Ի՞նչ է տեղի ունենում, երբ անհամաձայնությունը սկսում ենք ընկալել ոչ թե որպես այլ կարծիք, այլ որպես անձնական հարձակում։ «Եթե ինձ հետ համաձայն չես, ուրեմն իմ դեմ ես»․ ծանո՞թ է այս մտածելակերպը։ Ի՞նչ մեղադրանք կա «եթե ինձ հարգեիր, այսպես չէիր վարվի» նախադասության մեջ։ Իսկ զայրույթը՝ ինչպե՞ս արտահայտել՝ առանց դիմացինի արժանապատվությունը վիրավորելու։ Այս հարցերի շուրջ է «Իսկ եթե խոսենք այլ կե՞րպ» փոդքասթի երրորդ էպիզոդը։
Հաղորդավար Սոֆի Մկրտչյանի հետ թեման քննարկում են ոչ բռնի հաղորդակցության մասնագետներ Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը։
Գաղափարին անհամաձայնելը անձին մերժելը չէ
Մարդիկ հաճախ այնքան են նույնանում իրենց կարծիքների հետ, որ գաղափարի քննադատությունն ընկալում են որպես անձի քննադատություն։ Այստեղից է ծնվում այն տրամաբանությունը, թե անհամաձայնությունը հավասար է չհարգելուն կամ չսիրելուն։ ՈԲՀ-ն առաջարկում է տարբերակել․ «դու սխալ ես, ես ճիշտ եմ» տրամաբանությունը պիտակավորում է մարդուն, իսկ կոնկրետ գործողությունը մատնանշելը՝ «այդ գործողության հետևանքով մեր որ կարիքը չբավարարվեց և ինչ զգացինք»՝ հնարավորություն է տալիս խաղաղ երկխոսելու։
Զայրույթը վատ արարք չէ, այլ ազդակ
Ոչ բռնի հաղորդակցության մեջ չկան լավ կամ վատ զգացմունքներ․ զայրույթը ցույց է տալիս, որ ինչ-որ սահման կամ կարևոր կարիք խախտվել է։ Դրա փոխարեն, թե «ամոթ է զայրանալ», արժե հարցնել՝ ի՞նչ խախտվեց և ինչպե՞ս լուծենք։ Իսկ «դու ինձ զայրացրիր» մեղադրանքը չի դիմանում, որովհետև մեր զգացմունքները մեր ներսում են՝ չբավարարված կարիքների արդյունք։ Նույն ուշացումը մեկին կնյարդայնացնի, մյուսին կուրախացնի՝ կախված այդ պահի կարիքից։
«ՈՉ» ասելը հարաբերությունը կործանելու միջոց չէ
ՈԲՀ-ն խրախուսում է «ՈՉ» ասել՝ մերժելով ոչ թե մարդուն, այլ տվյալ պահին առաջարկվող ռազմավարությունը։ Նույն կերպ պետք է սովորենք լսել ուրիշների «ՈՉ»-ը՝ չընկալելով այն որպես մեզ մերժելը։ Իսկ երբ անվտանգությունն ու խաղաղությունն են վտանգված, մենք ազատ ենք դադար վերցնել և դադարեցնել շփումը։ Պաշտպանական ուժի կիրառումը բռնություն չէ․ տարբերությունը մտադրության մեջ է՝ կասեցնե՞լ հարվածը, թե՞ պատասխան ցավ պատճառել և նվաստացնել։
Ապրումակցումը դավաճանությո՞ւն է
Հակամարտությունների ժամանակ ապրումակցումը հաճախ շփոթում են դավաճանության հետ։ Սակայն ապրումակցել չի նշանակում զգալ նույն ցավը կամ կիսել դիմացինի եզրակացությունները․ դա նշանակում է հասկանալ՝ ինչ է զգում մարդը և ինչի կարիք ունի։ Դիմացինի ցավը լսելը չի վերացնում մերը, նրա կարիքը հասկանալը չի նշանակում հրաժարվել մեր փորձառությունից, սահմաններից ու արդարության մասին հարցերից։
Լեզուն՝ խաղաղության կամ բաժանման գործիք
Լրագրողները և հանրային խոսք ձևավորողները պատասխանատվություն ունեն ոչ միայն տեղեկության, այլև այն լեզվի համար, որով խոսում են հակամարտությունների մասին։ Ապամարդկայնացնող լեզուն մարդուն զրկում է մարդկային գծերից, և երբ մեդիան փոխանցում է այն, կարծես հրապարակավ թույլ է տալիս կիրառել նույն բառապաշարը։ Տարբերություն կա «թշնամի» և «հակամարտության կողմ» եզրույթների միջև․ մեկն ունի քաղաքական ու հոգեբանական ենթատեքստ, մյուսը պարզապես փաստ է։
Երրորդ էպիզոդում Սոֆի Մկրտչյանը, Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը քննարկում են, թե ինչպես արտահայտել անհամաձայնությունը և զայրույթը՝ չվիրավորելով դիմացինի արժանապատվությունը, ինչպես տարբերակել գործողության քննադատությունը մարդուն պիտակավորելուց, ինչ է նշանակում «ՈՉ» ասել առանց հարաբերությունը կորցնելու, և ինչու է պաշտպանական ուժի կիրառումը երբեմն արդարացված։ Համաձայն չլինելը չի նշանակում թշնամանալ, և հենց այդ տարբերությունը՝ իրար լսելիս, կարող է խաղաղարարության արժեքավոր գործիք
Փոդքաստը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Նոր ժողովրդավարություն հիմնադրամը։ դառնալ։
