Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին

Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, նախատեսում է անվճար հոգեբանական աջակցություն տրամադրել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում։

Այս նախագիծը Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Ծրագրով նախատեսված անհատական կամ խմբային հոգեբանական խորհրդատվությունից կարող են օգտվել մեդիայի այն աշխատակիցները (լրագրող, օպերատոր, խմբագիր, բովանդակության ստեղծող), որոնք լուսաբանել են․

  • պատերազմական գործողություններ,
  • արտակարգ իրավիճակներ,
  • տրավմատիկ իրադարձություններ, պատմություններ,
  • հետպատերազմյան զարգացումներ,
  • ողբերգական դեպքեր,
  • ճգնաժամեր։

Հոգեբանական աջակցությունն ըստ կարիքի և թիրախային տրամադրելու նպատակով՝ ՀԼԱ-ն հավաքագրում է հետաքրքրված գործընկերների կոնտակտային տվյալներ, որոնք օգտագործվելու են բացառապես ծրագրային տեղեկությունների տրամադրման և անհրաժեշտ խորհրդատվությունների կազմակերպման համար։

Եթե ձեզ հետաքրքրեց այս նախաձեռնությունը, ապա խնդրում ենք մինչև ս․թ․ հուլիսի 31-ը լրացնել այս առցանց հայտը։

Մեր կազմակերպության հետ համագործակցող «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի պրոֆեսիոնալ մասնագիտական խումբն իրականացնելու է մեդիայի աշխատողների կարիքների գնահատում, որից հետո տրամադրվելու է հոգեբանների ցանկ՝ ձեր ընտրությամբ դիմելու և խորհրդատվությունից օգտվելու համար։

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է լինելու․ դրանց հասանելիություն ունենալու են միայն հոգեբանները, ում դուք կընտրեք անհատական հանդիպումների համար։ Անհատական հանդիպումները կարող են անցկացվել ինչպես առցանց, այնպես էլ անցանց։ Հանդիպումների պարբերականությունը կորոշվի՝ հաշվի առնելով ձեր ցանկությունն ու մասնագետի ցուցումը։

Հավաքելով համապարփակ տվյալներ՝ մենք նպատակ ունենք հասկանալու ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ վնասները, որոնք կրում են լրագրողներն ու լրատվամիջոցների աշխատակիցները՝ այս դժվարին ժամանակներում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս:

__________

Ծրագրի մասին

Հանրային լրագրության ակումբը «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագիծն իրականացնում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն առաջնորդում է Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպությունը։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հոգեբանական աջակցության նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend