Նորություններ

#PowerUp-ն ամփոփեց 4-րդ՝ եզրափակիչ փուլը՝ նախագիծն ամբողջ Հայաստանում մեկնարկելու ակնկալիքով

Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունն օգնում են մեզ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարանջատել թացը չորից, վերլուծել բովանդակությունն ու չենթարկվել մանիպուլյացիաների։

Այս ամենն ավելի հեշտ է անել, երբ կողքիդ կանգնած են ոլորտի լավագույն մասնագետները և տարիքակից ընկերներդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Օգոստոսի 28-ից 29-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ #PowerUp-ի երկօրյա դասընթացի չորրորդ փուլը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և դավադրության տեսությունների թեմաներով։

Դասընթացին մասնակցեցին Շիրակի, Լոռու և Արմավիրի 15 երիտասարդենր և մարզային 3 համակարգողները։ Մասնակից երիտասարդներն արդեն իսկ նախորդ երեք փուլերին մասնակցած և իրենց համայնքներում փաստերի ստուգման նյութեր պատրաստած երիտասարդներն էին։

Դասընթացի փորձագետների հետ մասնակիցներն ուսումնասիրեցին մեր օրերի ամենաարդիական թեմաները՝ դավադրության մասին և դավադրապաշտական տեսությունները, դավադրությունները գրականության մեջ և հակագենդերային արշավներում, ապատեղեկատվությունն ընդդեմ տեղական ու միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների, մեդիայի կարգավորումը և պատասխանատվությունը։

Երկու օրերի ընթացքում PowerUp 4-ի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ԵՊՀ դասախոս, Լևոն Բաբաջանյանին, գրող, մեդիահետազոտող և թարգմանիչ, Վահրամ Մարտիրոսյանին, փաստերի ստուգման հարթակի խմբագիր, Վահե Ղուկասյանին, հետազոտող, Արփի Մաուսյանին, լրագրող և մեդի փորձագետ, Մեսրոպ Հարությունյանին, Ֆրիդմ հաուսի ծրագրի մասնագետ, Անդրանիկ Շիրինյանին։

Լևոն Բաբաջանյան, փիլիսոփայական գիտությունների թեկանծու, ԵՊՀ դասախոս։

Լևոն Բաբաջանյանը խոսում է դավադրապաշտական տեսությունների մասին՝ պատմելով Հայաստանում և աշխարհում հայտնի ու անհայտ դավադրապաշտական տեսությունների պատմությունները։ Թեմայի քննարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև թե ի՞նչ է դավադրության մասին տեսությունը և դավադրապաշտական տեսությունը, որո՞նք են տարբերությունները և թե ինչո՞ւ են մարդիկ հակված հավատալու դավադրապաշտական տեսություններին։

Վահրամ Մարտիրոսյան, գրող, մեդիահետազոտող, թարգմանիչ, Հանրային հեռարձակողների խորհրդի անդամ։

Սոցիալական և մշակութային ֆակտորները ապատեղեկատվության և դավադրապաշտական տեսությունների համատեքստում։ Այ թեմայի շուրջ երիտասարդների հետ իր փորձառությամբ կիսվեց Վահրամ Մարտիրոսյանը։ Թեմայի ուսումնասիրման ժամանակ քննարկվեց թե սոցիալական և մշակութային ինչպիսի՞ առանձնահատկություններ կան Հայաստանում, որոնք դավադրապաշտական տեսությունների ու ապատեղեկատվության առիթ են հանդիսանում, ինչպես նաև՝ դավադրապաշտական տեսությունների «գրական-գեղարվեստական» հիմքը՝ պատումի խայծը։

Վահե Ղուկասյան, Fip.am հարթակի խմբագիր։

Վահե Ղուկասյանը մասնակիցների հետ կիսվեց Փաստերի ստուգման հարթակի պատմությամբ և ներկայացրեց հարթակի փորձառությունը Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում։ Դասընթացի ժամանակ խոսվեց հետևյալ հարցերի վերաբերյալ․ ինչպե՞ս է ստեղծվել փաստերի ստուգման հարթակը, ո՞րն էր ստեղծման կարիքն ու անհրաժեշտությունը։ Ի՞նչ սկզբունքով է աշխատում փաստերի ստուգման հարթակը։ Որո՞նք են եղել վերջին մեկ տարվա ընթացքում ստուգված հիմնական փաստերը։

Արփի Մանուսյան, Սոցիոսկոպ ՀԿ նախագահ, հետազոտող։

Արփի Մաուսյանը երիտասարդներին պատմեց Սոցիոսկոպ ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքները և ներկայացրեծ թեման առավել լայ համատեքստում՝ բերելով տեղական օրինակներ։ Թեման հետևյալն էր՝ դավադրապաշտական տեսությունները և հակագենդերային արշավները Հայաստանում և կորոնավիրուսային համավարակի համատեքստում։ Անդրադարձ կատարվեց հետևյալ հարցերին՝ ինչպիսի՞ հակագենդերային արշավներ են կազմակերպվել Հայաստանում՝ վերջին տասնամյակում։ Ի՞նչ նպատակ են ունեցել հակագենդերային արշավները։ Ինչպե՞ս են հակագենդերային արշավները միահյուսվել դավադրապաշտական տեսություններով։

Մեսրոպ Հարությունյան, լրագրող, մեդիա փորձագետ, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարա-կագիտական համալսարանի դասախոս։

ԶԼՄ-երի պատասխանատվության իրավական եւ էթիկական համակարգերի մասին դասընթացը վարեց Մեսրոպ Հարությունյանը։ Դասընթացին փորձագետն անդրադարձավ հետևյալ հիմնական թեմաներին՝ խոսքի ազատությունը, եւ դրա իրավական սահմանափակումները։ Պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար։ էթիկայի նորմեր․ ատելության խոսք և անհանդուրժողականություն։ Ապատեղեկատվությունը զրպարտության համատեքստում։

Անդրանիկ Շիրինյան, Ֆրիդմ հաուսի ծրագրային մասնագետ։

Անդրանիկ Շիրինյանը մասնակիցներին ներկայացրեց ապատեղեկատվական արշավները տեղական ու միջազգային հասարակական ու մեդիա կառույցների, ակտիվիստների նկատմամբ և թե ինչպես են դրանք ազդում ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացման վրա։ Դասընթացին անդրադարձ եղավ հետևյալ հարցերին․ ո՞րն է Ֆրիդմ հաուսի դերն ու նշանակությունը Հայաստանում։ Ինչպե՞ս են միջազգային կառույցներն ու հատկապես Freedom House-ը ազդում քաղաքականությունների մշակման վրա։ Օրինակներ բերվեցին տեղական ու միջազգային կառույցների վերաբերյալ կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության տարածման վերաբերյալ։ Ի՞նչ հիմնական նպատակներ են հետապնդում նման մոտեցումները և ինչպե՞ս են ազդում ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացման վրա։  Ինչպե՞ս են ապատեղեկատվական արշավները զարգանում նախ- ու հետընտրական Հայաստանում։  Համեմատականներ այլ երկրների հետ ու վերաբերելի իրավական կարգավորումներ։

#PowerUp-ի երիտասարդները շարունակում են պատրաստել փաստերի ստուգման հոդվածներ իրենց համայնքներից, հետագայում, երիտասարդների կողմից պատրաստած փաստերի ստուգման նյութերին անդրադարձ կլինի #PowerUp նախագծի շրջանակներում արտադրվող «Ինֆոդեմիա» հաղորդումների շարքում։ Պատրաստելով փաստերի ստուգման նյութեր, երիտասարդները կստանան նաև հոնորարներ։

Իսկ #PowerUp-ն առաջ է գնում՝ ավարտին հասցնելով պիլոտային այս նախագիծը և այն ամբողջ Հայաստանում մեկնարկելու մեծ ակնկալիքով։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend