Մեկնարկում է «Բաց կառավարման տվյալների հեքըթոն» մրցույթը
- April 16, 2019
- Category: Նորություններ
Ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաներիկենտրոնում (ISTC), կմեկնարկի «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթն՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով նորարարությունների մշակմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, Համաշխարհային բանկի արտաքին և կորպորատիվ կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձ Լիլիա Աֆրիկյանը:
Միջոցառմանը կհյուրըկալվեն Ուկրաինայից փորձագետ, Սոշըլ բուսթ (SocialBoost) կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Շնիրկովան և ՍԵՏԱՄ (“SETAM”) ընկերության գլխավոր տնօրեն, բլոկչեյն տեխնոլոգիայի մասնագետ Վիկտոր Վիշնյովը: Նրանք կներկայացնեն Ուկրաինայում բաց կառավարման փորձն ու նորարար նախագծերը, բաց տվյալների օգտագործման ուկրաինական լավագույն փորձը, Ուկրաինայի կառավարության կողմից իրականացվող բաց և թափանցիկ կառավարման նախաձեռնությունները, Բլոկչեյն համակարգով իրականացվող բաց տվյալների ու բաց կառավարման ծրագրերը:
Միջոցառումն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն իր գործընկերներ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ դեսպանատան և Համաշխարհային բանկի աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության և տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը պետական կառավարման համակարգում, բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարումը պետական ամենատարբեր ոլորտներում։
Մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 ԱՄՆ դոլարից ավելի է։ Լավագույն գաղափարները կստանան ֆինանսավորում, որին կհետևի նաև երկամսյա խորհրդատվական ու աշխատանքային շրջան նախագծերի որոշակի փուլերն ավարտին հասցնելու համար։
Բաց տվյալները Հայաստանում
Տվյալների մի շարք պետական շտեմարաններ պարունակում են ահռելի ծավալի տեղեկատվություն, որը կարևոր նյութ է լրագրողական հետաքննությունների, և հանրության կողմից պետական կառավարման՝ վերահսկման համար։
Հանրությանը նորարար ու պարզ ձևաչափերով այդ տվյալները մատուցելու համար անհրաժեշտություն կա ստեղծել նոր գործիքներ ու ծրագրեր, որոնք կապահովեն բաց ու թափանցիկ կառավարում ու տվյալների ներկայացում տարբեր ոլորտներում։
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) նախաձեռնությանը (մանրամասները հասանելի են այստեղ:
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջարկել:
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 2011 թվականին, Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ու Հայաստանում Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառումը սովորաբար տևում է 24 ժամ, որի ընթացքում ՏՏ ոլորտ ներկայացնող թիմերը մշակում են խնդիրների լուծումներ առաջարկող հավելվածներ կամ ծրագրեր և մրցում իրենց նորարար գաղափարներով։ Մասնագիտական անկախ ժյուրին ընտրում է հաղթող թիմերին, որոնք ստանում են մրցանակներ, ինչպես նաև ներդրումային այլ հնարավորություններ։
Համագործակցող ծրագրերի նկարագրություն
Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նորարար գաղափարների հեքըթոնը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ-ն, իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ինչպես նաև ISTC- Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ։
Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․ փետրվարին, տևելու է հինգ ամիս։ Ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու պարբերաբար թարմացումներ կլինեն ՀԼԱ կայքում՝ www.pjc.am:
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։
«Աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀայաստանիՀանրապետության կառավարության հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է ստեղծել տեղական/ազգային մակարդակով հանձնառությունների փաթեթ՝ ի նպաստ կառավարության թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև քաղաքացիների ներգրավվածության բարձրացման ու կառավարության պատասխանատվության: