«Դասարան մտնելիս պատերազմը թողնում ենք դրսում»
- November 17, 2020
- Category: Նորություններ
Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Սոֆի Թովմասյան
Առավոտյան ժամը 11-ն է։ Երևանյան կացարաններից մեկում՝ «մեծերի դասարանում», քաղաքագիտության դաս է։
Աշակերտները սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ուղղությամբ սկսված լայնամասշտաբ պատերազմի պատճառով հարկադրված իրենց տները լքած ընտանիքի զավակներն են։
12-17 տարեկան երեխաներն ու դեռահասները մարդու իրավունքների կրթության փորձագետ Գոհարիկ Տիգրանյանի հետ ուսումնասիրում են Հին Հունաստանը։
Գոհարիկը շաբաթվա մեջ երկու անգամ կամավոր ուսուցչություն է անում «Impuct Hub» ՀԿ-ի կողմից կազմակերպված ուսումնական նախաձեռնության շրջանակներում։
«Անկախ ամեն ինչից, երեխաներն ուզում են սովորել։ Մեկ ամիս շարունակ դաս չանելն, իհարկե, ազդել է երեխաների կենտրոնացման կարողության վրա, դրա համար շատ կարևոր է, որ դասերն ինտերակտիվ լինեն, որ երեխաները հետազոտելու ու նոր բան սովորելու հնարավորություն ունենան»։
Գոհարիկն ասում է՝ թեև պատերազմի պատճառով երեխաները «հետ են վարժվել» դաս անելուց, բայց միասին ամեն բան հաղթահարելու են։
«Պատերազմի մասին դեռ չենք խոսել, միայն անցած դասին երբ հարցրի՝ ինչպես են իրենց զգում, մի տղա ասաց, որ ամեն ինչ վատ է։ Պատերազմը մեզնից յուրաքանչյուրի վրա այս կամ այն կերպ ազդել է, բայց ես փորձում եմ պատերազմը թողնել դրսում ու դասարան մտնել աշխարհից կտրվելու ու մի նոր բան սովորելու փիլիսոփայությամբ ու նպատակով»,- նշում է Գոհարիկը։
Դասի ավարտից հետո, միջանցքում Գոհարիկը հանդիպում է Շուշանիկ Փափազյանին, ու ինչպես բոլոր սովորական դպրոցներում, նրանք քննարկում են աշակերտների կատարած առաջադրանքներն ու իրենց հետագա անելիքները։
Շուշանիկը մասնագիտությամբ լրագրող է, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի։ Մի քանի օրում երեխաների կողմից սիրվել ու դարձել է «ընկեր Շուշանիկ», մինչդեռ ի սկզբանե կացարան էր եկել բոլորովին այլ առաքելությամբ։
«Ես այստեղ եմ հոկտեմբերի 2-ից, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում դասընթաց եմ անցել ու եկել՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու։ Մասնագիտությունիցս հեռու բան էր, բայց իրենք մեր կարիքն ունեն, իմ ու ընկերուհուս այստեղ գալուց ի վեր շատերը բավականին սթրեսակայուն վիճակի են եկել»։
Արդեն 3 շաբաթ գործող դպրոցում 2 դասարան կա՝ «փոքրերի» ու «մեծերի», Շուշանիկը մեծերին է դասավանդում։
«6-11 տարեկանները նկարչության, երաժշտության ու հայոց լեզվի դասեր ունեն, ես մեծերին անգլերեն ու հայոց լեզու եմ սովորեցնում, բայց ամենից շատ սիրում եմ կիրակիները»։
Կիրակիները ընթերցանության օրեր են։ Առաջին գիրքը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ն է եղել, երեխաներին հանձնարարվել է շարադրություն գրել՝ իրենց մոլորակի ու դրանում եղած վախերի մասին։
«Առաջին օրերին վախենում էի, հարցնում էի հո՞ չեք ձանձրանում: Ասացին չէ, լավ եք կարդում, Ձեր ձայնը լավն է։ Դե իսկ հետո հանձնարարեցի շարադրություն գրել ու խնդրեցի, որ գրելիս իրենց ու ինձ հետ անկեղծ լինեն»,- ասում է Շուշանիկը։
Շուշանիկը 23 տետր հերթով թերթում, ժպտում ու ասում է՝ ինչքան էլ հոգնած ու սպառված լինի, երեխաների տողերն օգնում են ուժ հավաքել ու շարունակել աշխատանքը․ դեռ շատ գործ կա անելու։
«Փոքրիկ իշխանին խորհուրդ կտամ իր վարդին երբեք ուրիշների վարդերի հետ չհամեմատել»,- գրել է բերդաշենցի 12-ամյա Տիգրանը։
Խոսելու հետ սեր չունի, նկարվել էլ չի սիրում, դեմքն ամեն կերպ թաքցնում է տեսախցիկից, կարևորը՝ ընկեր Շուշանիկի հանձնարարած շարադրությունները գրում է։
Աշակերտուհիներից մեկն էլ իշխանին խորհուրդ է տվել շատ ուտել, մի քիչ քաշ հավաքել, որ ուշագնաց չլինի։
Մեխակավանցի 11-ամյա Միրան ասում է՝ ամենամոտ ընկերուհու անունը Շուշան է, այս օրերին նրա հետ հաճախ է հեռախոսազրույցներ ունենում ու ընկեր Շուշանի մասին պատմում։ Միրան ամենից շատ տատիկի նվիրած ու իրենից միայն մեկ տարով փոքր տիկնիկն է կարոտել, որ թողել է տանը՝ Մեխակավանում (Ջաբրայիլ)։
12-ամյա Ալլան էլ Շուշիից է, ամենից շատ տունն է կարոտել։
Հաջորդ կիրակի աշակերտները Սարոյանի «Հայրի՛կ, դու խենթ ես» գիրքն են կարդալու, գրելու են իրենց հայրերի ու ամենաթանկ հիշողությունների մասին։
Աշակերտներից մեկն արդեն իսկ հասցրել է գրել հոր մասին․ «Իմ հայրը իմ հերոսն է, ես նրան շատ-շատ եմ սիրում և հավատում եմ, որ նա ետ է գալու ու գրկելու է ինձ․․․»։
Մերի Գրիգորյանը հոգեբան է։ Հոկտեմբերի առաջին օրերից փորձում է բոլորին դուրս բերել լարված վիճակից, թեև ասում է՝ տխուր, չշփվող, անգամ ագրեսիվ լինելը նորմալ է։
Մերին դարակից հանում է խնամքով պահված նվերները, որ աշակերտներն են տվել, ասում է՝ մեծ մասն արդեն իսկ տանն է, սրանք էլ շուտով կտանի։
Խաղեր, տիկնիկներ, նկարներ, սիրո խոստովանություններ՝ ամբողջը Մերիի ու Շուշանիկի դարակում։
Մերին ցույց է տալիս աշակերտներից մեկի նկարը, ամբողջությամբ՝ սև, մինչդեռ գունավոր մատիտների մի ամբողջ տուփ էր տվել նրան։ Ասում է՝ սա էլ նորմալ է, զրուցում են, փորձում հաղթահարել դժվարությունները։
«Առաջին օրերին շատ դժվար էր, մթնոլորտը չափազանց ծանր էր, հիմա բոլորն առավել շփվող են դարձել։ Եթե անհանգստացնող բան կա, գալիս են ու պատմում մեզ»։
Կամավորները կացարանում են շաբաթը 7 օր, առավոտից մինչ ուշ երեկո։ Իրենք աշակերտների մասին են հոգ տանում, աշակերտներն՝ իրենց։
«Hidden Road Initiative» ՀԿ-ի ղեկավար Նանոր Բալաբանյանին է վստահվել «Impact Hub» ՀԿ-ի ուսումնական նախաձեռնության ղեկավարումը։ Նա սահմանամերձ գյուղերում աշխատելու երկար տարիների փորձ ունի։
Լիբանանից Հայաստան մտական բնակության է տեղափոխվել սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ։
«Չեմ պատկերացրել, որ պատերազմ կլինի, բայց ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ ու կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել»,- ասում է Նանորը։
Ասում է՝ անգամ պատերազմական իրավիճակում երեխաները պիտի կրթություն ստանան։ Անելու են ամեն բան, մինչև որ շուրջ 13 կացարաններում ապաստանած մարդիկ կարողանան բնականոն կյանքի վերադառնալ։