Ո՞րն է ավելի հզոր՝ կոշտ հակադարձո՞ւմը, թե՞ ճիշտ ձևակերպված միտքը։
Գառնիկ Սահակյանի համոզմամբ՝ պատասխանը ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) մեջ է։
Գառնիկը մասնագիտությամբ պատմաբան է, միջազգային հարաբերությունների ասպիրանտ։ Մասնակցելով Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված ոչ-բռնի հաղորդակցության թեմայով մի քանի տարածաշրջանային ու միջազգային դասընթացների՝ նախաձեռնել է «Հաղորդակցության ուժը» կրթական փոդքասթի ստեղծման աշխատատնքները։
Փոդքասթը խաղաղության, հակամարտությունների կանխարգելման ու առողջ երկխոսության մասին է։
Փոդքասթի էպիզոդների որակյալ բովանդակությունը հնարավոր է դարձել մենթորներ Սինտա Դոպոնդտի, ով ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ է և Հանրային լրագրության ակումբի թիմի աջակցությամբ։
Բովանդակության պատրաստման ընթացքում հեղինակը օգտվել է Գոհար Գրիգորյանի «Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույց․ հիմունքներ և գործնական մոտեցումներ» գրքույկից, ինչպես նաև Ռոզեմբերգի համանուն թեմայով մի շարք աշխատություններից։
«Հաղորդակցության ուժը» շարքն ունի վեց էպիզոդ, որտեղ արհեստական բանականությամբ գեներացված ձայնայիկ երկխոսության միջոցով ներկայացվում են ՈԲՀ սկզբունքներն ու բաղադրիչները։
- Ի՞նչ է ոչ բռնի հաղորդակցումը,
- Ոչ բռնի հաղորդկացման չորս քայլերը,
- Ինչպե՞ս ասել «շնորհակալ եմ» ոչ բռնի հաղորդակցման լեզվով,
- Ապրումակցել․ ինչպե՞ս արտահայտել կարիքները առանց վիրավորելու,
- Լսել՝ առանց դատելու,
- Ինչպես ասել «ոչ»՝ ոչ բռնի հաղորդակցման լեզվով։
Գառնիկի դիտարկմամբ ՈԲՀ գաղափարների արմատացումը պահանջում է գիտելիք և այն գործի դնելու կամք։
«Ես համոզված եմ, որ ստեղծարարությունը և առաջատար տեխնոլոգիաների անսահման հնարավորությունները, լավագույնս, կարելի է օգտագործել արծարծելու համար նմանօրինակ հրատապ թեմաներ։ Եվ եթե մենք ուզում ենք մեր խոսքը հասցնել երիտասարդներին, ապա պետք է լինենք զինված արդիական ու վիզուալ գրավչություն ունեցող գործիքներով»,- նշում է հեղինակը։
Փոդքասթի մյուս հինգ էպիզոդները հասանելի են Հանրային լրագրության ակումբի Յություբյան էջում:
Փոդքասթի գաղափարը կյանքի է կոչվել Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրանակում, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։
