Քաղհասարակությունը դատապարտում է երիտասարդների նկատմամբ ոստիկանական բռնությունը
- April 26, 2023
- Category: Հայտարարություններ
Սույն թվականի ապրիլի 23-ի գիշերը ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, առանց որևէ հիմնավորման կամ իրավական հիմքի, ներխուժել են «Պոլիգրաֆ» տեխնո ակումբի տարածք։ Ոստիկանության այս ապօրինի ներխուժմանը հաջորդել է ակումբում գտնվող երիտասարդների գազանաբարո ծեծը, ապա բոլորին պառկեցրել են գետնին և բռնի կերպով տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ ևս ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի, ինչպես նաև զննության համար մերկացվել են ոստիկանության բաժնում։
Նմանօրինակ վարքագիծն անընդունելի և դատապարտելի է, իսկ դրա անպատժելիությունը՝ վտանգավոր։ Ոստիկանների կողմից մարդու իրավունքների այսկերպ ոտնահարումը համարժեք քննության չառնելու և իրավախախտ ոստիկաններին պատասխանատվության չենթարկելու պարագայում կարող ենք ականատես լինել շարունակական ապօրինությունների տարբեր ժամանցի և այլ հասարակական վայրերում։ Այս դեպքը հարձակում է մարդու իրավունքների, հատկապես՝ ազատության, արժանապատվության, ինքնարտահայտման, ապրելակերպի, տարբերվող մշակույթի և երիտասարդության ու ՀՀ քաղաքացիների վրա ընդհանրապես։
«Պոլիգրաֆ»-ը երիտասարդական ստեղծագործ ազատ համայնքի տարածք է, որը կարճ ժամանակում հաջողությամբ կամրջեց հասարակության ամենատարբեր շերտերը ներկայացնող անհատներին և խմբերին՝ մեր երկրում ստեղծելով միասնականության և համերաշխության նոր մշակույթ։ Այժմ այս ստեղծագործական երիտասարդական վայրը՝ ինքնաարտահայտման, բազմազանության և ներառականության տարածքը, փակման վտանգի տակ է։ Մենք մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում «Պոլիգրաֆ»-ին և մեր երկրում մշակութային բազմազանության պաշտպանությանը։
ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետամուտ լինել, որպեսզի իրականացվի մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն՝ թույլ չտալու համար ոստիկանական ամենաթողություն։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝
1. Իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել իրավախախտ ոստիկաններին,
2. Նախաձեռնել քրեական վարույթ և պատասխանատվության ենթարկել բերման ենթարկված անձանց նկատմամբ իրենց լիազորություններն անցնելով ֆիզիկական և հոգեկան ներգործություն դրսևորած ոստիկաններին։
ՀՀ ՄԻՊ-ին կոչ ենք անում հստակ գնահատական տալ կատարվածին, քանի որ ՄԻՊ-ի չեզոքությունը նմանօրինակ ապօրինությունների պարագայում որևէ կերպ չի կարող նպաստել ոստիկանական բռնության նվազեցմանը։
Կարող ենք արձանագրել, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ իրավապահ համակարգում արևմտյան գործընկերների աջակցությամբ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներն ի չիք են դառնում։
Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատներին, հետամուտ լինելու Հայաստանի իրավապահ համակարգում իրենց ուղղակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև արձագանքել ոստիկանության խտրական և հոմոֆոբ դրսևորումներին։
Նմանատիպ գործելաոճը հատուկ է ոչ թե ժողովրդավարության, իրավական և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ուղին որդեգրած պետությանը, այլ ավտորիտարիզմի և ոստիկանապետության ճանապարհով գնացող ռեպրեսիվ համակարգին։
Սույն հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար։