Նորություններ

Մեկնարկեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը հայ և թուրք ձեռներեցների համար

Երեկ Երևանում մեկնարկեց «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացը, որին մասնակցում է 15 երիտասարդ, սկսնակ ձեռներեց Թուրքիայից և Հայաստանից:

Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 6 թիմ, որից երեքը Թուրքիայից է (Անկարա, Ստամբուլ), երեքը՝ Հայաստանից (Երևան, Գյումրի): Քառօրյա դասընթացի ընթացքում սթարթափ թիմերը մասնակցելու են տարբեր դասախոսությունների և գործնական պարապմունքների, որոնք կանդրադառնան բիզնես հաջողության և բիզնես մոդելի խնդիրներին, մարքեթինգի և նախատիպերի ստեղծման հարցերին:

ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները այս 4 օրերի ընթացքում աշխատելու են մենթորների ու դասընթացավարների հետ՝ զարգացնելու համար իրենց գաղափարները:

Քառօրյա դասընթացի մեկնարկին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը, ով իր ողջույնի խոսքում նշեց, որ դեռ նոյեմբերին տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդը» մեծ հաջողություն ունեցավ:

«Տեխնոլոգիաների ոլորտը ամենամեծ հեռանկարներ ունեցող ոլորտն է,-նշեց փոխդեսպանը,-Այս նախաձեռնության ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ այստեղ մասնակիցները ընկերանում են, ստեղծում են նոր նախագծեր, ձեռք բերում ծանոթություններ, կապեր, ստանում ֆինանսավորում ու ներկայացնում վերջնական արդյունքները»:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացի բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքացիական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:

«Մենք հավատում ենք, որ այս նախագծի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները կշփվեն միմյանց հետ, կզարգացնեն իրենց հմտությունները և ավելի կայուն համագործակցություն կունենան»,-ասաց Դիդենկոն:

Նա հավելեց նաև, որ նոյեմբերին անցկացված «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի ազդեցությունը գերազանցել է իրենց սպասելիքները, որին մասնակցել էր ՏՀՏ ոլորտի ավելի քան 70 մասնագետ:

Նշենք, որ «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն է, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի դասընթացավար Էմին Օկուտանը(Թուրքիա), անդրադառնալով առաջիկա 4 օրերին անցկացվելիք դասընթացներին, նշեց, որ աշխատելիս պետք է մտածել, թե որքանով  են ստեղծվող նախագծերը մարդկությանը օգուտ տալու:

Նախագծի համակազմակերպիչ «Հանրային լրագրության ակումբի» Հայաստան-Թուրքիա ծրագրերի ղեկավար Էսթեր Հակոբյանը ասաց, որ այս նախագիծը երկու կարևոր կողմ ունի. առաջինը երկու երկրների ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը, երկրորդ՝ տարածաշրջանում խաղաղ ու առանց լարվածության իրավիճակ ստեղծելու հնարավորությունը:

«Այս թիմերը իրենց գաղափարներն իրագործելուց, պատրաստի պրոդուկտ ստեղծելուց բացի հետագայում ստեղծելու են նոր աշխատատեղեր: Նրանք են ապագայի գործատուները»,-բացման միջոցառմանը ասաց նախագծի համակազմակերպիչ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» սթարթափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend