Հրազդանում օդի փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է. ցեմենտի գործարանը տուգանվել է
- December 5, 2021
- Category: Նորություններ
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________
Բնապահպան ակտիվիստները օգոստոսի 31-ին ահազանգել են, որ Հրազդանի ցեմենտի գործարանի գործունեության արդյունքում օդի աղտոտվածությունը բարձրացել է ոչ միայն այդ քաղաքում, այլև առողջարանային քաղաք Ծաղկաձորում:
Մասնավորապես, «Առողջ Հրազդան» և «Քաղաքացու ձայն» բնապահպանական նախաձեռնությունները հայտնել էին, որ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ -ի գործունեության վնասակար հետևանքները զգում են ոչ միայն Հրազդանի բնակիչները, այլև հարակից բնակավայրերը՝ Մարմարիկի ձորը, Ծաղկաձորը։
«Դեռ մեկուկես տարի առաջ «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել էր «Հրազդան Ցեմենտ»-ի ղեկավարությանը և հավաստիացում էր ստացել, որ զտիչները կտեղադվեն և իրավիճակը կբարելավվի։ Սակայն, մինչ օրս խնդիրը չի լուծվել»,- նշում էին ակտիվիստները։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել, թե արդյոք վերջին շրջանում օդում փոշու կոնցենտրացիան Հրազդանում և Ծաղկաձորում աճել է:
Օդի աղտոտվածություն Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ ինչպես արդյունաբերական գործընթացների, այնպես էլ տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով։
Հայաստանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան(ՍԹԿ) համարվում է 0.15 մգ/մ3:
Կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ Հրազդանում վերջին տարիներին օդում փոշու առավելագույն կոնցենտրացիան գրանցվել է 2017 և 2020 թվականներին: ՍԹԿ-ն գերազանցվել է երկու դեպքում էլ: 2017 թվականին օդում փոշու տարեկան միջին կոնցենտրանցիան կազմել է 0.1805 մգ/մ3, իսկ 2020 թվականին՝ 0.1738 մգ/մ3:
Ի հակադրություն սրա՝ Ծաղկաձորում փոշու կոնցենտրանցիան անհամեմատ ցածր է եղել և չի անցել սահմանային թուլատրելի կոնցենտրացիան(ՍԹԿ): Այն իր գագաթնակետին է հասել 2019 թվականին՝ կազմելով 0.0484 մգ/մ3: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շարժական պասիվ նմուշառման դիտակետ:
2021 թվականի 8 ամիսների ընթացքում Հրազդանում օդի փոշոտվածությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն հունվար և հուլիս ամիսներին:
Գրաֆիկը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի
Ըստ մոնիթորինգի կենտրոնի՝ փոշու օգոստոս ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները Հրազդան քաղաքում 1.5 անգամ: Համեմատության համար նշենք, որ Երևան և Վանաձոր քաղաքներում՝ աննշան գերազանցում է գրանցվել(համապատասխանաբար 0,1518 մգ/մ3 և 0,1561 մգ/մ3):
Ծաղկաձոր քաղաքում Մոնիթորինգի կենտրոնի դիտակայանը և դիտակետերը չեն արձանագրել փոշու կոնցենտրանցիայի թույլատրելի շեմի գերազանցում:
Fip.am-ի հետ զրույցում «Առողջ Հրազդան» բնապահպանական նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանը հայտնեց, որ թեև Ծաղկաձում և Մարմարիկի ձորում չափումները արձանագրված չեն եղել մոնիթորինգի կենտրոնում, բայց այդ օրերին տեսանելի օդի աղտատովածություն է եղել՝ ըստ քամու ուղղության:
Այսպիսով, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալները ապացուցում են, որ ոչ միայն 2021 թվականի օգոստոս ամսին, այլև վերջին տարիներին պարբերաբար Հրազդան քաղաքում մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա չնայած բնակիչների վկայություններին, քաղաքում տեղադրված սարքերը չեն ֆիքսել ՍԹԿ-ի գերազանցում:
Ցեմենտի գործարանը տուգանվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Fip.am-ին հայտնեցին, որ ստացված ահազանգի հիման վրա տեսչական մարմինը Ցեմենտի գործարանում իրականացրել է վարչական վարույթ: Արդյունքում հայտնաբերված իրավախախտման համար ընկերության կողմից լիազորված անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Բացի այդ, ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:
Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ այժմ ընկերությունը իրականացնում է փոշեորսման նոր արդիական սարքավորումների վերազինման աշխատանքներ՝ արտանետումների քանակը նվազեցնելու և տեխնիկական վթարները բացառելու համար:
Նշենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը հիմնադրվել է 1970 թվականին:
Գործարանը գտնվում է Հրազդան քաղաքում, զբաղեցնում է 540 հազար քառակուսի մետր տարածք: Այն ունի երկու արտադրական գծեր, որոնց հզորությունը կազմում է 1,2 մլն տոննա ցեմենտ և 1 մլն տոննա կլինկեր մեկ տարվա ընթացքում:
Փոշու ազդեցությունը քաղաքացիների առողջության վրա
Մասնագետները պնդում են, որ օդի աղտոտվածությունը ծանր ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա: Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյան մեզ հետ զրույցում նշեց, որ օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա կարող է ազդել ալերգեն հիվանդությունների տեսքով:
«Կախված օդի մեջ առկա մասնիկների տեսակի կարող են առաջանալ նաև այլ հիվանդություններ, ընդհուպ մինչև քաղցկեղ, որովհետև որոշակի քիմիական նյութեր, որոնք մենք կարող ենք շնչել և շնչառական ուղիների միջոցով ներթափանցել օրգանիզմ, կարող են լինել քաղցկեղածին»,- նշեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է օրգանիզմի վիճակից և ուղեկցող հիվանդություններից: «Ընդհանուր քաղաքի փոշին բարձր լինելու դեպքում պետք է հասկանալ որքան ժամանակ է մարդն այդ օդը շնչել, արդյոք առհասարակ այդ օդը շնչել է, թե՝ ոչ»,-ասաց Գրիգորյանը:
Այսպիսով, Հրազդան քաղաքում վերջին տարիներին մթնոլորտային օդի փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ բնաչության առողջության վրա: Քաղաքում գործող Ցեմենտի գործարանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարած ստուգումներից հետո ընկերությանը ներկայացվել է բնական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ:
Լուսինե Ոսկանյան
_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։