Նորություններ

«Աշխատելու ենք այնքան, քանի դեռ պատերազմը չի ավարտվել»

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ 
Սոֆի Թովմասյան

«Պոչտայի շենքի աջ կողմի աստիճաններով ուղիղ մինչև վերջ բարձրացե՛ք ու ձախ․․․»․ ինձ ու մի անծանոթ կնոջ «Արեգնազան» կրթահամալիրի հասցեն է բացատրում աշխատակցուհիներից մեկը։

Երկուսս էլ շտապում ենք կրթահամալիր․ այնտեղ արդեն 6 օր է՝ բանակի համար քողարկող ցանցեր են հյուսում։ Ես գնում եմ՝ գործընթացին ծանոթանալու, նախաձեռնության մասնակիցների հետ զրուցելու, տիկին Քնարիկը, որի հետ ծանոթանում եմ ճանապարհին՝ ցանցեր գործելու:

Տիկին Քնարիկի որդին ու ևս մի քանի հարազատ այժմ Արցախում են՝ մասնակցում են մարտական գործողություններին։ Ինքն արձակուրդում է, ասում է՝ քանի ազատ եմ, ասացի գամ, մի բանով օգուտ տամ։ Այդպես պատմում ու գրեթե հևիհև, կտորներով լի տոպրակն էլ՝ ձեռքին վերև է շտապում նա։ Հասնում ենք, արագորեն ներս է մտնում ու կորում տեսադաշտիցս։

Ներսում աժիոտաժ է, ամեն մեկն իր գործն ունի, նոր եկողներին էլ խմբերից մեկում են ներգրավում, իրար օգնելով, բացատրելով կտորները կտրում, դասավորում ու ցանցերը հյուսում են։

«Ի սկզբանե սնունդ ու տարբեր իրեր էինք հավաքում, փաթեթավորում, ուղարկում Արցախ, հետո մեր այդ գործունեության մասին Մոսկվայում ապրող հայազգի իրավաբան Դավիթ Աղաջանյանն իմացավ ու առաջարկեց խումբ հավաքել ու բանակի համար քողարկող ցանցեր հյուսել»,- ասում է կրթահամալիրի ուսուցչուհի Քրիստինա Բալայանը։

Առաջարկն ընդունել են ու միանգամից անցել գործի։ Արդեն իսկ 12 ցանց գործել են։ Քրիստինան ասում է՝ աշխատելու են այնքան, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։

Կամավորներից Լարա Արզումանյանն ասում է՝  Ֆեյսբուքում հայտարարությունը տեսել է ու շտապել կրթահամալիր։ Որոշել է՝ գալու է ամեն օր։

«Իմն ու քոնը չկա, բոլորն էլ մեր երեխաներն են, իրենց համար ենք անում»,- ասաց նա։

Կարինե Արմինյանն էլ պատմեց, որ սկզբում տանը գուլպաներ է կարել, հետո հասկացել է՝ մեն-մենակ գործն առաջ չի գնում, այդպես միացել է այս նախաձեռնությանը։

Հրաչուհին էլ եկել է 10, 7 ու 3-ամյա երեխաների հետ։ Ավագ դուստրն ու որդին ակտիվորեն օգնում են, 3-ամյա խարտյաշ աղջնակը ախորժակով խնձոր է ուտում ու ուշադիր հետևում մայրիկի ամեն քայլին։

Կանանց այս մեծ խմբի մեջ հանդիպեցի նաև Արային։ Նա նկարիչ է, բացի կտավները վաճառքի դնելուց, նաև նման ձևով է ուզում օգնել, լուռ նստած, խնամքով ցանցի հերթական շարքն է հյուսում։

Կամավորներն ասում են՝ ճիշտ հյուսելը շատ կարևոր է, այլապես ցանցը ոչ թե օգուտ, այլ՝ վնաս կտա՝ էլ ավելի տեսանելի դարձնելով տարածքը։ Դրա համար է նաև, որ կտորները մինչ ցանցին հայտնվելը նախ տեսակավորվում են ըստ գույնի, ձևի, հետո էլ խիտ-խիտ հայտնվում իրար կողքի․․․

«Խնդրում ենք դուռն անպայման ծածկել»․ մուտքի լայն բացված դռան վրա է գրված։ Մոտ մեկ ժամ ներսում անցկացնելուց հետո հասկանում եմ՝ դուռն այդպես էլ չի ստացվելու փակ պահել, կամավորները գալիս ու գալիս են, թվում է՝ վերջ չկա։ Վեց օր առաջ սկսված նախաձեռնությանը շատերն են ուզում միանալ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend