Ալիք Մեդիա և Հանրային լրագրության ակումբ (Հայաստան) քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համագործակցություն են սկսում WatchDog.MD համայնքի (Մոլդովա) և Եվրոպական միության անդամ պետությունների փորձագետների հետ տեղեկատվական դիմակայունության ոլորտում։ Ծրագրի շրջանակում ձևավորվելու է հարթակ, որի նպատակն է պայքարել տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ՝ հասարակության դիմակայունությանն ուղղված քաղաքացիական ցանցերի ձևավորման միջոցով։
Ծրագիրը կաջակցի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և ակադեմիական շրջանակները ներկայացնող անկախ փորձագետներին ավելի ակտիվ ներկայանալ ԶԼՄ-ներում և թվային հարթակներում։ Անկախ վերլուծական կարծիքները կնպաստեն ապատեղեկատվության դեմ պայքարին, ժողովրդավարության վերաբերյալ իրազեկվածությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին կօգնեն կայացնել տեղեկացված որոշումներ և ընտրություն։
Այս նպատակին հասնելու համար ծրագիրը նախաձեռնել է «Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ (StratCom Hub)»-ի ստեղծումը: Հարթակի միջոցով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները կնպաստեն հայկական տեղեկատվական միջավայրում հավաստի տեղեկատվության, ինչպես նաև որակյալ փորձագիտական կարծիքի և վերլուծության տարածմանը։
Ծրագիրը նաև աջակցություն կտրամադրի շահառու կազմակերպություններին և փորձագետներին հանրային հաղորդակցության և մամուլի հետ կապերը բարելավելու ուղղությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Հայաստանում հասարակության իրազեկվածության և դիմակայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում։
