Ստուգված նյութեր

Որքան գումար են հատկացրել մարզպետարանները տարեվերջյան պարգևատրումների համար

Պետական մարմիններում պարգևատրումների համար հատկացվող գումարները շարունակում են խնդրահարույց մնալ։ Հեղափոխությունից հետո էլ պետական պաշտոնյաները միլիոնավոր դրամներ են ծախսում՝ իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրելու համար։

2019-ին հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց մարզպետարաններում 2018-ին տրված պարգևավճարների հարցը։ Որոշ մարզպետեր իրենց և իրենց աշխատակիցներին որպես պարգևավճար էին հատկացրել մեծ գումարներ՝ հաճախ խախտելով օրենքը։ Նախորդ տարվա պարգևավճարների աղմուկի կենտրոնում էին հատկապես մի քանի՝ Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարանները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, օրինակ, ինքն իրեն պարգևատրել էր աշխատավարձի 104,5 տոկոսի չափով։

Ի տարբերություն 2018-ին տրված պարգևավճարների մասին հանրայնացված տվյալների՝ մարզպետարանները նախընտրել են գաղտնի պահել 2019-ին պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների չափը։ Ընդհանրապես, պարգևատրումների թեման գերազանցապես արդիական է դառնում ամանորի նախաշեմին, այլ կերպ ասած՝ պետական կառույցները նոր տարվան ընդառաջ պարգևատրում են իրենց, իրենց աշխատակիցներին հավելավճարների կամ 13-րդ աշխատավարձի տեսքով:

Ինչևէ, 2019-ի դեկտեմբերին, կրկին, հանրապետության մարզպետարաններում պարգևավճարներ են տրվել։

Կարևոր է ընդգծել, որ այս անգամ արդեն պետական մարմինները որոշակի «գաղտնիություն» են մտցրել պարգևատրումների գործընթացում։ Եթե նախորդ տարի լրագրողների ու քաղաքացիների հարցումները, թե որ պաշտոնյան որքան պարգևավճար է ստացել՝ գաղտնիք չէր համարվում, ապա այս անգամ պետական մարմինները հրաժարվում են տրամադրել վերոնշյալ տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե տվյալները գաղտնի են։

 

Ինչ է սահմանում օրենքը

Պետական պաշտոններ ստանձնող անձանց աշխատավարձերի չափը և պարգևավճարների տրամադրման կարգը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Պարգևատրումների և հավելյալ վճարների ֆոնդն օրենքը սահմանում է հետևյալ կերպ․

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը»:

 

Տարեվերջին մարզպետարաններում տրված պարգևատրումները

Տարեվերջյան պարգևավճարների թեմայի շուրջ հանրային աղմուկը չի շրջանցում նաև մարզպետարանները։ Այս թեմայով հարցումներին պատասխանել են բոլոր մարզպետարաններից, միայն Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմն է հրաժարվել տրամադրել պարգևավճարների համար հատկացված գումարի մասին տեղեկություն, նշելով, որ այդկերպ հնարավոր կլինի նույնականացնել, թե մարզպետարանի որ աշխատակիցը որքան պարգևավճար է ստացել։

Լոռու մարզպետարանը տարեվերջյան պարգևատրումների համար մարզպետարանի 132 աշխատակիցներին հատկացրել է 16 միլիոն 954 հազար դրամ։ Մարզի բյուջեով տարվա կտրվածքով պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների համար հատկացվել էր 93 միլիոն դրամ։ Չորրորդ եռամսյակի համար այս կետով նախատեսված է եղել 31 միլիոն դրամ։

Այսինքն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ևս 15 միլիոն դրամի հատկացում է եղել մարզպետարանի աշխատակիցների պարգևատրումների համար։ Մարզի աշխատավարձային ընդհանուր ֆոնդը կազմել է շուրջ 590 միլիոն դրամ։

24 միլիոն դրամ պարգևատրում է հատկացրել Կոտայքի մարզպետարանը, սակայն թե քանի աշխատակցի՝ տրամադրած պատասխանում մարզպետարանից չեն հայտնել։ Մարզպետարանի աշխատավարձային ֆոնդը 432 միլիոն դրամ է, իսկ պարգևատրումների համար հատկացվել էր շուրջ 88 միլիոն դրամ։

Սյունիքի մարզպետարանից մեզ են տրամադրել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տրված պարգևավճարները և նշել, որ դրանք տրվել են խնայված ֆոնդից, չափը՝ շուրջ 47 միլիոն դրամ։ Մարզպետարանից հայտնում են նաև, որ Սյունիքի մարզպետը խնայված ֆոնդից պարգևատրում չի ստացել։ 2019 թվականի բյուջեով Սյունիքի մարզպետարանին հատկացվել էր շուրջ 640 միլիոն դրամ։

Արարատի մարզպետարանը մոտ 14 միլիոն դրամ էր հատկացրել բոլոր աշխատակիցների տարեվերջյան պարգևատրումներին։

Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին 2019-ի տարեվերջին հատկացվել է 15 միլիոն դրամ ընդհանուր չափով պարգևատրում։

Շիրակի մարզի աշխատավարձային ֆոնդը 499 միլիոն դրամ է, պարգևատրումների համար հատկացված գումարը՝ շուրջ 100 միլիոն դրամ։ Միայն տարեվերջին մարզպետարանն իր 149 աշխատակիցների պարգևատրման համար տրամադրել է մոտ 28,3 միլիոն դրամ կամ պարգևատրումների ֆոնդի շուրջ 28 տոկոսը։

Արմավիրի մարզպետարանից, ի պատասխան հարցման տեղեկացում են, որ 2019 ընթացքում մարզպետարանների աշխատակիցներին պարգևավճարներ տրվել են յուրաքանչյուր ամիս՝  աշխատակիցների աշխատավարձի միջինը 30 տոկոսի չափով։ 12 ամիսների համար այս գումարը կազմել է շուրջ 86 միլիոն դրամ։

Իսկ թե մարզպետերը որքան պարգևավճար են ստացել 2019-ի ընթացքում, պարզ կլինի նրանց ներկայացրած տարեկան հայտարարագրերի ուսումնասիրությունից։

Անի Ավետիսյան

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղիանակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend