Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` իրավապահների կողմից NewDay.am և Oragir.news կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ
- April 30, 2024
- Category: Հայտարարություններ
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:
Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.news կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։
Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։
Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ