Հայտարարություն ՄԱԿ ԱԽ և ԵԱՀԿ դիմելու մասին
- July 29, 2021
- Category: Հայտարարություններ
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության ջանքերին։
2020թ․ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան ՀՀ հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Այսպես․ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան, իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։
Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ։ Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, միջազգային իրավական նորմերի բացահայտ ոտնահարմամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Կրակոցներն ինտենսիվ են եղել, արձակվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ադրբեջանական հարձակման արդյունքում սկսված մարտի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի 3 զինծառայողներ, ևս 5-ը վիրավորվել են:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ անվտանգության մարտահրավերները, համարում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։
- Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
- Հանրային լրագրության ակումբ