Վեբինար. «Առաջ մղելով մեդիագրագիտությունը. ԱՄՆ-ի փորձի փոխանակում»
- January 19, 2021
- Category: Հայտարարություններ
Հունվարի 29-ին, ժամը՝ 16:00-ին, Հանրային լրագրության ակումբը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Առաջ մղելով մեդիագրագիտությունը. ԱՄՆ-ի փորձի փոխանակում» թեմայով վեբինարին, որը կվարի Ամերիկացի մեդիափորձագետ Շերրի Քուլվերը:
Ուշադրություն. Վեբինարը նախատեսված է քաղաքականություն մշակողների, մանկապարտեզների տնօրենների, մանկավարժների, կրթության և մեդիա փորձագետների համար։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունվարի 27-ը լրացնել մասնակցության հետևյալ հայտը։
Վեբինարի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։
Վեբինարը բացառիկ հնարավորություն է Ամերիկյան լավագույն փորձն ուսումնասիրելու համար։ Այս վեբինարի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել սույն ծրագրի շրջանակում իրականացվելիք հետագա վեբինարներին նույնպես։ Բոլոր վեբինարներին արդյունավետ ներգրավվածություն ցուցաբերած մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու գարնանը Երևանում նախատեսվող սեմինարին, որը կվարի ամերիկացի մեդիափորձագետ Շերրիի Քուլվերը։
Շերրի Քուլվերը ղեկավարում է ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնը: Շերրիի դասավանդման և խորհրդատվության հիմնական ուղղություններն են մեդիագրագիտությունն և մեդիա ինստիտուտները, մասնավորապես՝ երեխաների համար նախատեսված մեդիա բովանդակությունը:
Վեբինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել մեդիագրագիտության քաղաքականության մշակման և կիրառման ԱՄՆ-ի հաջողված փորձը, ինչպես նաև կծանոթանան մեդիագրագիտության ներկայիս մարտահրավերներին:
Վեբինարը տեղի կունենա Zoom հարթակում, որի ընթացքում կտրամադրվի հայերեն հաջորդական թարգմանություն:
Վեբինարը հեռարձակվելու է նաև Հանրային լրագրության ակումբի Facebook-յան էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ:
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նախադպրոցական կրթական հիմնական(4-6 տարիքային խումբ) ծրագրի և նախադպրոցական կրթական չափորոշիչների վերաբերյալ ուսումնասիրություն, ինչպես նաև պատրաստվելու են ուսուցողական նյութեր, թարգմանվելու և հրապարակվելու են հեքիաթի ձևաչափով գրքեր, որոնք երեխաների տարիքին համարժեք բովանդակությամբ ուսուցանում են թվային անվտանգություն և քննադատական մտածողություն։
Ծրագրի շրջանակներում անցկացվելու են վեբինարներ, որոնք վարելու են մեդիափորձագետներ Ամերիկայից և Ֆինլանդիայից: Վեբինարները նախատեսված են ոլորտի փորձագետների, ուսուցչական կազմի, մանկապարտեզների տնօրենների և ոլորտով հետաքրքրված բոլոր հետաքրքրված անձանց համար: Ինչպես նաև իրականացվելու է մեկ սեմինար՝ ԱՄՆ-ից փորձագետի մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակում իրականացված առաջին վեբինարի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ: