Օդի աղտոտվածության խնդիրը և Հայաստանը
- June 17, 2020
- Category: Ստուգված նյութեր
Պայքարելով սեփական իրավունքների պաշտպանության համար՝ մարդիկ ոտնահարում են ամենակարևոր օրգանիզմի՝ բնության իրավունքները։
Նախորդ տարվա դեկտեմբերին ամերիկյան «Նյու Յորք Թայմս» օրաթերթը հրապարակել էր մի հոդված, որտեղ PM2.5 կոչվող օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկների միջոցով ցույց էին տալիս 2019 թվականին օդի աղտոտվածության աստիճանն աշխարհի տարբեր քաղաքներում (ըստ Միացյալ Նահանգների Բնապահպանական գործակալության՝ նորմալ է համարվում այն օդը, որում PM2.5-ի քանակությունը 24 ժամվա ընթացքում մեկ խորանարդ մետրում հասնում է 12 միկրոգրամի)։ Տվյալների համաձայն՝ 2019 թվականի նոյեմբերին Հնդկաստանի հյուսիսում, որտեղ գտնվում է նաև մայրաքաղաք Նոր Դելին, գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ հասնելով ավելի քան 900 µg/m3, ինչը գերազանցում է 500 µg/m3 (ըստ Միացյալ Նահանգների Բնապահպանական գործակալության՝ 500 µg/m3-ը օդի աղտոտվածության ամենավերջին՝ ծայրահեղ աստիճանն է)։
Նոր Դելիի հետ համեմատած Հայաստանն առավել բարենպաստ դիրքերում է․ արդյունքներն այսպիսին են Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում 153µg/m3 (շատ վնասակար), Գյումրիում 104µg/m3 (վնասակար), իսկ Վանաձորում 103µg/m3 (վնասակար)։
900µg/m3-ի հետ համեմատած 153µg/m3-ը ցածր ցուցանիշ է, իսկ եթե դիտարկենք մեկ այլ տեսանկյունից և համեմատենք 12µg/m3-ի հետ, որը և համարվում է նորմա, ապա Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում, օդի աղտոտվածությունը բարձր մակարդակի վրա է։
«Նյու Յորք Թայմս» օրաթերթի հրապարակած վերոնշյալ տվյալները ստուգելու նպատակով հարցում ուղարկեցինք ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն։
Նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանում փոշու PM2.5 ֆրակցիայի չափում չի կատարվում՝ համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով, իսկ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի չափումների համաձայն՝ Երևանում փոշու կոնցենտրացիան դիտվում է սահմանային թույլատրելի խտությանը (ՍԹԽ) մոտ։
Օդի աղտոտվածության հիմնական աղբյուրներ են համարվում անշարժ և շարժական միջոցները։ Անշարժ են համարվում արդյունաբերական ձեռնարկությունները, իսկ շարժական՝ ավտոտրանսպորտային միջոցները։
Շրջակա միջավայրի նախարարության 2018 թվականին արձանագրած տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածության 45% չափաբաժինն անշարժ աղբյուրներից է, իսկ 55%-ը՝ ավտոտրանսպորտային արտանետումներից։
Ինչպես փոխանցում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ վերջին 10 տարում նկատվում է արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների չափաբաժնի ավելացում և ավտոտրանսպորտային արտանետումների չափաբաժնի նվազում։
Ըստ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի չափումների՝ 2019 թվականի դեկտեմբերին մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի (SO2) միջին ամսական համակենտրոնացվածություն հիմնականում նկատվում է Ավան և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում, քանի որ այնտեղ են գտնվում Ավանի աղի կոմբինատը և Հայռուսկոգեներացիան։ Քարտեզի ներքևում կարմիրով պատկերված է նաև Էրեբունի վարչական շրջանը, որտեղ գտնվում են Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնը և Արմենիան մոլիբդեն ու տիտանիում փրոդաքշըն տնտեսվարողները։
Ի տարբերություն մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիայի՝ ազոտի երկօքսիդի (NO2) համակենտրոնացվածությունը գտնվում է նորմայի սահմանում։
COVID-19-ի ազդեցությունը օդի աղտոտվածության վրա. ինչպե՞ս են փոխվել տվյալները «Նյու Յորք Թայմս» օրաթերթի հրապարակումից 5 ամիս անց
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19), չնայած սպառնալով մարդկանց առողջությանը, փորձում է օգնել բնությանը՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը մի շարք վայրերում։
Ամերիկյան Սթենֆորդ համալսարանի գիտնականների վերլուծությունների համաձայն՝ Չինաստանի կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինային իրավիճակը փրկել է տասնյակ հազարավոր կյանքեր։ Դա պայմանավորված է նաև չաշխատող գործարաններով և տրանսպորտային միջոցների քիչ կիրառությամբ։
Շվեյցարական «IQAir» ընկերության տվյալների համաձայն` 2020 թվականի մայիսի 4-ին Նոր Դելիում PM2.5 օդն աղտոտող միկրոսկոպիկ մասնիկների թիվը 900µg/m3-ից նվազել է՝ հասելով 30µg/m3-ի։
Քարտեզը՝ «IQAir» ընկերության
ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության աղտոտվածության վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող արբանյակները հայտնաբերել են, որ Չինաստանում ազոտի երկօքսիդի (NO2) զգալի անկում է նկատվում։
Լուսանկարը՝ Ջոշուա Սթիվենսի
Առաջին նկարում պատկերված է Չինաստանը, հունվարի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդ նկարում՝ փետրվարի 10-ից 25-ը։ Չնայած ակնհայտ տարբերությանը՝ հետազոտողները փաստում են, որ սա դեռ չի նշանակում, որ երկրում օդն այլևս վնասակար չէ։
Նույնօրինակ արդյունքներ են գրանցվել նաև Իտալիայում, որտեղ նկատվում է ազոտի երկօքսիդի (NO2) համակենտրոնացվածության նվազում։ Փոփոխությունն ակնհայտ երևում է հյուսիսային Իտալիայի Պո հովտում։
Լուսանկարը՝ https://energyandcleanair.org/
Կառույցը հիմնական դիտարկումներն արել է անցած ամիս՝ մարտին կորոնավիրուսային հիվանդությունների էպիկենտրոններ հանդիսացող Չինաստանի և Իտալիայի վերաբերյալ։ Այս պահին, սակայն, օդի աղտոտվածության վերաբերյալ նոր տեղեկատվություն դեռևս չեն հրապարկվել։
Հեղինակ՝ Անի Սուքիասյան
Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: