
Հանրային լրագրության ակումբը հանդիպեց պատանի լրագրողների հետ
- February 25, 2017
- Category: Նորություններ
Նոյեմբերի 16-ին Հանրային լրագրության ակումբի թիմը հանդիպում ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների հետ:
Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց խաղաֆիկացված «Mynews.am» քաղաքացիական թղթակցության նախագիծը:
«Ինչի՞ համար են մարդիկ խաղեր խաղում», կամ «ի՞նչ կարելի է ստանալ խաղերից» ՀԼԱ-ի ղեկավար Սեդա Մուրադյանի հարցադրումներին լսարանն արձագանքեց, որ խաղը միայն զվարճանալու միջոց չէ և դրա միջոցով կարելի է զարգացնել տրամաբանությունը, անհետաքրքիր կամ ձանձրալի գործընթացները դարձնել գրավիչ:
Աշակերտների հետաքրքրությունն ավելի աճեց, երբ նրանք լսեցին, որ խաղի միջոցով կարելի է հանրօգուտ գործունեություն ծավալել: Լսարանում ծիծաղ, զարմանք եւ մեծ հետաքրքրություն առաջացրեց Սեդա Մուրադյանի բերած օրինակն այն մասին, որ ԱՄՆ-ում խաղի միջոցով փորձում են էլեկտրաէներգիա խնայել:
Դպրոցն ունի իր էլեկտրոնային կայքը, որտեղ դպրոցի լրագրողները պարբերաբար նորություններ են տեղադրում: Հանդիպումից անմիջապես հետո էլ կրթահամալիրի լրագրողների «օպերատիվ շտաբը» իրենց կայքում տեղադրեց հանդիպման մանրամասները:
Կրթահամալիրում սովորող և լրագրության ոլորտում իրենց առաջին քայլերն անող փոքրիկներին ու պատանիներին ներկայացվեց ՀԼԱ հանրային թղթակցության դասընթաց ճամբարի ծրագիրը, որը նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 3-7-ը: