչև հինգ տարվա ազատազրկման (նրանցից 750-ը՝ մինչև երկու տարի ժամկետով), 181-ը՝ կալանք պատժատեսակի, որի առավելագույն ժամկետը  երեք ամիս է։ Եթե դատապարտյալի վտանգավորության աստիճանը բարձր է, ինչո՞ւ է ազատազրկումը երկու տարով, եթե բարձր չէ և հնարավոր է նրան երկու տարում պատրաստել հասարակություն վերադառնալուն, ինչո՞ւ է նա ՔԿՀ-ում։ Բանտերի բնակիչների թվի նվազումը «Սոցիալական արդարություն» հկ հաշվարկներով առաջացնում է 3 միլիարդ 572 մլն չծախսված և խնայված գումար, որը հնարավոր է ուղղել Պրոբացիայի ծառայության կայացմանը։

  1. Ռազմավարությունը չի պարունակում քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված դրույթներ։

Սա ենթադրում է, որ փաստաթղթում պետք է անդրադարձ կատարվի բանտերի ֆինանսական անկախությանը, դինամիկ անվտանգության համակարգի ներդրմանը, և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ համագործակցությանը։

  1. Ռազմավարությունը չի ընդգրկում բոլոր խոցելի խմբերի իրավունքների շրջանակը։

Փորձագետներն արձանագրում են, որ ռազմավարությունը իբրև խոցելի խումբ դիտարկում է հաշմանդամություն ունեցող անձանց, մինչդեռ այդ խմբերը բազմազան են։ Օրինակ, ոչ մի խոսք չկա կանանց և  ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին, մինչդեռ պրակտիկայում այդ խմբերի իրավունքների հետ կապված շատ խնդիրներ կան, որոնց անդրադարձել են հասարակական դիտորդական խմբերն իրենց տարբեր զեկույցներում։

  1. Արդարադատության սիրտը դատարաններն են, որոնց նույնպես ռազմավարությունը որևէ կերպ չի անդրադառնում։ Արտացոլված չէ Քրեակատարողական ծառայության կապը դատարանների, դատախազության, այլ մարմինների հետ։
  2. Ռազմավարության գործողության կատարման վերստուգելի չափանիշերըհիմնականում հռչակագրային բնույթ են կրում։

Ռազմավարության նախանշած միջոցառումների նպատակն ու ակնկալած արդյունքը չեն համընկնում։ Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումների վերստուգելի չափանիշը կոռուպցիայից զերծ մշակույթի ներդրումն է, որի կատարման չափելիությունը հստակ չէ։ Կամ, փաստաթղթում վերստուգելի չափանիշ է արձանագրվել միջազգային փորձի ուսումնասիրությունը, մինչդեռ ռազմավարությունները գրվում են այդ ուսումնասիրություններն ու ֆինանսական վերլուծություններն անելուց հետո։ Արդարադատության նախարարության ռազմավարությունը չի հենվում բանտային համակարգի ամբողջական վերլուծության տվյալների վրա։ Ավելին, նման հետազոտություն գոյություն չունի/համակարգի խնդիրների մասին հայտնի է միայն ԶԼՄ-երի, ՄԻՊ-ի և դիտորդական տարբեր խմբերի առանձին արձանագրություններից/։

Ամփոփագրի համար հիմք է հանդիսացել 2019 թվականի մարտի 13-ին կազմակերպված «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարություն» թեմայով փորձագիտական քննարկումը:

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ իրականացվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend