Ինչպե՞ս խոսել, երբ զայրացած ենք։ Ինչպե՞ս ասել մեզ համար կարևորի մասին՝ առանց մեղադրելու։ Եվ հնարավո՞ր է լսել դիմացինին այն ժամանակ, երբ նրա ասածի հետ խորապես համաձայն չենք։
Այս հարցերի շուրջ է «Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ» փոդքասթի առաջին էպիզոդը, որը նվիրված է ոչ բռնի հաղորդակցության՝ ՈԲՀ-ի հիմնական սկզբունքներին և խաղաղարարության մեջ դրանց կիրառությանը։
ՈԲՀ-ն հաճախ ընկալվում է որպես անձնական հարաբերություններում ավելի հանգիստ կամ քաղաքավարի խոսելու մեթոդ։ Իրականում այն առաջարկում է շատ ավելի խորքային մոտեցում՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր ներսում և մեր հարաբերություններում, տարբերել փաստը գնահատականից, ճանաչել սեփական զգացմունքներն ու կարիքները և հնարավորինս հստակ ձևակերպել այն, ինչ ուզում ենք ասել կամ խնդրել։
ՈԲՀ-ն չի առաջարկում խուսափել կոնֆլիկտից։ Այն նաև չի պահանջում հրաժարվել սեփական դիրքորոշումից կամ համաձայնել դիմացինի հետ։
Հարցն այլ է՝ կարո՞ղ ենք անհամաձայնությունը արտահայտել այնպես, որ այն չվերածվի նվաստացման, վիրավորանքի կամ թշնամանքի։ Երբ զայրույթը չի դառնում մեղադրանք:
Բարդ խոսակցությունների ժամանակ մեր առաջին արձագանքը հաճախ լինում է մեղադրանքը։
- «Դու ինձ չես լսում»։
- «Դու միշտ նույնն ես անում»։
- «Քեզ համար միևնույն է»։
Այսպիսի ձևակերպումների տակ կարող են լինել իրական ցավ, զայրույթ կամ հիասթափություն։ Բայց դիմացինը հաճախ առաջին հերթին լսում է իր հասցեին ուղղված գնահատականը և սկսում պաշտպանվել։ ՈԲՀ-ն առաջարկում է մի պահ կանգ առնել և փորձել հասկանալ՝ ի՞նչ եմ ես իրականում զգում և ի՞նչն է ինձ համար կարևոր այս իրավիճակում։
Զայրույթի հետևում կարող է լինել հարգանքի, անվտանգության, արդարության կամ լսված լինելու կարիք։ Այդ կարիքը ճանաչելը չի նշանակում հրաժարվել մեր պահանջներից։ Այն օգնում է դրանք արտահայտել ավելի հստակ՝ առանց նոր լարվածություն ստեղծելու։
Լսել՝ հասկանալու համար
Կոնֆլիկտի ժամանակ մենք հաճախ լսում ենք ոչ թե հասկանալու, այլ պատասխանելու համար։ Մինչ մյուսը խոսում է, մենք արդեն պատրաստում ենք մեր հակափաստարկը։ ՈԲՀ-ն առաջարկում է լսելու մեկ այլ ձև՝ փորձել հասկանալ ոչ միայն բառերը, այլև դրանց հետևում եղած զգացմունքներն ու կարիքները։
Սա հատկապես կարևոր է այն միջավայրերում, որտեղ մարդկանց փորձառությունները, հիշողությունները կամ դիրքորոշումները կարող են կտրուկ տարբերվել։
Լսելը չի նշանակում համաձայնել։
Էմպատիան նույնպես չի նշանակում արդարացնել այն, ինչը մեզ համար անընդունելի է։ Բայց եթե յուրաքանչյուր փորձ՝ հասկանալու դիմացինին, ընկալվում է որպես սեփական դիրքորոշումից հրաժարում, երկխոսության հնարավորությունը շատ արագ փակվում է։
ՈԲՀ-ն և խաղաղարարությունը
Խաղաղարարությունը միայն բանակցությունների կամ պաշտոնական համաձայնագրերի մասին չէ։
Այն նաև հաղորդակցության մշակույթի մասին է։
- Ինչպե՞ս ենք խոսում նրանց հետ, ում հետ համաձայն չենք։
- Ինչպե՞ս ենք արձագանքում ցավոտ խոսքին։
- Ինչպե՞ս ենք արտահայտում մեր զայրույթը։
Եվ կարո՞ղ ենք պաշտպանել մեր սահմաններն ու արժեքները՝ առանց դիմացինին ապամարդկայնացնելու։ ՈԲՀ-ն ինքնին չի լուծում հակամարտությունները և չի վերացնում խորքային անհամաձայնությունները։ Բայց այն կարող է ստեղծել այնպիսի հաղորդակցական միջավայր, որտեղ բարդ թեմաների շուրջ խոսակցությունն ընդհանրապես հնարավոր է։
Հենց այս իմաստով հաղորդակցության փոփոխությունը կարող է դառնալ նաև խաղաղարարության մաս։ Խաղաղության մշակույթը ձևավորվում է ոչ միայն մեծ քաղաքական գործընթացներում, այլև մեր առօրյա խոսքում՝ ընտանիքում, աշխատավայրում, սոցիալական ցանցերում և հանրային քննարկումներում։
Փոդքասթի առաջին էպիզոդում խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է ՈԲՀ-ի սկզբունքները կիրառել հենց այդպիսի իրավիճակներում՝ բարդ խոսակցությունների ժամանակ։
Իսկ եթե խոսենք ա՞յլ կերպ։
Կարդացե՛ք, տարածե՛ք, դարձե՛ք փոփոխություններ խթանող ուժ։
Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert -ի և LIVKOM -ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։
