Նորություններ

«Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը»․ տեսադասընթաց՝ սոցիալական ձեռնարկատերերի համար

Հանրային լրագրության ակումբը, Սոցիալական ձեռներեցության օրվան ընդառաջ, որն այս տարի նշվում է նոյեմբերի 16-ին՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում, ներկայացնում է «Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը» ուղեցույցի հիման վրա մշակված տեսադասընթացը։

Ի՞նչը կարող է ավելի ոգեշնչող լինել բիզնեսում, եթե ոչ շրջապատի ու մարդկանց համար դրական փոփոխությունները։ Մեր օրերում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարն ավելի է կարեւորվում հատկապես արցախյան վերջին իրադարձությունների ֆոնին։ «Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը» ուղեցույցը եւ տեսադասընթացը նրանց համար է, ովքեր ցանկանում են առավելագույնի հասցնել դրական ազդեցությունը եւ դրան հասնելու ճանապարհին գործնական մոտեցման կարիք ունեն: Այն ոչ միայն արդեն կայացած, այլեւ ապագա ձեռնարկատերերի համար է, քանի որ ուղղված է բոլորին առնչվող կարեւոր հիմնահարցերի լուծմանը:

Ուղեցույցը եւ ինը դասախոսություններից բաղկացած տեսադասընթացը ստեղծվել է Եվրոպական միության աջակցությամբ։

«Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը» ուղեցույցը Էստոնական սոցիալական ձեռնարկությունների ցանցի, Քոչ համալսարանի Սոցիալական ազդեցության ֆորումի, Միկադո կայուն զարգացման խորհրդատվության եւ ՄԹ Սոցիալական արժեք կազմակերպության երկամյա համագործակցության արդյունքն է։ Այն թարգմանվել, տեղայնացվել եւ լրամշակվել է նոր բովանդակությամբ Հանրային լրագրության ակումբի կողմից։

Ուղեցույցը օգնում է սոցիալական ձեռներեցներին՝ ուսումնասիրելու եւ չափելու իրենց ձեռնարկությունների սոցիալական ազդեցությունը եւ հուշում է գործիքակազմ՝ սոցիալական ազդեցությունը բարելավելու համար:

Ուղեցույցի հիման վրա մշակված տեսադասախոսությունները ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ Նազարեթ Սեֆերյանը։

Տեսադասախոսությունների շարքը հասանելի է Հանրային լրագության ակումբի YouTube-յան ալիքում։

Ի դեպ, Հանրային լրագրության ակումբում առկա է «Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը» ուղեցույցի տպագիր մի քանի օրինակ։ Դրանք ձեռք բերելու համար կարող եք դիմել՝ զանգահարելով +37499 755 898 հեռախոսահամարով, կամ գրելով [email protected] էլ. հասցեին։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend