Փաստերի ստուգման ուղեցույցի շնորհանդես ԵՊԼՀ-ում
- April 23, 2019
- Category: Նորություններ, Փաստերի ռադարի նորություններ
Ապրիլի 23-ին Երեվանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) կազմակերպեց հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց ՀԼԱ-ի կողմից հրապարակած «Փաստերի ստուգման ուղեցույցը»։
Հանդիպումը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի Լրագրության գիտաուսումնական կենտրոնում։
Միջոցառմանը ներկա էին տեղեկատվական անվտանգության փորձագետ, Փաստերի ստուգման» ուղեցույցի հեղինակ Սամվել Մարտիրոսյանը, Washington Post-ի տարածաշրջանային փորձնակ, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի փորձագետ Հարություն Ծատրյանը, «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի ղեկավար Գայանե Միրզոյանը։
Ձեռնարկի հեղինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները։ Մասնավորապես, գործիքները վերաբերվում են խորացված որոնմանը, լուսանկարների և տեսագրությունների վերաբերյալ տեղեկատվության, սոցցանցերում տեղադրված տեղեկության աղբյուրների ճշգրտման, տեղայնքի ուսումնասիրման և այլ ոլորտներին։
Ձեռնարկը օգտակար կլինի ինչպես սկսնակ լրագրողների և ուսանողների համար, այնպես էլ գործող մասնագետների և առհասարակ առցանց տեղեկությունների յուրաքանչյուր սպառողի համար։
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust) ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։