Նորություններ

Միգրացիոն իրավիճակը Հայաստանում՝ միֆեր և իրականություն. փաստերի ստուգում

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։
_____________

Ստուգել ենք Հայաստանի միգրացիոն իրավիճակի վերաբերյալ հայ հանրության շրջանում տարածված միֆերն ու իրականությունը:

Արտագաղթի թեման վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում ամենաքննարկվողներից է: Հատկապես արցախյան 44-օրյա պատերամից հետո Հայաստանից արտագաղթի ահագնացող տեմպերի մասին տարբեր հրապարակումներ կան՝ սկսած սոցցանցերում գրառումներից, մինչև փորձագիտական կարծիքներ:

Արտագաղթն այն թեմաներից է, որտեղ միֆերն ու իրականությունը խիստ փոխկապակցված են: Թերևս այն պատճառով, որ հանրության շատ նեղ շրջանակներին է հայտնի այն փաստը, որ արտագաղթի տեմպերի մասին օբյեկտիվ կարծիք կարելի է հայտնել միայն խորացված հետազոտություններից հետո: Անգամ վիճակագրական տվյալների համեմատությունը չի կարող բավարար հիմք լինել արտագաղթի մասին եզրակացություններ կատարելու համար:

Մասնագետները միգրացիոն թեմաներով վերլուծություններ կատարելիս խորհուրդ են տալիս չշփոթել արտագաղթ և միգրացիա երևույթները:

Հայերեն «արտագաղթ» (գաղթ) եզրը, լինելով էմիգրացիայի բառացի թարգմանություն, այնուամենայնիվ, հստակ չի բնորոշում այն. կարևոր դեր են խաղում մշակութային, էմոցիոնալ երանգները: Հայկական համատեքստում «արտագաղթի» հասկացության շուրջ բացասական իմաստ ու ընկալում է ձևավորվել, մինչդեռ «էմիգրացիա» եզրի գործածումը հիմնականում մասնագիտական տեքստերում է հանդիպում:

Aravot.am-ը ստուգել է Հայաստանի միգրացիոն իրավիճակի վերաբերյալ հայ հանրության շրջանում տարածված միֆերն ու իրականությունը: Զրուցել ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանի հետ, վերլուծել ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալները վերջին 10 տարիների ընթացքում բնակչության տեղաշարժերի, վարչական հաշվառման և ՀՀ մշտական բնակչության թվաքանակի փոփոխության վերաբերյալ:

Այն, որ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 103 հազարից ավելի, դա փաստ է, սակայն առնվազն ապակողմնորոշող տեղեկատվություն է այն, որ այդ քաղաքացիները չեն վերադարձել, քանի որ դրա մասին դեռ վաղ է խոսել. միայն կերևա տարեվերջին: Սա ուղևորահոսքերի բացասական մնացորդ է, բայց արտագաղթ չէ, բնականաբար, այս ցուցանիշը խիստ կապակցված է արտագաղթի հետ: Ինչքան այս թիվը մեծ լինի, այնքան հետազոտության արդյունքում արտագաղթի ծավալները հնարավոր է ավելի մեծ լինեն, քանի որ այս մարդկանց մեջ վստահաբար կարող են լինել նաև միգրանտներ. մարդիկ, որոնք այդպես էլ չվերադառնան ՀՀ:

ՀՀ վիճակագրական կոմիտեից Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ սահմանային անցակետերով իրականացված ժամանումների և մեկնումների գրանցումների մասին ներկայացրին հետևյալ տվյալները:

Ակնհայտ է, որ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է եկել 1 միլիոն 179 հազար յոթ մարդ և ՀՀ վերադարձել է 1 միլիոն 112 հազար երկու մարդ: Ակնհայտ է, որ ՀՀ-ից մեկնել ու դեռ չի վերադարձել 67005 անձ: Այս թիվը վերաբերում է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև ՀՀ սահմանը հատած և չվերադարձած այլ երկրների քաղաքացիներին:

ՀՀ վիճակագրական կոմիտեից նաև հետաքրքրվեցինք 2018-2021-ի ընթացքում ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ:

Ներկայացված տվյալներից երևում է, որ ՀՀ մշտական բնակչության թիվն աճել է. միգրացիոն մնացորդը դրական է՝ 0,4, արձանագրվել է բնական հավելաճ՝ 3,1: Սակայն այս ցուցանիշը հնարավոր չէ օբյեկտիվ պատկեր համարել, այն փոքր-ինչ մանիպուլացնող է, քանի որ այստեղ ներկայացված չէ ՀՀ առկա բնակչության թվաքանակը: Ուստի նշանակում է, որ հաշվառման մեջ գտնվող մարդկանց թվում կան շատերը, որոնք իրականում ՀՀ-ում չեն բնակվում, սակայն երկիրը լքելիս դուրս չեն եկել հաշվառումից:

Ըստ մասնագիտական գրականության՝ գոյություն ունեն միգրացիոն արտամղող գործոններ: Այդպիսի գործոն է ցածր կենսամակարդակը, բարոյական անառողջ մթնոլորտը, կլիմայական վատ պայմանները,  անկայունությունը: ՀՀ-ում այս գործոններին գումարվել է նաև անվտանգության և ապահովության պակասը, Արցախից տասնյակ հազարավոր՝ իրենց տները կորցրած քաղաքացիները: Այս բոլոր գործոնները նպաստում են, որպեսզի մարդիկ լքեն Հայաստանը, սակայն սա հատուկ ծրագիր չէ, որն իրականացվում է ՀՀ կառավարության կամ մեկ այլ երկրի կողմից:

ՀՀ միգրացիոն իրավիճակը՝ պաշտոնատար անձի ներկայացմամբ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Արտակ Մարկոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց՝ այս պահին խոսել ասպես ասած մասսայական ահագնացող արտագաղթի մասին դեռևս վաղ է: Նա հավաստիացրեց. «Այդպիսի գործընթաց չկա: Ասել, որ մասսայաբար լքում են հայրենիքը, սուտ կլինի: Բնականաբար, կա գործընթաց և′ ժամանում են, և′ մեկնում»:

Արտակ Մարկոսյանը մի կողմից մտահոգիչ համարեց այն, որ ՀՀ մուտքի ու ելքի բացասական ցուցանիշները մեծ են, սակայն մյուս կողմից էլ հիշեցրեց՝ այս տարվա ինը ամիսների կտրվածքով միգրացիոն մնացորդը ՀՀ-ում դրական է եղել՝ 400 մարդ:

Նա նշեց. «Պետք է հասկանանք, որ միգրացիոն մնացորդը և սահմանահատումների ցուցանիշները լրիվ այլ, տարբեր հարթությունում են գտնվում: Միգրացիոն սալդոն հաշվվում է՝ հաշվի առնելով մի քանի բաղադրիչներ, որում ներառվում են նաև սահմանահատումների ցուցանիշները»: Մեր այն դիտարկմանը ի՞նչ երաշխիք, որ այդ շուրջ 103000 ՀՀ քաղաքացիները տարեվերջին ՀՀ վերադառնալու են, Արտակ Մարկոսյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել նախորդ տարվա գործընթացները, որ կորոնավիրուսի ի հայտ գալուն պես մեր մի քանի տասնյակ հազարավոր հայրենակիցներ, որոնք երկարատև միգրանտներ էին ՌԴ-ում կամ այլ երկրներում, ստիպված վերադարձան, քանի որ այնտեղ լոքդաունի հետ կապված բիզնեսը խնդիրներ ունեցավ: Սահմանները քանի որ փակվեցին, իրենք մնացին ՀՀ-ում: Երբ փետրվարին սահմանը բացվեց, նրանք մեկնեցին, որոնք ունեին հայկական անձնագրեր: Մեկնեցին նաև մեր աշխատանքային միգրանտները: Այդ պատճառով այս տարի այդ թիվը կոնկրետ հայկական անձնագրերով ելքի, բավականին մեծ է: Սրա ելքը պետք է սպասել տարեվերջին, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան մարդ է վերադարձել: Կարող է պարզվել՝ դրականի է գալիս ցուցանիշը, կամ չնչին է դառնում տարբերությունը: Սահմանահատումները հիմք ընդունել և խոսել արտագաղթի մասին, դա ոչ պրոֆեսիոնալ է»:

Ինչո՞ւ ՀՀ բյուջեից հատկացումներ չեն կատարվում արտագաղթի մասին հետազոտության համար:

Մինչ 2017-ը ՀՀ կառավարությունը գումար էր հատկացնում նման հետազոտություն կատարելու համար: Արտակ Մարկոսյանը տեղեկացրեց՝ նման հետազոտություն 2019-ին կատարվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից, որի համաձայն ՝ իրավիճակը 2016-ի համեմատ բարելավվել է: Հիմա էլ է անցկացվում նման հետազոտություն, շուտով տվյալները պարզ կլինեն:


Արտակ Մարկոսյանը չժխտեց, որ այս երևույթն այս պահին խիստ մտահոգիչ է, սակայն միևնույն ժամանակ վստահեցրեց՝ իրենց երեխաների՝ այլ երկրի քաղաքացի դարձնելու համար ՀՀ քաղաքացիությունից  հրաժարվող մարդիկ շարունակում են ապրել ՀՀ-ում: Նա մանրամասնեց. «Այդ մարդիկ ընդունում են ՌԴ քաղաքացիություն` ինչ-ինչ պատճառներից ելնելով, բայց բոլորը բնակվում են այստեղ, իրենց տնտեսական գործունեությունն այս պահին ծավալվում է ՀՀ-ում: Իրենք հետո, օգտվելով երկքաղաքացիության մասին օրենքից, նաև ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում: Իհարկե, այս երևույթը գնալով մեծ ցուցանիշի է հասնում: Այն մեր առկա բնակչության ցուցանիշում կֆիքսվի: Բայց դրա հիման վրա խոսել փախուստի, ահագնացող արտագաղթի մասին, սխալ կլինի: Կա նաև ներգաղթ»:

Ներքին միգրացիա. մտահոգիչ պատկեր

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020-ին Սյունիքի մարզում բնակչության թիվը կազմել է 136400, 2021-ին՝ 134600, Վայոց ձորում՝ 48400-ի փոխարեն այժմ կա 47600 բնակչություն, Տավուշում այդ թիվը 120800-ից հասել է 119700-ի:

Արտակ Մարկոսյանը մտահոգիչ է համարում այն, որ ակտիվացել են ներքին տեղաշարժերը՝ մասնավորապես սահմանամերձ համայնքներից դեպի Երևան և երևանամերձ մարզեր ներքին միգրացիան: Նա նշեց. «Ցավոք,  պատերազմից հետո այդ գործընթացն ավելացել է: Կոնկրետ Սյունիքի մարզից է բավականին արտահոսք է նկատվում դեպի Երևան և երևանամերձ տարածքներ: Մարդիկ նույնիսկ իրենց բիզնեսն են տեղափոխում այստեղ սահմանամերձ գյուղական բնակավայրերից, Երևանում բնակարան ձեռք բերում: Հիմնականում դա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմքեր ունի: Այն տարածքները, որ մենք զիջել ենք Ադրբեջանին, կոնկրետ Սյունիքի մարզի բնակիչների համար հանդիսանում էին եկամտի աղբյուր, որովհետև իրենց տնտեսական գործունեության մեծ մասը ծավալվում էր հենց այդ հողերի վրա: Հիմա այդտեղ տնտեսական կացութաձևի փոփոխություն է տեղի ունեցել, և մարդիկ նաև դա հաշվի առնելով սկսել են տեղափոխվել դեպի այս գոտի»:

Տեղեկացնենք՝ այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է հետպատերազմյան շրջանում ժողովրդագրական իրավիճակի հետ կապված հետազոտություն:

Նախատեսվում է գրել նաև ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավման ռազմավարություն, որը պետք է մինչև մայիս պատրաստ լինի:

 Տաթև Հարությունյան

_____________
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեդիագրագիտություն՝ հասարակության խոցելի խմբերի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը եւ Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend