Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցությունն ու «Խաղաղարարը»՝ որպես կոնֆլիկտների լուծման օգնական

«Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շահառու և ծրագրի շրջանակում իրականացվող անհատական մրցույթի հաղթող Լիլիթ Փայտյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է և ներկայացնում է «Երիտասարդ պատմագետների ասոցացիան», ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել է քարտային խաղի և աշխատարանի միջոցով։ 

Լիլիթը մասնակցել է Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված ոչ-բռնի հաղորդակցության թեմայով  մի քանի տարածաշրջանային ու միջազգային դասընթացների, որի արդյունքում ձեռք բերված գիտելիքները և ծանոթությունները ոգեշնչել են տարածել ՈԲՀ գաղափարները Հայաստանում։

Լիլիթի հեղինակած «Խաղաղարար» քարտային խաղը ՈԲՀ սկզբունքների վրա հիմնված ուսումնական գործիք է, որը ներառում է միջանձնային, սոցիալական, միջպետական և միջմշակութային տարբեր իրավիճակներ։ Խաղը նպատակ ունի բարելավել բանակցային հմտություններն ու կոնֆլիկտների կառավարումը ոչ ֆորմալ կրթական միջավայրում։

Լիլիթի անհատական նախագիծը նաև ներառում էր ինտերակտիվ աշխատարանի կազմակերպում՝՝ «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» խորագրով 13-րդ աշնանային դպրոցի շրջանակներում։

​Ի՞նչ սովորեցին մասնակիցները

​Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ՈԲՀ հիմնական գաղափարներին և դրանց կիրառմանը մեդիացիայի համատեքստում։ Առանցքային շեշտադրում է կատարվել ՈԲՀ-ի չորս հիմնական բաղադրիչների վրա.

  • ​Դիտարկում
  • ​Զգացմունք
  • ​Կարիք
  • ​Խնդրանք

​Տեսական գիտելիքներն ամրապնդվել են գործնական վարժություններով, քննարկումներով և սիմուլյացիոն խաղերով, որոնց միջոցով մասնակիցները վերլուծել են կոնֆլիկտային իրավիճակները։

​Լիլիթի համոզմամբ՝ ՈԲՀ գաղափարները մարդկանց օգնում են վերանայել իրենց արձագանքները և ընտրել ավելի կառուցողական հաղորդակցման ուղիներ։

​«Անգնահատելի մեծ պետք է լինեն մեր ջանքերը՝ ուղղված երիտասարդության շրջանում ոչ բռնի հաղորդակցության և խաղաղաշինության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Սա համարում եմ իմ համեստ, բայց համարձակ քայլն այս ճանապարհին»,- նշում է Լիլիթ Փայտյանը։

Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ 

Ծրագրի գործընկերն է International Alert-ը։

Կիսվել :