Հայտարարություններ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը բարեփոխումների արտաքին և ներքին օրակարգերում առկա հակասությունների մասին

15 հուլիսի 2023 թ․, Երևան 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ։

Մասնավորապես, լրագրողական մի քանի կազմակերպություններ տեղեկացվել էին, որ մինչեւ ս․թ․ հուլիսի 14-ը կարող են առաջարկություններ ներկայացնել  «Լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, ԲԴԽ դատարանների եւ դատավորների փոխհարաբերության կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Վերոհիշյալ փաստաթուղթը պարունակում է մի շարք խոստումնալից դրույթներ, օրինակ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին եւ աշխատանքային խորհրդակցություններին կարող են ազատորեն ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները, կատարել տեսա-լուսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ»:

Փաստորեն, այն ժամանակահատվածում, երբ լրագրողական հանրության ներկայացուցիչները պետք է առաջարկություններ մշակեին որոշման նախագծի վերաբերյալ, հուլիսի 3-ին տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ ԲԴԽ-ն լրագրողներին չթույլատրեց ներկա լինել իր՝ նախապես հայտարարված դռնբաց նիստին, որտեղ քննարկվում էր հանրային հետաքրքրության առաջացրած հարց։ Դրան հաջորդած օրերին, երբ մենք եւ մեր բազմաթիվ գործընկերներ տարբեր հարթակներից քննադատեցինք այդ միջադեպը եւ սպասում էինք տեղի ունեցածի մասին Բարձրագույն դատական խորհրդի բացատրություններին, ինչպես նաեւ ապագային միտված հետեւություններին, ավաղ, ոչ մի արձագանք չեղավ, ինչը չէր կարող չստիպել՝ գտնել երկու գործընթացների միջեւ առկա հակասության գաղտնիքը։

Հիմքեր ունենք եզրակացնելու, որ ԲԴԽ որոշման նախագծի բովանդակության լայնախոհությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ այն ստեղծվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչի համար միայն շնորհակալ ենք։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 3-ի նիստը տեղի էր ունենում մեր ներքին իրականությունում, միջազգային հանրության աչքից հեռու։

Այս հայտարարությամբ մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են միջազգային համագործակցության օրակարգերում եւ երկրում «բարեփոխումների» պրակտիկայում գոյություն ունեցող նման անջրպետները։

Մեր սկզբունքային մոտեցումն է՝ նպաստել Հայաստանի տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ առաջընթացում լրատվամիջոցների դերի բարձրացմանն ուղղված քայլերին, սակայն անընդունելի ենք համարում մեր մասնակցությունը ձեւական, ցուցափեղկային նախաձեռնություններին։

Կոչ ենք անում նաեւ ՀՀ պետական կառույցների միջազգային գործընկերներին հետեւողական լինել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացների արդյունավետությանը, որպեսզի թղթի վրա հայտարարագրված բարեփոխումներն իրենց համարժեք անդրադարձն ունենան իրական կյանքում։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Հայտարարությունը բաց է ստորագրման համար



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend