Հայտարարություններ

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

Հանրային լրագրության ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր, և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։ Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին: Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և դուրս մղել նրանց իրենց տներից։ Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել․ բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ:

Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որն իրականում տեղի է ունենում  սովի ենթարկելու միջոցով:

 Անվտանգության խորհուրդից, մասնավորապես պահանջվում է՝

  • Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։
  • Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։
  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար:
  • Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։

 

Հանրային լրագրության ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend