Նորություններ

Լրագրողները զինվում են հետաքննական լրագրության գիտելիքներով

31-ը մայիսի, 2018 – Մեկնարկեց Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ հետաքննական լրագրության թեմայով դասընթացը։ Մայիսի 31-ից հունիսի 3-ը լրագրողները կծանոթանան հետաքննական լրագրության սկզբունքներին, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին ու դրանց լուսաբանման առանձնահատկություններին։

Բացման խոսքում Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դասընթացը հնարավություն կտա բարձրացնել լրագրողական նյութերի որակն ու անկողմնակալությունն, ինչպես նաև լույս սփռել ձերբակալվածներին պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կետրոններում մարդու իրավունքների իրավիճակին՝ ձևավորելով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ոլորտի բոլոր դերակատարների միջև։

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում», ինչպես նաև «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստաում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում:

Դասընթացի հիմնական նպատակներն են ներկայացնել հետաքննական լրագրության հիմնական սկզբունքները, մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել Հայաստանի փակ հաստատություններում, հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում լուսաբանման ժամանակ։

Դասընթացի բացման արարողությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր խոսքում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կատարված աշխատանքի արդյունքները վկայում են, որ այս ոլորտում կան կարծրատիպեր․ կարծրատիպեր լրագրողի աշխատանքի հետ կապված․ «Նույնիսկ միտումներ են զգացվում ավելի օտարացնելու լրագրողներին այս հաստատություններից։ Բայց դա վտանգավոր է և խնդրահարույց։ Հատկապես շեշտադրումներ պետք է լինեն այդ կարծրատիպային ընկալումների փոփոխությունների հետ կապված»։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն իր ելույթում պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի կազմակերպիչներին։ Նա ընդգծեց, որ շատ կարևոր է իրավապաշտպանների, լրագրողների, դիտորդական խմբերի աշխատանքը փակ հաստատություններում, որովհետև նրանք այլ տեսանկյունից, այլ հայացքով են ներկայացնում տվյալները, որը թույլ է տալիս օբյեկտիվ գնահատել իրավիճակը և կարճատև և երակարաժամկետ լուծում գտնել։

«Մենք կարևորում ենք, որ լրագրությունը լինի անաչառ, լինի պրոֆեսիոնալ, մենք փորձելու ենք անմիջական շփումների, մասնակցության, փորձագիտական աջակցության միջոցով լուծել այս ծրագրի առջև ծառացած խնդիրները, որը կօժանդակի մեր ոլորտում մարդու իրավունքների ամրապնդմանը, երաշխավորմանը, պաշտպանության մեխանիզմների գործարկմանը»,- հավելեց նախարարի տեղակալը։

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ծրագրի թիմը, հրավիրված մասնագետները, բոլոր մասնակիցները միմյանց ոչ միայն կփոխանցեն իրենց հմտությունները, այլև կոգեշնչեն հետաքննական լրագրությամբ, դրան նվիրվելու և հետաքննական նյութեր հեղինակելու համար: Այդպիսի նյութեր հեղինակելու համար ծրագրի շրջանակներում կառաջարկվեն դրամաշնորհներ:

—————————————————————————

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․դեկտեմբերին։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend