Ինովացիոն-Տուրիզմ թեմայով առաջին Հեքըթոնը Հայաստանում
- March 31, 2016
- Category: Նորություններ
«Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը (ՀԵՀ), Հանրային լրագրության ակումբի հետ տեղեկատվական համագործակցությամբ, հայտարարում են Ինովացիոն-Տուրիզմ թեմայով առաջին «Հեքըթոն»-ի մեկնարկի մասին, որը «ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների միջոցով Տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրի» հիմնական բաղադրիչն է:
Ինովացիոն-Տուրիզմ թեմայով առաջին «Հեքըթոն»-ը տեղի կունենա Ծաղկաձորում (Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոն) ապրիլի 8-10-ը:
Հեքըթոնին մասնակցելու է 15 թիմ: Տարբեր մասնագետներից կկազմվեն սթարթափ թիմեր, որոնք զբոսաշրջության բնագավառում աշխատող փորձագետների օգնությամբ կմշակեն տուրիզմի զարգացմանն ուղղված նորարարական ՏՏ լուծումներ և միջոցառման ավարտին կներկայացնեն հեղինակավոր ժյուրիին:
Թիմերի առաջարկների ձևավորմանը կնպաստեն նաև զուգահեռ ընթացող թեմատիկ դասընթացները:
Միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կընձեռի 48 ժամ շարունակ շփում հաստատել ոլորտի փորձառու մասնագետների, հավանական ներդրողների հետ, ինչպես նաև ստանալ անհատական աջակցություն և մրցանակներ։
Հեքըթոնի մասնակցության արժեքն է 5,000 ՀՀ դրամ։
Ովքե՞ր կարող են դիմել
Հեքըթոնին կարող են մասնակցել տուրիզմի և ՏՏ ոլորտներով հետաքրքրված երիտասարդներ, որոնք պատրաստակամ են համագործակցելու և իրենց ներդրումն ունենալու զբոսաշրջության ոլորտի զարգացման մեջ: Միջոցառմանը կարող են մասնակցել նաև այլ ոլորտներից հետաքրքրված ներայացուցիչներ։
Ինչպե՞ս դիմել
Թիմեր կարող են ձևավորել միայն այն մասնակիցները, ովքեր հայտը լրացնելուց հետո ընտրվել են հարցազրույցի արդյունքում։
Բոլոր հետաքրքրվածները կարող են լրացնել Գրանցման հայտը։
Գրանցման վերջնաժամկետն է 02․ 04․ 2016թ․
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Ի՞նչ ենք անկնկալում
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում ենք հետևյալ արդյունքները․
- Երիտասարդ մասնագետների ակտիվ համագործակցության միջոցով, սթարթափերի տեսքով ստեղծված 15 նորարական զբոսաշրջային առաջարկներ։
- Շարունակական գործակցության նոր հարթակ ու մթնոլորտ, որը սկիզբ կդնի երիտասարդների ուժերի կենտրոնացմանը և հետագայում աշխատանքային նոր ոլորտների զարգացմանը։
- ՏՏ ոլորտի հնարավորությունների փորձարկում զբոսաշրջության հիմնական և այլընտրանքային եղանակների զարգացման նպատակով։
- Ստեղծված առաջարկների հետագա իրացումը զբոսաշրջության գործնական ոլորտում։
Ինովացիոն-Տուրիզմ թեմայով առաջին «Հեքըթոն»-ը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Հանրային լրագրության ակումբի Youtube-յան ալիքով: