Նորություններ

Պատերազﬕ վավերագրողները (ֆրագﬔնտալ ապրում)

Հեղինակ՝ Նազիկ Արմենակյան
Տեքստերի խմբագիր` Անուշ Քոչարյան
Պատվիրատու՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Մեդիա աշխարհի մարդիկ հաճախ են կարդում, դիտում, լսում, գրում ու պատմում այլոց հետ կատարված դաժան պատմությունների մասին։ Եվ կարծես թե պետք է կոփված լինենք, մեր հուզական դաշտն ու հույզերն էլ՝ մարզված, «իմունիզացված»․․․ Բայց, գոնե ինձ մոտ այլևս այդպես չէ, այդպես չէ արցախյան վերջին պատերազմից հետո։ Ես հինգ տարեկան որդուս հետ մուլտֆիլմ դիտելիս եմ անգամ հուզվում, երբ ինչ-որ կուլմինացիոն, թեկուզև դրական էպիզոդներ են։

Համոզված եմ՝ իմ շատ ու շատ գործընկերներ պատերազմի հետևանքով վերապրած սթրեսներից հետո ինձ պես հուզական են դարձել, գուցե ժամանակավորապես կորցրել են նաև մասնագիտական իմունիտետը։

2021-ի մարտի 9-ն էր, հերթական ուշ գիշերը (պատերազմից սկսած օրերն ավելի են երկարել չքնելու հաշվին), երբ Ֆեյսբուքում տեսա Անուշ Քոչարյանի գրառումը՝ Նազիկ Արմենակյանի «Կարմիր Սև Սպիտակ»-ի մասին (չեմ վերապատմում, որ կարդաք)։ Դե Անուշն էնպես է գրում, որ դրդում է քլիք անել ու կարդալ։

Հենց այդ գիշեր կարդացի, ճանաչեցի էն չորս կանանց, ում այդքան զգույշ ու չվնասելու յուրահատուկ նրբանկատությամբ Նազիկը ներկայացնում է, այնպես, ինչպես ինքն է կարող։ Պատմում է իր հերոսների ողբերգությունների մասին պարզ, առանց ավելորդ ածականների։

Կարդացի ու լաց եղա։ Ոչ թե հուզվեցի, այլ լաց եղա։

«Կարմիր Սև Սպիտակ»-ը  կարդալուց հետո հասկացա, որ հենց Նազիկը պետք է պատմի մեր մի խումբ գործընկերների մասին, ովքեր անմիջականորեն անցել են պատերազմական գործողությունների միջով, լուսաբանել 2020-ի 44-օրյա Արցախյան պատերազմն ու դրա հետևանքները։

Լրագրողների կողմից իրենց կոլեգաների մասին պատմություններ պատմելն ու լրագրողական նյութեր պատրաստելը, որպես խմբագիր ու մեդիա նախագծերի հեղինակ, իմ նախընտրած ուղղություններից չէ։ Կարծում եմ, որ մեդիայի մարդիկ պետք է առաջին հերթին պատմեն այլ մարդկանց պրոբլեմների, ցավի, ձեռքբերումների, մի խոսքով` կյանքի մասին։

Շնորհակալ եմ, որ Նազիկը համաձայնեց ու ստեղծեց այս վավերագրությունը, որը, հույս ունեմ, ինչ-որ չափով կմեղմի այս նյութի կերպարների հիշողություններում մեխված պատերազմի սթրեսը․․․ Չէ՞ որ պատմելը կարող է սպեղանի լինել։

Սեդա Մուրադյան,
Հանրային լրագրության ակումբի նախագահ

Նյութի ամբողջական տարբերակը՝ այստեղ։

 

Այս նախագիծը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) աջակցությամբ: Դրա բովանդակությունն անպայմանորեն չի արտացոլում EED-ի պաշտոնական դիրքորոշումը: Սույն հրապարակման մեջ արտահայտված տեղեկատվության և տեսակետների պատասխանատվությունը լիովին կրում է հեղինակը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend