Հայտարարություններ

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ-ների աշխատակիցների դեմ ոստիկանական ուժի կիրառումը

Մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները ցրելիս Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։

Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների և բռնությունների 8 դեպք, ընդ որում դրանցից 5-ը՝ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահների կողմից։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտելով լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը, արձանագրում ենք, որ չնայած ծառայողական քննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ պահանջներին՝ ոստիկանությունը մինչ օրս հանրությանը չի տեղեկացրել այդպիսի գործընթացի կամ դրա արդյունքների մասին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք․

  • հանդես գալ հաղորդագրությամբ և տրամադրել տեղեկություններ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունների դեպքերի քննության վերաբերյալ,
  • գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ երկրում տեղի ունեցող զանգվածային ակցիաները միտում ունեն շարունակվելու, իսկ դրանք, ցավոք, հաճախ ուղեկցվում են նաև ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումներով՝ մենք ուշադրությամբ հետևելու ենք իրադարձություններին,  արձանագրելու ենք բոլոր փաստերը և դրանք մեր գնահատականներով հանդերձ՝ պարբերաբար ներկայացնելու ենք հանրությանը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend