Հայտարարություններ

«Վավերագրելով արդարադատությունը և մարդու իրավունքների իրավիճակը»․ Կարճամետրաժ ֆիլմերի պատրաստման մրցույթ

Հայտադիմումի ձևը՝ այստեղ։

Հանրային լրագրության ակումբը «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում հայտարարում է կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի պատրաստման բաց մրցույթ:

Մրցույթի և համագործակցության մասին

«Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում կարճ տեսաֆիլմեր (մինչև 15 րոպե) պատրաստելու նպատակով ընտրվելու են 5 լավագույն հայտեր, որոնք ստանալու են ֆինանսական և մասնագիտական աջակցություն։

Դիմորդների հայտերը գնահատվելու են ծրագրի կոնսորցիումի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից՝ ըստ հայտարարության պայմանների, պահանջների և բերված չափորոշիչների։

Ֆիլմերի բովանդակային, ֆինանսական և տեխնիկական նկարագրերը պետք է արտացոլված լինեն հայտադիմումում։

Մրցույթն անցած կողմերի հետ կնքվելու են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցում ներառվելու են կատարվելիք աշխատանքների մանրամասները և ժամանակացույցը։

Մրցույթի արդյունքում հավանության արժանացած նախագծերի հեղինակները «Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագրի շրջանակում ձեռք կբերեն մարդու իրավունքների, արդարադատության և դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ լուսաբանումներ իրականացնելու փորձառություն։

Մրցույթին ներկայացվող առաջարկների ֆինանսական հատվածը պետք է լինի մինչև 1,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում՝ ներառյալ օրենսդրությամբ սահմանված հարկերը։

Բովանդակության մասին

Վավերագրական ֆիլմերն անդրադառնալու են արդարադատության, դատաիրավական համակարգի և այդ համատեքստում մարդու իրավունքների և ազատությունների հետ ուղիղ առնչություն ունեցող հարցերին, առկա խնդիրներին, դրանց ուղղությամբ վարվող հաղորդակցությանն ու պետություն-քաղհասարակություն-հանրություն շրջանակի փոխգործակցությանը՝ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացում։

Վավերագրական ֆիլմերը պետք է վեր հանեն նշված խնդիրները մարդկային պատմությունների ներկայացմամբ։ Ֆիլմերում պետք է ներկայացված լինեն մարդկային պատմություններ։ Դրանց առանցքում պետք է լինի մարդն իր պատմությամբ և հույզերով, որոնք հատվում են արդարադատության և դատաիրավական համակարգի հետ փոխհարաբերության դաշտում։ Այն պետք է ցույց տա համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն ու առկա իրավիճակի ուղիղ ազդեցությունն անհատի կյանքի վրա՝ ընդգծելով համակարգային խնդիրների բացասական հետևանքները։ Ֆիլմերը կարող են անդրադառնալ ուժային կառույցների (ոստիկանություն), դատական համակարգի, արդարադատական մեխանիզմների, մարդու իրավունքների և ազատությունների իրացման խնդիրներին, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության և անարդարության դեպքերին։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ֆիլմ կառուցված լինի կոնկրետ դեպքի, կոնկրետ պատմության և կերպարների հիման վրա, որի պատմությունն անցկացվում է արդարադատության համակարգի պրիզմայով և այն ուսումնասիրված է հայտատուի կողմից։

Վավերագրական ֆիլմերում առանցքային դերակատարում պետք է ունենան նաև քաղհասարակության ոլորտի կառույցներն ու ներկայացուցիչները (մասնավորապես այս ծրագրի կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները), որոնք ներկայացվելու են իբրև հասարակության և պետության հաղորդակցության կապող օղակ, բարեփոխումների գործընթացին խթանող կողմեր, որոնք հանդես են գալիս իրենց առաջարկներով՝ նպաստելով համակարգային փոփոխությունների սահուն ընթացքին։ Մարդու իրավունքների փորձագետի ներգրավումը առանցքային դերակատարում ունի հայտերի դիտարկման փուլում։ Այն կարևոր է ֆիլմի սցենարի զգայունության և իրավական առումով ճիշտ կառուցվածք ու բովանդակություն ստանալու տեսանկյունից։

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին

Մրցույթին կարող են մասնակցել մեդիա կազմակերպություններ, լրատվական կազմակերպություններ, անհատ լրագրողներ, լրագրողներից, մեդիա և ստեղծագործական աշխատակիցներից բաղկացած խմբեր։ Մրցույթին մասնակցելու համար կարևոր է, որպեսզի հայտատուն ունենա որոշակի և արժանահավատ փորձառություն, ձևավորած լինի համանման աշխատանքի պորտֆոլիո։

Ինչպե՞ս մասնակցել մրցույթին

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը, այնուհետև դիմորդ/ների ինքնակենսագրականների և պորտֆոլիոյի հետ ուղարկել Հանրային լրագրության ակումբ` [email protected] էլեկտրոնային փոստին՝ թեմա դաշտում նշելով «Justice_Reforms_Documentary-YOUR_NAME_SURNAME»։ Փաթեթը պետք է պարունակի՝

  1. Ամբողջությամբ լրացված հայտադիմումը,
  2. Դիմորդ/ների ինքնակենսագրականը,
  3. Պորտֆոլիո (Համանման աշխատանքների հղումներ։ Պորտֆոլիոն ներկայացվում է առցանց հայտադիմումում)։

Ոչ ամբողջական, ոչ հայատառ և թերի լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։ Դիմելուց հետո յոթօրյա ժամկետում դիմումատուն կստանա ծանուցում հայտի ստացման վերաբերյալ։ Ավելի ուշ՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, բոլոր դիմումատուները տեղեկացվելու են արդյունքների մասին։ Մրցույթի արդյունքները՝ թափանցիկության սկզբունքով հրապարակվելու են Հանրային լրագրության ակումբի պաշտոնական կայքում։

Գնահատման ընթացակարգ

Ստացված հայտերը գնահատվելու են ծրագիրն իրականացնող կոնսորցիումից ձևավորված հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի աշխատանքները կարգավորվելու են ՀԼԱ կողմից բաց մրցույթների վարման և արդյունքների գնահատման ու ամփոփման ընթացակարգին համապատասխան։

Գնահատման չափանիշները թվարկված են ստորև․

  • Հայտադիմումով առաջարկվող բովանդակության համապատասխանությունը մրցույթի պայմաններին (5 միավոր)։
  • Հայտադիմումով առաջարկվող բյուջեի համապատասխանությունը ներկայացված նախագծին (5 միավոր)։
  • Հայտատու/ների կոմպետենտությունը և կենսագրական համապատասխանությունը (5 միավոր)։
  • Հայտատու/ների պորտֆոլիոն՝ համանման աշխատանքների կատարման փորձառությունը (5 միավոր)։

Հանձնաժողովի կողմից կատարած գնահատումն ամփոփվելու է համապատասխան արձանագրությամբ և ենթակա չի լինելու բողոքարկման։

Որո՞նք են մրցույթի ժամկետները

  • Մրցույթի հայտարարումը՝ 2022 թվականի ապրիլի 21
  • Մրցույթի վերջնաժամկետը՝ 2022 թվականի մայիսի 15
  • Մրցույթի արդյունքների ամփոփումը՝ 2022 թվականի մայիսի 21
  • Ֆիլմերի պատրաստման մեկնարկը և պայմանագրերի կնքումը՝ 2022 թվականի մայիսի 28
  • Ֆիլմերի պատրաստման աշխատանքների ավարտը և հանձնումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 30։

Հարցերի դեպքում

Մրցույթի հետ կապված և հայտադիմումի բովանդակային հարցերով կարող եք կապվել Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Կոնսորցիումի մասին

«Արդարադատության բարեփոխումների բարեվարքություն» ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ) Հայաստանի գլխավորությամբ ձևավորված կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ):

Ծրագիրը նպատակ ունի նպաստել արդարադատության ոլորտի բարեփոխումների բարեվարքությանը՝ խթանելով գործընթացների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և վերահսկողությանը։

Ծրագրային 5 խնդիրներն են՝

  1. Զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները որպես արդյունավետ դիտորդներ, հաղորդակցվողներ, նշված ոլորտում բարեփոխումների ջատագովներ։
  2. Բարձրացնել հանրային, կառավարության, և մեդիայի գիտակցությունը, ներգրավվածությունը, և քննարկումները բարեփոխումների իրականացումների վերաբերյալ։
  3. Հետևել և փաստաթղթավորել ստուգման և դատավորների ընտրության գործընթացը։
  4. Հետևել և փաստաթղթավորել դատական կողմերի անկախությունը, որակը, արդյունավետությունը, վարքագիծը բոլոր ատյանների դատական լսումներում և ընթացակարգերում, ինչպես նաև
  5. Հետևել պետության հետևողականությանը ոստիկանության և հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ։


Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend