Ստուգված նյութեր

Հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների կտրուկ աճ Պաշտպանության նախարարությունում

Հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մշտապես գտնվող պետական գնումների թեման հետաքրքրությունը չի կորցնում անգամ համաշխարհային առողջապահության համար մղձավանջ դարձած կորոնավիրուսային համավարակի ժամանակ։

2017 թվականից ուժի մեջ մտած «Գնումների մասին» օրենքը սահմանում է պետական մարմինների կողմից իրականացվող գնումների ընթացակարգերն ու դրանց կիրառման պայմանները: Պետական գնումներն իրականացվում են տարբեր ընթացակարգերով՝ էլեկտրոնային աճուրդի, մրցույթի, գնանշման հարցման և մեկ անձից գնման միջոցով:

Պետական գնումների մասին տեղեկատվություն կարելի է գտնել բաց աղբյուրներում, օրինակ` ՀՀ ֆինանսների նախարարության ARMEPS և  gnumner.am համակարգում կամ tender-monitoring.am կայքում, որտեղ համակցված են ARMEPS և էլեկտրոնային ռեգիստրի՝ e-register համակարգերի տվյալները։

Հաճախ պետական կառույցները հանրային միջոցներից սեփական կարիքների համար գնումներ կատարելիս պատշաճ կերպով մրցույթ չեն կազմակերպում և գնումն իրականացնում են առանց մրցույթի՝ առավելություն տալով գնանշման հարցման և մեկ անձից գնմանը, ինչն ամենախրախուսելի ձևը չէ հանրային միջոցները տնօրինելու տեսանկյունից և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Ուսումնասիրել ենք Պաշտպանության նախարարության հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումները՝ պարզելու, թե ինչպիսի պատկեր է առկա այս գերատեսչությունում 2017-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» օրենքից հետո։

Ըստ tender-monitoring.am կայքի տվյալների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2011 թվականից մինչև այս տարվա ապրիլի 30-ը կնքել է 3380 պայմանագիր՝ արդյունքում ծախսելով ավելի քան 136 մլրդ դրամ։

Գրաֆիկան tender-monitoring.am կայքի

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ամենամեծ մատակարարների եռյակը կազմում են՝

Գրաֆիկան՝ tender-monitoring.am կայքի

Հաջորդիվ կանդրադառնանք ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նախորդ՝ 2017, 2018 և 2019 թվականներին իրականացրած հրատապ մեկ անձից գնումներին՝ փորձելով հասկանալ, թե տարիների ընթացքում ինչպիսի դինամիկա է արձանագրվել։ Ընտրել ենք նշյալ եռամյա ժամանակաշրջանը՝ հաշվի առնելով ոչ միայն 2017-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» օրենքի ընթացակարգերը, այլև 2018-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունը, նոր իշխանությունների մոտեցումը մեկ անձից ընթացակարգով գնումների կատարմանը։

 

2017 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ծախսել է 409 մլն դրամ։ 2017-ին Պաշտպանության նախարարությունը նույն ընթացակարգով իրականացրել է չորս գնում, որից երեքը՝ ավտոմեքենաների մասերի և պարագաների մեծածախ առևտրով զբաղվող «Արպանիվ» ՍՊԸ-ից, մեկը՝ ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով զբաղվող «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ից։ Հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումներն իրականացվել են 2017-ի տարեվերջին` դեկտեմբերի 25-ին և 28-ին:

«Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ն մեկ անգամ չէ, որ հայտնվել է մեդիայի ուշադրության կենտրոնում, քանի որ այն փոխկապակցված կազմակերպություն է բենզինի շուկայում խոշոր ներմուծողներից մեկին։ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ն պատկանում է Նարեկ Բեգլարյանին՝ «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի որդուն։ (Ընկերությունն ունեցել է ևս երկու համահիմնադիրներ, որոնք վրացի են, սակայն այժմ վերջիններիս գործունեությունը դադարեցված է)։

Ի դեպ, 2018 թվականի հեղափոխությունից հետո, «ՖԼԵՇ» ՍՊ ընկերության շուրջ սկսեցին պտտվել երկու դատական գործեր։ Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ առաջին դատական գործը կապված է 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ընկերության տեխնիկական գծով նախկին տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելու հետ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր սպառնալիքներով կատարված ինքնիրավչության՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ այս դատական գործը ստացվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին։

Երկրորդ դատական գործը, որը ստացվել է 2020 թվականի հունվարի 31-ին, կապված է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում իրականացված չարաշահումների հետ, որի պատճառած վնասներն ընկերությունը փոխհատուցել է:

 

2018 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումներ

2018 թվականին Պաշտպանության նախարարությունը հրատապ մեկ անձից ընթացակարգով գնման պայմանագիր է կնքել կրկին երկու կազմակերպության հետ, այս անգամ «ՏԻԳՎԱՆ» (15,8 մլն դրամ) և «Նորմա-Պլյուս» (600 հազար դրամ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ:

Պաշտպանության նախարարությունը 2018 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ընդհանուր հաշվով ծախսել է 16,4 մլն դրամ, ինչը գրեթե 25 անգամ պակաս է  նախորդ տարում իրականացված գնումների ընդհանուր գումարից։ Ինչպես նախորդ տարվա դեպքում էր, այդպես էլ 2018 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումներն իրականացվել են տարեվերջին` նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 19-ին:

 

2019 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված գնումներ

2019 թվականին պատկերը կտրուկ փոխվում է։ Եթե նախորդ երկու տարիներին Պաշտպանության նախարարությունը հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների համար պայմանագիր էր կնքել ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ապա 2019 թվականի դեպքում պետական գնումներն իրականացվել են 54 մատակարարից, ինչի արդյունքում կնքվել է 69 պայմանագիր։ Պաշտպանության նախարարությունը 2019 թվականին հրատապ մեկ անձից ընթացակարգով կատարված պետական գնումների արդյունքում ընդհանուր հաշվով ծախսել է ավելի քան 2,3 մլրդ դրամ, ինչը գրեթե 141 անգամ ավելին է, քան 2018 թվականին իրականացված գնումների ընդհանուր գումարը։

Առանձնացրել ենք թոփ եռյակը` ըստ պայմանագրերում նշված գնման արժեքի.

Գրաֆիկան tender-monitoring.am կայքի

Բենզինի մեծածախ վաճառք իրականացնող «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2019 թվականի հուլիսի 4-ին` Պաշտպանության նախարարության կարիքների համար ավիավառելիքի ձեռքբերման նպատակով: Ինչպես նշված է Էլեկտրոնային ռեգիստրում՝ «ՄԱՔՍ ՕԻԼ»-ի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը։

Երկրորդ տեղում հայտնված «Մաստերֆուդ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2019 թվականի մայիսի 10-ին` Պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով: Ինչպես նշված է ARMEPS համակարգում` ընկերությունը տրամադրել է տավարի միս և սառեցված ձուկ, բայց ՀՀ Հարկային ծառայության կայքում ընկերությունը գրանցված է, որպես «Այլ մաքրման աշխատանքներ»-ով զբաղվող կազմակերպություն: «Մաստերֆուդ» ՍՊ ընկերությունը 2019 թվականին հայտնվել է Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների ցանկում, որոնք նախկին պաշտոնյաներին փոխկապակցված անձանց են պատկանում։

Երրորդ մատակարարը բժշկական սարքավորումների և գործիքների մեծածախ առևտրով զբաղվող «Ինտերմեդ Գրուպ» ՍՊ ընկերությունն է, որի հետ 2019 թվականին կնքվել է 3 պայմանագիր։ Ընկերությունը հիմնադրվել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ի կողմից, որի գործունեությունը ներկայում դադարեցված է։ Էլեկտրոնային ռեգիստրում կա գրանցված երկու «Ինտերմեդ» ՍՊԸ։ Առաջին «Ինտերմեդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, որի գործունեությունն արդեն դադարեցված է վաղուց։ Երկրորդ «Ինտերմեդ»-ը հիմնադրվել է 2010 թվականին՝ «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ՍՊԸ-ի կողմից։

2019 թվականի դեկտեմբերի 28-ին ՊՆ-ն ուշահաս բանջարեղեն է գնել «Էրիզ Գրուպ» ՍՊԸ-ից՝ ավելի քան 18.7 մլն դրամի պայմանագիր կնքելով։ Ընկերությունը գրանցված է Արցախի Հանրապետությունում և համարվում է պետության 300 խոշոր վարկատուներից մեկը։

Պաշտպանության նախարարության կողմից մեկ անձից հրատապ գնման ընթացակարգով գնման պայմանագրերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 2019 թվականին մեծ տեղ են զբաղեցնում հատկապես բժշկական պարագաների և դեղորայքների գնումները։ 

Ընթացիկ տարում կնքվել է 160 պայմանագիր 133 մատակարարի հետ, ինչի արդյունքում ծախսվել է ավելի քան 10 միլիարդ դրամ։ Այս տարվա դեղորայքի մատակարարների ցուցակում է հայտնվել նաև «Եվրոֆարմ» ՍՊԸ-ն։ Հատկանշական է, որ 2012 թվականի հունվարին տեղի ունեցած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում վարույթ էր հարուցվել մի շարք դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունների նկատմամբ, որոնց թվում է եղել նաև «Եվրոֆարմ» ՍՊԸ-ն։ Վարույթի հարուցման պատճառը կապված է եղել պետական գնումների հետ, որոնք իրականացվել են նախկինում գործող «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով։ 2019 թվականի ամռանը էլեկտրոնային ռեգիստրում գրանցվել է նաև «ԵՎՐՈՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ, որի հիմնադիրը Վովա Գալստյանն է, որն իր գործունեությունը դադարեցրել էր «Եվրոֆարմ» ՍՊԸ-ում։

Եռամյա կտրվածքով դիտարկելիս նկատում ենք, որ հեղափոխությունից հետո՝ միայն 2018 թվականին է, որ նախորդող տարվա համեմատ հրատապ մեկ անձից գնումների անկում է նկատվում, փոխարեն հաջորդող տարում՝ 2019-ին, թիվը 141 անգամ է գերազանցում 2018-ի արդյունքը։ Ընթացիկ տարվա՝ մեկ անձից գնումները ևս աճի տեմպ են կանխագուշակում, հետևաբար կոռուպցիոն ռիսկերը շարունակում են աճել՝ հաշվի առնելով առանց մրցույթի ընթացակարգով իրականացվող պետական գնումների ոչ խրախուսելիությունը։

 

Հեղինակ՝ Անի Սուքիասյան

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend