Դասընթացներ

Դասընթաց` «Փաստերի ստուգումը ընտրությունների շրջանում» թեմայով

Նոյեմբերի 10-11 Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է դասընթաց լրագրողների համար «Փաստերի ստուգումը ընտրությունների շրջանում»:

Դասընթացը վարել են «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) տարածաշրջանային խմբագիրներ Ջոդի Մաքֆիլիփսը (Jody McPhillips) և Դեյվ Բլոսը (Dave Bloss), մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Hetq Online-ի փաստերի ստուգման մեջ մասնագիտացված լրագրող Հրանտ Գալստյանը:

Դասընթացին մասնակցեցին Մեդիամաքս, Արմենպրես, Առավոտ, Ամփոփ Մեդիա, Infographics.am, politica.am և Հայաստանի այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անկախ լրագրողներ:

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին Հայաստանում նախընտրական շրջանում առցանց տարածվող տեղեկատվության ստուգման հիմնական դժվարությունները, OCCRP-ի և Hetq Online խմբագրություններում փաստերի ստուգման ստանդարտները, ինչպես նաև Վրաստանում փաստերի ստուգման համակարգի ներդրման փորձը:

Դասընթացի մասնակիցները փորձագետների հետ վերլուծեցին հայաստանյան մեդիայում հրապարկվող նյութերը և քննարկեցին խմբագրություններում փաստերի ստուգման համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու հնարավորությունները:

«Չնայած մեր ու արտասահմանյան լրատվական դաշտի տարբերությունների, փորձում էինք նմանություններ ու զուգահեռներ գտնել ու հասկանալ, եթե իրենց մոտ այդ փաստերի ստուգման մեթոդը աշխատել է, ապա մեզ մոտ ինչ առանձնահատկություններ կունենա դա», – նշեց դասընթացի մասնակից, Մեդիամաքս գործակալության թղթակից Գայանե Ենոքյանը:

«Փաստերի ստուգման թեման պետք է Հայաստանում ավելի ու ավելի արծածել: Այսօր հայկական լրատվական դաշտում, որտեղ խառնվել են բազմաթիվ լրատվական կոչված ռեսուրսներ, երբ խառնվել է պրոֆեսիոնալ լրագրությունը վստահության տարբեր աստիճանի աղբյուրներ, փաստերի ստուգումը պետք է դառնա հիմնաքար», – կարծում է սեմինարի մասնակից, տվյալների վիզուալիզացիայի մասնագետ և Infographics.am-ի հիմնադիր Սեդրակ Մկրտչյանը:

Դասընթացը կազմակերպվել է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust) ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend