Մեդիագրագիտության խթանմանն ուղղված նոր կրթական ռեսուրսները և դրանց կիրառությունը․ առցանց դասընթաց
Մեդիագրագիտության խթանմանն ուղղված նոր կրթական ռեսուրսները և դրանց կիրառությունը․ առցանց դասընթաց
- December 17, 2024
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) սիրով հրավիրում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների և տարրական դասարանների մանկավարժներին՝ մասնակցելու առցանց դասընթացի, որը նվիրված է վերջերս ՀԼԱ ջանքերով և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական աջակցությամբ հայերեն թարգմանված «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույցին։
Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, ժամը 16։00-ին, Zoom հարթակում։ Մասնակցել ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 24-ը գրանցվեն այստեղ ️ https://bit.ly/3Zx6vht
Զումի հղումը կտրամադրվի դասընթացից մեկ օր առաջ։
Թվային դարաշրջանում համացանցը երեխաների համար դարձել է կյանքի անբաժանելի մաս, սակայն իր բոլոր հնարավորություններով հանդերձ թվային աշխարհը պարունակում է նաև բազմաթիվ ռիսկեր և մարտահրավերներ:
Իր երկարամյա գործունեության ընթացքում Հանրային լրագրության ակումբը հեղինակել և թարգմանել է մի շարք յուրօրինակ գրքեր, ձեռնարկներ և ուղեցույցներ՝ մեդիագրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ, որոնք նպատակ ունեն նպաստել հանրության տարբեր խմբերի գիտելիքների և կարողությունների զարգացմանը։ Եվ այս կրթական ռեսուրսները բացառություն չեն։
«Առցանց կենդանաբանական այգի» գիրքն առանձնահատուկ է նրանով, որ օգնում է փոքրիկներին հասկանալ թվային անվտանգության հիմունքները՝ իրենց հասկանալի և հետաքրքիր լեզվով: Իսկ ուղեցույցներն օգնում են մանկավարժներին մեդիագրագիտությանն ուղղված կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հարցում։
Առցանց դասընթացը կանցկացնեն Teaching Academy կազմակերպության մասնագետները, որի ընթացքում նրանք կներկայացնեն վերոնշյալ կրթական ռեսուրսները՝ քայլ առ քայլ բացատրելով, թե ինչպես կարող եք դրանք կիրառել ձեր մանկավարժական գործունեության ընթացքում։
Գրանցված և վեբինարին ամբողջությամբ մասնակցած անձինք կստանան յուրաքանչյուր գրքից մեկական օրինակ։
Գրքերը կարող եք վերցնել ՀԼԱ գրասենյակից (Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ)։