Ստուգված նյութեր

Փողը կա, դպրոցը կա. ո՞ւմ ենք սպասում

46 սեյսմակայուն դպրոցի փոխարեն կառուցվել է ընդամենը 3 դպրոց. քանիցս խախտվել են «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի ժամկետներն ու գործողությունները։

 

Նախապատմություն

Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր։ Այս ծրագիրը հաստատվել է դեռ հինգ տարի առաջ։ 2015-ին Հայաստանի համար սեյսմիկ ռիսկը պատմության մեջ հասել էր իր առավելագույն մակարդակին՝ պայմանավորված շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, կարևոր շինություններին հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, սեյսմիկ անվտանգության նոր փուլով և այլ գործոններով։

Հետամուտ լինելով այս խնդրի լուծմանը՝ 2015թ.-ին Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվեց «Սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի համաձայնագիր։

Կառավարությունը հաստատեց Հայաստանի պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագիրը։ Դրանից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրի ավարտը սահմանվեց 2020 թվականը։ Վարկային միջոցներով նախատեսվեց կառուցել կամ վերակառուցել Հայաստանում սեյսմավտանգ համարվող առավել խոցելի 46 դպրոց։

Այս տարի ծրագրի իրականացման վերջին՝ 5-րդ տարին է, հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով է նախատեսված գործողությունների պլանն ու իրականացվածը միմյանց համապատասխանում։

 

Ինչ էր նախատեսված մինչև 2020 թվականը

Ծրագրով նախատեսված առավելագույն սեյսմիկ խոցելիություն ունեցող 46 դպրոցների ցանկը ՀՀ կառավարությունը հաստատել է երկու փուլով. 2017 թ.-ի հուլիսի 13-ի թիվ 805-Ն որոշմամբ՝ հաստատելով 20 դպրոց և 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ի թիվ N 1438-Ն որոշմամբ՝ հաստատելով մյուս 26 դպրոցները։

46 դպրոցների կառուցման կամ ամրակառուցման համար հատկացվել է 107 միլիոն դոլար, որից 88.5 մլն դոլար վարկ է տրամադրել Ասիական զարգացման բանկը 2015թ. հոկտեմբերի 19-ին կնքված համաձայնագրով, իսկ մյուս 18.5 մլն դոլարը հատկացրել է ՀՀ կառավարությունը։

Ծրագրի նպատակն է ունենալ սեյսմակայուն դպրոցներ, որոնք կդիմակայեն առնվազն 9 բալ երկրաշարժին։ Նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն։

Համաձայնագրով նախատեսվել էր 2016 թ.-ին ուժեղացման (կառուցման) աշխատանքներն ավարտել 9 դպրոցներում (տե՛ս համաձայնագրի 15-րդ և 16-րդ էջերը)։ Մինչդեռ ծրագիրն իրականացնող մարմնից՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ 2016 թ.-ին սկսվել և ավարտվել են միայն յոթ դպրոցի աշխատանքներ, այն էլ ոչ թե շինարարական, այլ նախագծային։ Նշյալ դպրոցների ցանկը 2016 թ.-ին հաստատել էր ՀՀ փոխվարչապետը։ Դրանք հետագայում ներառվել են 2017 թ.-ի որոշման մեջ։
2016 թ.-ին տարեկան ճշտված պլանը եղել է 1,8 մլրդ դրամ, որից փաստացի վճարումները կազմել են 235,5 մլն դրամ։

Համաձայնագրով 2017 թ.-ի համար սահմանված թիվ չի եղել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հիմնադրամից հայտնեցին, որ 2017 թ.-ին նախագծային աշխատանքներ չեն իրականացվել։ Այդուհանդերձ, տարեկան ճշտված պլանը եղել է 2,18 մլրդ դրամ, որից փաստացի վճարումները կազմել են 2,16 մլրդ դրամ։

Ծրագրի գործողությունների պլանով՝ 2018 թ.-ին նախատեսվել է ավարտել 18 դպրոցների աշխատանքներ։

2018 թ.-ի օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները։ Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինարարական աշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին։

Ըստ հիմնադրամի տվյալների՝ 2018 թ.-ին սկսվել են ընդամենը հինգ դպրոցի ոչ թե շինարարական, այլ դեռևս նախագծային աշխատանքներ։ Դրանք են՝ Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 և Երևանի Մխիթար Հերացու անվան ավագ դպրոցները, Երևանի Հ. Կոջոյանի անվան հ. 15 կրթահամալիրի, Երևանի հ. 18, Երևանի Հ. Կարապենցի անվան հ. 6 դպրոցները։ Ընդ որում՝ ընդգծենք, որ 2019 թ.-ին վերոնշյալ և ոչ մի դպրոցի աշխատանք չի ավարտվել։

2018 թ.-ին տարեկան ճշտված պլանը եղել է 2,7 մլրդ դրամ, որից փաստացի վճարումները կազմել են 2 մլրդ դրամ։

Ծրագրի գործողությունների պլանով՝ 2019 թ.-ի համար ևս դպրոցների սահմանված թիվ չի եղել։

2019 թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցման ծրագրին, հայտարարել էր, որ 2019 թ.-ին կսկսվի 31 դպրոցի վերանորոգում։

2019 թ.-ին, սակայն, սկսվել են՝ ոչ թե 31, այլ 21 դպրոցների աշխատանքները, այն էլ ոչ թե շինարարական, այլ դեռևս նախագծային։ Դրանք են՝
2019 թ.-ին տարեկան ճշտված պլանը եղել է 5,3 մլրդ դրամ, որից փաստացի վճարումները կազմել են 3,5 մլրդ դրամ։

2020 թ.-ին, որը ծրագրի իրականացման վերջին տարին է, սեյսմավտանգ համարվող 46 դպրոցներ պետք է կառուցված կամ ուժեղացված լինեին։ Այսինքն՝ ըստ ծրագրի նախնական, չփոփոխված տարբերակի իրականացման՝ այս պահին՝ 2020 թ.-ի մայիս-հունիս ամիսներին, առնվազն պետք է ունենայինք վարկային ծրագրով ուժեղացված կամ վերակառուցված 36 դպրոց։

 

Ծրագրի իրագործման ժամկետներն ու գործողությունները խախտված են

Ծրագրի 5-րդ տարին է, սակայն 46 դպրոցի փոխարեն ավարտվել են ընդամենը երեք՝ Վանաձորի հ. 7, Երևանի հ. 153 և Նոր Խարբերդի հ. 2 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացնող մարմնից՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, հայտնեցին, որ ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ տարբեր բնույթի աշխատանքներ տարվում են 34 դպրոցներում։

Շինարարության փուլում են գտնվում Երևանի հ. 135, Կապանի հ. 7, Գավառի հ. 2, Եղեգնաձորի հ. 1 դպրոցները։ Թվարկված դպրոցների նախագծային աշխատանքները սկսվել և ավարտվել են 2016 թ.-ին ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով։ Ցանկում ներառված է եղել նաև Ստեփանավանի հ. 3 դպրոցը, որի շինարարական աշխատանքները դադարեցվել են. նախագծային փոփոխություններ են արվում։ Շինաշխատանքներ տարվում են նաև Երևանի Մխիթար Հերացու անվան ավագ և Երևանի հ. 51 դպրոցներում։ Վերջինս միակ դպրոցն է, որը ոչ թե կառուցվում, այլ ամրացվում՝ վերակառուցվում է։ Վերջին երկու դպրոցների նախագծերը սկսվել են 2018 թ.-ին և ավարտվել 2019-ին։

8 դպրոցներ՝ Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հ. 111, Երևանի հ. 18, Պտղունքի, Գեղհովիտի հ. 2, Երևանի Ալ. Բլոկի անվան հ. 122, Օհանավանի, Հովտաշատի, Երևանի հ. 116 դպրոցները սպասում են իրենց նախագծերի տեղական կամ միջազգային փորձաքննությունների հաստատմանը։

Երևանի Հ. Կարապենցի անվան հ. 6 և Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան հ. 95 դպրոցների նախագծային աշխատանքներն ավարտվել են, և ներկայում իրականացվում է շինարարական ընկերության մրցութային գործընթաց:

Մասիսի հ. 3 և Երևանի հ. 68 դպրոցների հետ կապված՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» համակարգող Հայկ Գալստյանը նշում է, որ կան որոշ խնդիրներ, և իրենք այս պահին որևէ գործառույթ չեն կատարում մինչև կառավարությունը որոշում կայացնի։ Մնացյալ 12 դպրոցներում դեռ աշխատանքներ չեն տարվում։ Հայկ Գալստյանը կարծում է, որ կառավարությունը որոշման մեջ կատարվելիք առաջիկա 3-րդ փոփոխությամբ հնարավոր է՝ 12 դպրոցների հարցը վերանայի։

«Կան մի քանի դպրոցներ, որ հանձնաժողովը դեռ քննարկում է՝ արժե՞ արդյոք պահել ցանկում, թե՞ պետք է փոխարինել ուրիշներով։ Բոլոր դեպքերում որոշողը հանձնաժողովն է, և ընտրման մեթոդն էլ կատարյալ չէ, քանի որ կատարյալ լինելու համար պետք էր պատվիրել միջազգային մասնագիտական կազմակերպություններին, ինչը տարիներ կտևեր և յուրաքանչյուր դպրոցի համար կպահանջվեր շուրջ 4 մլն դրամ»,- ասաց նա։

 

«Փողը կա, դպրոցը կա. ո՞ւմ ենք սպասում». վարչապետը դեռ 2019 թ.-ին է կոչ արել արագացնել տեմպերը

Կառավարության 2019 թ.-ի փետրվարի 6-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագիծ, որի իրականացման արդյունքում սեյսմիկ անվտանգ դպրոցներ կունենանք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեցին, որ 6 դպրոց շինարարության ընթացքում է, նախագծվում է ևս 6-ը, պետք է սկսվի շինարարությունը, աստիճանաբար պետք է սկսվեն նաև մյուս դպրոցների նախագծային աշխատանքները և շինարարությունը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչու է դպրոցաշինության ծրագիրը դանդաղում.

«Այս ծրագրով 46 դպրոց վերանորոգման ենթակա է, բայց հիմա միայն վեցն են հիմնանորոգվում, ինչո՞ւ: Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչի՞ ենք էսպիսի տեմպով առաջ գնում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ տեմպն արագացնելու խնդիր կա, և դոնոր գործընկերների հետ պետք է ինտենսիվ աշխատել։

Վարչապետին տեղեկացրին, որ 88 մլն դոլարով ու կառավարության կողմից հատկացվելիք 20 մլն դոլար համաֆինանսավորմամբ այս բոլոր դպրոցների հիմնանորոգումը կավարտվի։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համաֆինանսավորման խնդիր են ունեցել. «18.5 մլն դոլար համաֆինանսավորման խնդիր կա կառավարության կողմից. նախորդ տարի՝ 2018 թ.-ին, տարվա առաջին մասում համաֆինանսավորումը դանդաղել էր, իսկ հիմա գոնե 6+6-ի չափամասում խնդիր չկա»։

Վարչապետը վերջում ավելացրեց. «Եթե համաֆինանսավորման խնդիր կա, ապա դա պիտի արագ լուծենք ու առաջ գնանք։ Արդեն քանի տարի է գումարը կա, եթե վարկային միջոցը վերցրել ենք՝ պիտի արագ օգտագործենք, որպեսզի մարդիկ էֆեկտը զգան»։

Ի պատասխան գրավոր հարցման՝ Տարածքային զարգացման հիմնադրամը հայտնում է շինարարության մեջ գտնվող 6, կառուցված 3 և աշխատանքները նախագծման փուլում գտնվող 1 դպրոցի պայմանագրերի արժեքները։ Մյուս դպրոցների համար այս պահին պայմանագրային արժեքներ սահմանված չեն։

Ծրագիրը երկարաձգվել է, սակայն արդյունքները շոշափելի չեն

2018 թ.-ի հունիսի 28-ին «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագիրը երկարաձգվել է 36 ամսով՝ վերջնաժամկետ սահմանելով 2024 թվականը։ Որպես երկարաձգման պատճառ՝ Տարածքային զարգացման հիմնադրամը նշում է կառավարության կողմից դպրոցների ցանկի ուշ հաստատումը՝ 2017թ. հուլիսին, այնինչ ծրագրով նախատեսված էր աշխատանքները սկսել 2016թ. սկզբից։ Հիմնավորման պատճառներից մեկն այն է, որ դպրոցների շինարարության մեկնարկից մինչև ավարտ տևում է առնվազն 3 տարի, ուստի անհրաժեշտություն կար ժամկետների երկարաձգման։

Արդեն նոր պայմանագրով նախատեսվում է ուժեղացված կամ վերակառուցված դպրոցների թիվը 2020թ.-ին ավելացնել 8-ով, 2021 թ.-ին այն հասցնել 16-ի, 2022 թ.-ին՝ 37-ի և 2023 ավարտել բոլոր 46 դպրոցների աշխատանքները։ Հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, որի պատճառով երկրում դադարեցվել էին շինարարական աշխատանքները, բացասաբար է ազդել ծրագրի տեմպերի վրա, դրանք դանդաղել են:

Ռիմա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի ծրագրի շրջանակներում: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության տեսակետների հետ: 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend